ԱԱ-2018. Առաջին կանգառը` Մոսկվա (Մաս 2)

15:42 13.06.2018

Ինչպես հայտնել էինք, «Armsport.am»-ի ֆոտոթղթակից Գևորգ Ղազարյանը մեկնել է ՌԴ՝ լուսաբանելու ԱԱ-2018-ի հանդիպումները:

Ներկայացնում ենք Գևորգի օրագրային երկրորդ նյութը Ռուսաստանի մայրաքաղաքից (առաջինը կարող եք տեսնել` այստեղ).

«2012 թվականին, երբ առաջին անգամ պլանավորեցի լուսաբանել Աշխարհի գալիք առաջնությունը Բրազիլիայում, ամեն ինչ առավել քան մշուշոտ էր թվում։

Մեկուկես տարի անց միայն լուծվեց ՖԻՖԱ-ում գրանցման գործընթացը, իսկ երբ գործը հասավ ֆինանսական հատվածին, պարզվեց, որ Հայաստանում էապես հետաքրքրված չեն Աշխարհի առաջնությունով ինչպես ամենուր։ 2014 թվականի Մունդիալը ստիպված էի բաց թողնել, այդ թվում և Վան Պերսիի փառահեղ գոլը։

Այդ գնդակը հիշողությանս մեջ տպավորվեց ոչ միայն իր գեղեցկությամբ, այլ մեկ ուրիշ պատճառով՝ ես հավատարմագրված էի ի թիվս այլոց նաև այդ խաղին ու ստացվում է, որ կարող էի անմահացնել Հոլանդիայի հավաքականի ավագի գոլը։

Իսպանիա-Նիդերլանդներ խաղը նայում էի տանը։ Գոլը տեսնելուն պես պարզապես դուրս եկա տնից ․․․ Ինքս ինձ համար վերահաստատեցի որոշումս՝ եթե ոչ այս անգամ, հաջորդ առաջնությունը բաց թողնել չկա, մանավանդ, որ Ռուսաստանում է։ Այդպես էլ եղավ՝ 6 տարի անց նպատակս իրագործվեց։

Լուսաբանելու եմ մարզական աշխարհի ամենակարևոր սպորտային իրադարձությունը՝ ՖԻՖԱ-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որը թերևս կլինի դասական իմաստով իր տեսակի վերջինը։ Սպասվում է, որ հետագայում մասնակիցների քանակը կավելա, իսկ հաջորդ աշխարհի առաջնությունը 2022 թվականին Քաթարում, ընդհանրապես, անցկացվելու է աշնան վերջ՝ ձմռանը։ Այնպես որ այս աշխարհի առաջնությունն իր բնույթով բացառիկ է։

Լրագրող-ֆոտոլրագրողների համար, հատկապես ֆուտբոլային աշխարհում այնպիսի փոքր երկրներից, ինչպիսին Հայաստանն է, շատ բարդ է աշխատել նման միջոցառումների ժամանակ։ Նախ ինքը՝ Հայաստանը, շատ հաճախ չի ընկալվում որպես սպորտային երկիր։ Մեծ հաշվով չեն հասկանում, թե ի՞նչու պետք է Հայաստանից ֆոտոլրագրող մեկնի միջոցառման անցկացման վայր։ Հենց այդ, Հայաստանի մասին համեստ ընկալումներով էլ պայմանավորված, շատ հաճախ Աշխարհի, Եվրոպայի առաջնությունները լուսաբանելու համար ՀՖՖ-ին տրամադրվում է երեք-չորս լրագրողական քվոտա։ Այստեղից էլ բոլոր մյուս խնդիրները։

Նա, ով գերմարդկային ջանքերի գնով կարողանա մեկ անգամ մեկնել դեպքի վայր ու վայելել մեծ մարզական իրադարձություն լուսաբանելու բերկրանքը, քիչ հավանական է, որ կարողանա դա անել ևս մեկ անգամ։ Իսկ առաջին անգամ միշտ այնպես չի ստացվում, ինչպես պլանավորում ես։ Բոլորը գիտեն՝ ինչպես և ուր, իսկ քեզ համար ամեն ինչ թվում է ահավոր բարդ ու խճողված։

Որքան էլ ժամանակակից տեխնոլոգիաները հեշտացնում են աշխատանքը, այդուհանդերձ, հավատացնում եմ, այն, ինչ մենք ունենք ձեռքի տակ, դրա ավելի լավ տարբերակը կա աշխարհի առաջատար լրատվականների աշխատողների ձեռքում ու եթե դու կողմնորոշվում ես, դա դեռ չի նշանակում, որ գործդ կատարյալ ես անում, ինչպես միջազգային մեդիայի ներկայացուցիչները։ Իհարկե, թերանում են նաև նրանք, սակայն դու աշխատում ես մենակ, իսկ նրանք խմբերով, դու անում ես երկու-երեք գործ միաժամանակ, նրանք անում են յուրաքանչյուրն իրենը և կարիք չունեն շեղվելու, դու տեխնիկադ հավաքել մանր ու մեծ կտորներով, փորձելով մեկը հարմարեցնել մյուսին, իսկ նրանց տեխնիկան նախագծված է հենց նման միջոցառումների համար։

Նման մասշտաբային ստուգատեսի դեպքում ոչ միայն փորձն է դառնում էական, այլ նաև այն ամենն, ինչ սովորում ես պորֆեսիոնալների կողքին պարզապես կանգնելով։ Ընդհանրապես, Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունը լուսաբանող լրագրողների թվով, ըստ էության, լինելու է ամենամեծը։ Ստացվում է, որ սովորելու ավելի մեծ հնարավորություններ է բացվում, միաժամանակ առիթ՝ ցույց տալու նաև սեփական հմտություններն ու ինչպես չէ նաև առավելությունները։

Շնորհիվ Հենրիխ Մխիթարյանի ու նրա խաղի լուսաբանման, Հայաստանի ընկալումն արտաքին աշխարհում շրջադարձային փոփոխություններ է կրել ու դրանից շահում ենք նաև մենք՝ հայ լրագրողներս։ Դե ուրեմն գնացինք դեպի Ռուսաստան։ Առաջին կանգառը՝ Մոսկվա՝ «Լուժնիկի» ստադիոն:

Share |

Լրահոս