Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան նոր նախագահ ունի

16:38 13.06.2018

Այսօր տեղի է ունեցել ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահության նիստ, որը վարել է ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ով շնորհակալություն է հայտնել ֆեդերացիայի նախագահության և մարզչական խորհրդի անդամներին անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում համատեղ աշխատանքի, իրականացրած ծրագրերի և մարզական ձեռքբերումների համար:

Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջարկելով ֆեդերացիայի փոխնախագահ Ռոբերտ Խաչատրյանի թեկնածությունը՝ Հ. Ռոստոմյանն ասել է.

«Պարոն Խաչատրյանին բոլոր ներկաները ճանաչում են, տեղյակ են նրա հմտություններին և կազմակերպչական կարողություններին: Պարոն Խաչատրյանն իր հերթին լավատեղյակ է ֆեդերացիայի խնդիրներին, և, վստահ եմ ի զորու է գտնել հարցերի լուծման ճանապարհները»:

Նա նաև ավելացրել է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շարունակելու է ըմբշամարտին ցուցաբերվող աջակցությունը:

Ներկաների միաձայն քվեարկությամբ ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրված Ռոբերտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար, խոստացել պահպանել ֆեդերացիայում ձևավորված միասնական և համերաշխ աշխատելու մթնոլորտը և նշել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հայկական ըմբշամարտը շարունակելու է լավագույնս ներկայանալ աշխարհին:

Այսօրվա նիստին մասնակցել է նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը:

Նշենք, որ Ռոբերտ Խաչատրյանը ազատ ոճի ըմբիշ է, եղել է Հայաստանի Հանրապետության չեմպիոն, մեծահասակների և երիտասարդների հավաքականների մարզիչ:

Share |

Լրահոս