Արցախի ֆուտբոլի լիգա. Հիմնադիրներ Սևան Ասլանյանը և Հրաչ Յագանը Ստեփանակերտում հանդիպել են լրագրողներին

18:27 20.06.2018

Արցախում ֆուտբոլային լիգա կստեղծվի: Նորաստեղծ առաջնության մեկնարկը կտրվի հուլիսի 14-ին, կմասնակցեն 8 թիմեր:

Այս մասին Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել են լիգայի հիմնադիրներ Սևան Ասլանյանն ու Հրաչ Յագանը, ովքեր նաև այլ մանրամասներ են ներկայացրել:

«Ներքին առաջնությունը, որը կմեկնարկի հուլիսի 14-ին, կլինի փորձնական և կավարտվի նոյեմբերի 18-ին: Շուտով հասանելի կլինի նաև լիգայի կայքը:

Առաջնության խաղերը դեռևս կանցկացվեն Ստեփանակերտի և Ասկերանի մարզադաշտերում, բայց հիմա աշխատանքներ ենք տանում Ճարտարի դաշտում:

Մեր առաջին առաջնությանը կմասնակցեն 8 թիմեր՝ Ստեփանակերտի «Երազանք», «Լեռնային Արցախ», «Ստեփանակերտ», «Ասկերան», «Մարտունի», «Վանք», «Շուշի», «Ճարտար»: Հիմա բոլորս այս թիմերը պատկանում են Լիգային, մարտին նրանք գուցե՝ ունենան սեփականատերեր, ովքեր կզբաղվեն ինչպես ակումբի, այպես էլ՝ տվյալ մարզի ֆուտբոլի զարգացմամբ: Բոլոր մասնակից թիմերը, ովքեր կունենան սեփականատերեր, Լիգայի կողմից կստանան մասնակցության համար գումար, Գավաթի համար ևս գումար կստանան, Չեմպիոն դառնալու համար ևս գումար կստանան: Իսկ ֆուտբոլիստների և թիմերի համար սա լավ մոտիվացիա կլինի» ,- ասում է Սևան Ասլանյանը:

Սևան Ասլանյանը, ով Երևանի «Արցախի» սեփականատերն է, հայտնեց, որ լիգան երկու գրասենյակ կունենա՝ մեկը Արցախում, մյուսը՝ Ժնևում: Իսկ այդ հարցերով զբաղվում է Հրաչ Յագանը.

«Ուզում ենք, որ ՈւԵՖԱ-ն օգնի Արցախում ֆուտբոլի զարգացմանը: Սա մեզ համար գումար աշխատելու միջոց չէ, պարզապես ուզում ենք, որ Արցախում զարգանա ֆուտբոլը, ինչն ուրախություն կպարգևի այստեղի ժողովրդին:

Ակումբի ծրագիրը կներկայացնենք ՈւԵՖԱ-ին և կսպասենք նրանց արձագանքին»,- ասում է Երևանի «Արարատի» նախագահը:

Արցախի Հանրապետությունում գործող ֆուտբոլի ֆեդերացիայի հետ Լիգան որևէ առնչություն չի ունենա, սակայն ակտիվ համագործակցությունը լիգայի հիմնադիրների հավաստմամբ անպայման կապահովվի.

«Ֆուտբոլի ֆեդերացիա և ֆուտբոլի լիգա. սրանք երկու տարբեր կառույցներ, որոնք իրանցից անկախ ենք գործելու, բայց մշտապես համագործակցելու ենք: Ֆեդերացիան պատասխանատու է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման և Արցախի հավաքականի համար, իսկ լիգան՝ միայն Արցախի ներքին առաջնության: Պետք է նշեմ,որ բացի առաջնությունից կանցկացնենք նաև Արցախի Գավաթի խաղարկությունը, որի եզրափակիչ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 2-ին»,- ասում է Սևան Ասլանյանը:

Խոսելով առաջնությանը մասնակից 8 ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստների մասին՝ Սևան Ասլանյանը նշեց, որ մոտ ապագայում թիմերում կարող են նաև լեգիոներներ ունենալ.

«Մյուս մրցաշրջանից կունենանք կանոնադրություն: Այն ֆուտբոլիստները, ովքեր տարբեր տարիներին զբաղվել են ֆուտբոլով, կամ էլ հանգտսյան օրերին հավաքվել խաղացել են, հիմա ընդգրկվել են մեր լիգայում: Ուրախությամբ պետք է նշեմ, որ Բրազիլիայի որոշ հայեր, իմանալով այս նախաձեռնության մասին, ցանկություն են հայտնել Արցախի առաջնություն ուղարկել մի քանի լեգիոների, ովքեր կխաղան մեր թիմերում: Դա էլ հետաքրքիր կլինի ՈԵՖԱ-ին, նույն առաջարկը եղել է նաև Շվեյցարիայից, կլինեն տղաներ, ովքեր 6 ամսով կգան այստեղ կխաղան: Իսկ Արցախի առաջնության լավագույն խաղացողները կտեղափոխվեն Երևանի «Արցախ»:

Սևան Ասլանյանի խոսքով Արցախի լիգայի ստեղծման գաղափարը ծնվել է արտասահմանցի հայերի կողմից, ովքեր ֆինանսավորելու են լիգան: Նրա խոսքով լիգան ստանում է նաև Արցախի Հանրապետության ղեկավարների աջակցությունը.

«Այս ամենը մենք կազմակերպում նեք Արցախի ղեկավարների աջակցությամբ, նրանք շատ ոգևորված և շատ ուրախ են, որ Արցախում ֆուտբոլի զարգացման համար քայլեր են ձեռնարկվում: Արցախի ղեկավարությունը մեզ շատ ակտիվ աջակցում է այդ հարցով: Հրաչն էլ փորձելու է Ժնևում հանդիպում կազմակերպել Արցախի ղեկավարոթյան և ՈւԵՖԱ-ի ղեկավարների հետ, որպեսզի վերջինս մեզ օգնի ֆուտբոլի զարգացմանը:

Share |

Լրահոս