Արման Սահակյան. Հուսով եմ` Ալաշկերտն իր արժանի պատիժը կստանա Սելթիկից

12:51 23.06.2018

«Շիրակ» ակումբի սեփականատեր Արման Սահակյանը «Ցայգ» մարզային հեռուստաընկերության եթերում խոսել է ակումբի շուրջ ստեղծված իրավիճակի մասին և տեղեկացրել, որ «Շիրակը» չի լուծարվել.

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի հետ իրականում տեղի ունեցավ պարզ գողություն: Մենք համարում ենք, որ մեզնից գողացան մեր չեմպիոնությունը, որն այդ պահին անխուսափելի էր:

Որպես բողոքի արտահայտման ձև` մեզ ուրիշ տարբերակ չէր մնում, քան դուրս գալ առաջնությունից: Պայման ենք դրել, հենց ՀՖՖ-ի նախագահը հեռանա, հաջորդ օրվանից «Շիրակը» կսկսի խաղալ, ու հուսով եմ` դա կլինի մոտ ապագայում, ու ստիպված չենք լինի ոչ մի առաջնություն բաց թողնել:

Թիմն այս պահին փակ չէ, մարզիչները ստանում են իրենց աշխատավարձերը, մանկապատանեկան թիմերը նորից կսկսեն խաղալ: Ինչ վերաբերում է գլխավոր թիմին, ապա 8 տարի ինչ-որ կերպ դիմացել ենք, իսկ այս դեպքից հետո արդեն անիմաստ ենք համարում խաղալը»,- ասել է «Շիրակի» սեփականատեր Արման Սահակյանն ու հերքել այն շշուկները, թե ակումբը լուծարվել է.

«Այդ ասեկոսեները տարածում է ֆեդերացիան: Ակումբը լուծարված չէ:Մարզիչնեը շարունակում են ստանալ իրենց աշխատավարձերը: Մեզ համար էլ է դժվար ֆուտբոլիստներին ճանապարհելը, բայց նրանք չպետք է տուժեին այս վիճակից, այդ իսկ պատճառով բոլորին ազատ թողեցինք, որպեսզի թիմեր գտնեն ու շարունակեն խաղալ:

Մենք, իհարկե, չենք ցանկանում, բայց ֆեդերացիայի նախագահի ընտրության ու մյուս գործընթացները կարող են 4-5 ամիս ձգվել, ու հնարավոր է` կես մրցաշրջան բաց թողնենք: Բայց հուսով եմ` ամառվա ընթացքում ամեն ինչ կլուծվի և մենք կսկսենք խաղալ:  Ես 8 տարի սեփական միջոցներից ներդրումներ եմ կատարել ակումբում, ամենաշատը ես չեմ ցանկանա, որ ակումբը փակվի: Նորից եմ կրկնում «Շիրակը» չի լուծարվել, հուսով եմ` օգոստոսից մենք կխաղանք»,- նշել է Արման Սահակյանը:

«Շիրակի» սեփականատերը խոսել է նաև հայկական մյուս ակումբների` ստեղծված իրավիճակի հանդեպ վերաբերմունքի մասին.

«Ցավոք, «Շիրակը» հրաժարվեց մասնակցել նաև Եվրոպա լիգային, և ակումբներ կան, որոնց այդ հանգամանքն ուրախացրեց, էլ չեմ ասում, որ «Ալաշկերտը» չեմպիոն դարձավ, բայց երևի` մի փոքր արդարություն կա այս ամենի մեջ. հիմա «Ալաշկերտը» խաղալու է «Սելթիկի» հետ, որտեղ հանդես է գալիս «Շիրակի» նախկին ֆուտբոլիստը: Հուսով եմ` մեր փոխարեն նա այդ խաղը կխաղա, ու «Ալաշկերտն» իր արժանի պատիժը կստանա «Սելթիկից»:

Ես հայ եմ, ասածս մի քիչ սիրուն չի հնչում, բայց քանի որ մեզանից գողություն է եղել, իրավիճակն էլ այսպիսին է: Սա, իհարկե, որպես հումոր»,- ասել է Արման Սահակյանը:

Մանրամասները կարող եք դիտել «Ցայգ» հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում.

Share |

Լրահոս

Loading...