ԱԱ-2018. Հայերը, չինացիները, նիգերիացիները... (Մաս 4)

17:30 27.06.2018

Աշխարհի 2018 թվականի առաջնությունն ամբողջ հմայքով շարունակվում է:

Ռուսաստաում գտնվող Armsport.am-ի ֆոտոթղթակից Գևորգ Ղազարյանը շարունակում է լուսանկարների շարքեր պատրաստել հանդիպումներից:

Ներկայացնում ենք նրա գրած օրագրի 4-րդ մասը.

Առաջին մասը՝ այստեղ, 2-րդը՝ այստեղ, 3-րդը՝ այստեղ:

«Աշխարհի առաջնության խմբային փուլի հաջողակներն ու անհաջողակները հիմնականում արդեն հայտնի են։ Ռուսաստանում աշխատելու ընթացքում պարզապես փողոցում տրամադրությունների փոփոխություններից կարելի է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում խմբային աղյուսակներում։ Հատկապես խոսքը Ռուսաստանի հավաքականի հաջողության մասին է, որի հաղթանակներին առաջին երկու խաղերում, այն էլ նման առավելությամբ, մեծ հաշվով ոչ ոք չէր հավատում։ Սակայն Ռուսաստանում ընթացքող աշխարհի առաջնության հիմնական առանձնահատկությունը երկրպագուներն են։ Հետաքրքիր է, որ նրանց ներկայությունն առանձնահատուկ շունչ է փոխանցում քաղաքներին և հատկապես խոսքը Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից զատ մյուս քաղաքների մասին է։ Եթե Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը մշտապես ունեցել են բազմազգ քաղաքների համբավ և բնակիչներին զարմացնելը դարձել է դժվար, ապա մյուս քաղաքներում ոգևորությունն առանձնահատուկ մեծ է։ Սոչի, Ռոստով, Նիժնի Նովգորոդ՝ այն քաղաքներում, որտեղ մենք հասցրել են աշխատել, տպավորություն է ստեղծվում, թե նոր շունչ են ստացել։

Երկրպագուների կազմակերպված լինել-չլինելը կապված է մի շարք հանգամանքների հետ։ Օրինակ, Աֆրիկա մայրցամաքի երկրպագուներին կարելի է տարբերել ոչ միայն մաշկի գույնով, այլև միայն նրանց հատուկ քաոսային շարժով։ Արգենտինա-Նիգերիա խաղից երկու ժամ առաջ երբ արգենտինացիները մեկ շարքով հերթ էին կանգնել յուրաքանչյուրն իր մուտքի առջև, նիգերիացիները փորձում էին ընկալել, թե ինչպես կարող են կամ այդ շարքերը շրջանցել, կամ էլ գտնել մեկ այլ լուծում։

Հետաքրքիր է, որ մի առանձին խումբ են կազմում Չինաստանից ժամանած երկրպագուները, ովքեր նկատելիորեն շատ են և մշտապես տարբեր հավաքականների մարզահագուստով ու սիմվոլներով։ Վիճակագրական տվյալներ իհարկե դժվար թե կարողանամ այստեղ բերել, բայց երկրպագուների քանակով լավագույն տասնյակում հաստատ չինացիները կլինեն։

Քիչ չեն իհարկե նաև հայ երկրպագուները, սակայն ի տարբերություն չինացիների, հայերս առանձնանում ենք։ Հայ երկրպագուն մարզադաշտ է գալիս հայկական եռագույնով, կամ էլ Հայաստանի հավաքականի մարզաշապիկով։ Իսկ եթե ավելի հետաքրքիր բան եք ուզում լսել, ապա կարող եմ մտաբերել հինգ-վեց դեպք, երբ նկատել եմ երկրպագուի «Դուխով» գրությամբ գլխարկով։ Այս ամբողջ պատմությունը զարդարում է հունիսի 13-ի դեպքը, երբ Լուժնիկի ստադիոնում աչքովս ընկավ աշխարհահռչակ AFP գործակալության աշխատակիցը նույնպես «Դուխով» գլխարկով։ Չդիմացա, մոտեցա ու հարցրի, թե որտեղից։ Ժպիտը դեմքին պատասխանեց․ «Երևանում էի օրեր առաջ, այնտեղ են նվիրել...»:

Share |

Լրահոս

Loading...