Վարուժան Սուքիասյան. Մենք երկրպագուներին հուսախաբ չենք անի

19:23 09.07.2018

Հայաստանի նախորդ առաջնության չեմպիոն «Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի շոտլանդական «Սելթիկի» հետ:

Հանդիպումը կկայանա վաղը` Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: Այսօր երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը մամուլի ասուլիս է տվել, որտեղ պատասխանել է լրագրողների հարցերին.

«Մրցակցին լավ ուսումնասիրել ենք, գիտենք նրանց ուժեղ ու թույլ կողմերը: Ֆուտբոլում ամեն ինչ էլ հնարավոր է: Տղաները լավ են տրամդրված ու մենք հուսախաբ չենք անի մեր երկրպագուներին:

Բնականար վաղվա խաղում ձեռնտու կլինի հաղթանակը, սակայն ամեն ինչ անելու ենք, որպեսզի առաջին հերթին գոլ բաց չթողնեք: Տղաները մարտական են տրամադրված, պարզապես շատ բան է կախված ֆուտբոլիստների հնարավորություններից: Կարգապահությունը բարձր կլինի, իսկ մրցակցի մարտավարությունն այնքան ենք ուսումնասիրել, որ հստակ կասեմ` լավ ծանոթ ենք այդ թիմին:

Չեմ կարող ասել, որ նորեկները չափից դուրս բարձրակարգ են, բայց ֆուտբոլիստներ կան, որ կընդգրկվեն հիմնական կազմում ու կարծում եմ, որ օգուտ կտան թիմին:

Մինչմրցաշրջանային հավաքի ընթացքում փորձարկումներ շատ եղան: Մի քանի ֆուտբոլիստներ ուշ միացան մեզ. ամեն դեպքում արեցինք այն, ինչ կարող էինք: Բելառուսում անցկացրած խաղերը մտածելու առիթ տվեցին ու մարտավարություն փոխեցինք, որն ավելի է համապատասխանում մեզ:

Թիմի նորեկներից Սեզար Ռոմերոն ջանասիրաբար աշխատում է, որպեսզի օգնի թիմին:

Այո, ունենք շատ նորեկներ, սակայն նրանք մեկ ամսից ավելի է ինչ մեր հետ են ու կարծում եմ, որ խաղակցվածության խնդիր այդքան շատ չի լինի:

«Սելթիկում» բոլորը հավասար ֆուտբոլիստներ են ու կապ չունի, որ առաջատարներից երկուսը չեն միացել թիմին` ԱԱ-2018-ի պատճառով:

Չեմ կարող ասել, որ պաշտպանողական ֆուտբոլ ենք նախընտրելու: Դուրս կգանք դաշտ և կտեսնենք, թե հակառակորդը մեզ ինչ կառաջարկի:

Մեր պաշտպանները խաղացել են ավելի ուժեղ ֆուտբոլիստներ դեմ, քան Դեմբելեն ու կարծում եմ, որ այդքան էլ մեծ դժվարություններ չի լինի:

Պարտվելու դեպքում կարող ենք խաղալ Եվրոպա լիգայում, սական այդ մասին չենք մտածում ու կենտրոնացած ենք վաղվա խաղի և պատասխան մրցավեճի վրա:

Աբրահամ Խաշմանյանի հետ չեմ խոսել` իմանալու համար, թե ինչպես կարելի է խաղալ շոտլանդական թիմերի դեմ: Ունենք երկրպագուների կարիքը, որպեսզի դուխով գնանք ու խաղանք»,- ասել է Սուքիասյանը:

Share |

Լրահոս