Ալաշկերտ-Սելթիկ. դիմացեք, տղե՛րք, դիմացեք որքան կարող եք

11:00 10.07.2018

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում այսօր «Ալաշկերտը» կմրցի շոտլանդական «Սելթիկի» հետ:

Հանդիպում, որը չափազանց մեծ կարևորություն ունի, սակայն հանրության շրջանակում չունի բավարար ուշադրություն: Իհարկե, դրա համար կան բազում պատճառներ, բայց այն, որ մարդիկ հիմնականում հետաքրքրված չեն մրցավեճով, ցավալի փաստ է:

Կան բազում հարցեր, որոնց պատասխանները մինչև խաղի օրը չկան. Չեմպիոնների լիգայի մեկնարկից առաջ «Ալաշկերտը» պետք է անասելիորեն ուժեղացներ կազմը, բայց հայկական ֆուտբոլի կտրվածքով «մեգատրանսֆերներ» չտեսանք: Այն, որ Սեսար Ռոմերոն հիանալի ֆուտբոլիստ է, կասկած չի հարուցում, բայց վերջին տարիներին նա այնպիսի թիմում էր («Մոստա», Մալթա, ի դեպ. այդ թիմը վերջին տարիներին ցածր տեղերում է եղել), որ տեղեկություններ հավաքելն անգամ անիմաստ է: Մի խոսքով, «Ալաշկերտը» Սեսարով «Սելթիկին» ոչ մի կերպ չի զարմացնի...:

Որոշակիորեն ուսումնասիրելով նորեկներին՝ (27-ամյա սլովակ կենտրոնական պաշտպան Օլիվեր Պրազնովսկի, 27-ամյա սերբ կենտրոնական պաշտպան Գորան Անտոնիչ, 22-ամյա բրազիլացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջեֆերսոն Ռեիսը, 24-ամյա բրազիլացի կիսապաշտպան Գուստավո Մարմենտինի) կարելի է հասկանալ, որ մեր առաջնության համար նրանք կարող են և բարձրակարգ ֆուտբոլիստներ համարվել: Այստեղ կան հարցեր. ինչպե՞ս կարող են մերվել թիմին, ինչպե՞ս գտնեն խաղակցվածություն և արդյո՞ք նրանք հենց այն ֆուտբոլիստներն են, ովքեր պետք են «Ալաշկերտին»: Եթե Վարուժան Սուքիասյանը մանրամասնորեն դիտարկել է այս խաղացողներին, մի քանի տասնյակ հնարավոր տարբերակներից ընտրություն է կատարել, այ դա ուրիշ բան, բայց եթե պարզապես «բերել» են այդ ֆուտբոլիստներին, ոչինչ էլ պետք չէ վերլուծել...:

Այնպիսի դրություն է, երբ բազմակետերի կարիք ավելի շատ կա, քան վերլուծությունների, կարևոր նկատառումների: Գնում ենք հզոր մրցակցի դեմ պատերազմի, բայց չիմանալով մեր ուժերի իրական չափը, չիմանալով գրեթե ոչինչ: Իսկ դիմացը «Սելթիկն» է:

Այո, բոլորս մեր թիմի կողքին ենք, «Ալաշկերտը» ներկայացնում է Հայաստանը ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում, բայց ամեն ինչ շատ մշուշոտ է: 

Խաշմանյանի «Ալաշկերտը» նախորդ տարի արեց անհնարինը ԲԱՏԷ-ի հետ խաղում: 1:1 դրսում, իսկ Երևանում կայացած հանդիպման մեկնարկի 20-25 րոպեները, չեմ վախենում ասել, միգուցե լավագույններից էին հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ:

Դե ինչ արած, դիմացեք, տղե՛րք, այլ բան չի մնում: Պետք է գոլ չընդունել, նվիրվել, նվիրվել մինչև վերջ, որովհետև խոսքը մեր երկրի մասին է: Ստադիոն եկած երկրպագուները, մենք, հայկական ֆուտբոլային ընտանիքի մեծ մասը ձեր կողքին է...: 

Երևան, «Հանրապետական» ստադիոն, ժամը 20:00. հարգելի երկրպագուներ, անպայման եկեք մարզադաշտ:

Արման Առաքելյան

Share |

Լրահոս