«Ալաշկերտի» սեփականատեր Բագրատ Նավոյանը ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի՝ «Արարատի» հետ խաղին հետևում էր անմիջապես տեխնիկական գոտուց. խաղից առաջ հայտնի դարձավ, որ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը կբացակայի տեխնիկական գոտուց:
«Ալաշկերտն» այդ խաղում 10 հոգով կամային հաղթանակ տարավ 3-1 հաշվով, իսկ ArmSport-ի հետ զրույցում Բագրատ Նավոյանը նշեց, որ Արմեն Ադամյանի բացակայությունը կապված էր առողջական որոշակի խնդիրների հետ:
-Պարոն Նավոյան, «Արարատի» հետ խաղին հետևում էիք տեխնիկական գոտուց: Գլխավոր մարզչի բացակայությունն ինչո՞վ էր պայմանավորված:
-Արմեն Ադամյանը շատ բարձրակարգ մասնագետ է, շատ ինտելիգենտ անձնավորություն: Նրա բացակայությունը պայմանավորված էր միայն առողջական պատճառներով: Երկու-երեք խաղ շատ վատ էինք անցկացրել, ու որպեսզի նա ավելի չնյարդայնանար, չջղայնանար, ես խնդրեցի, որ հանդիպմանը հետևի տրիբունայից: Այնքան, ինչքան ես եմ մտածում, չարչարվում, նույն չարչարանքը նաև գլխավոր մարզիչն է կատարում: Ասեմ, որ տրիբունայից ավելի լավ է երևում թե՛ դրական, թե՛ թերի, բաց կողմերը: Որպես ակումբի սեփականատեր՝ ես գտնվեցի տեխնիկական գոտում: Հուսով եմ՝ Արմեն Ադամյանի առողջական վիճակը լավ կլինի ու հաջորդ խաղին նա արդեն ներկա կլինի դաշտում: Մարզումներն ինքն է անցկացնում, թիմն ինքն է ղեկավարում: Եթե առողջականը ների ու հաջորդ խաղին նա վերադառնա, ես էլ իր կողքին կլինեմ ու երկուսովս միասին ավելի հետաքրքիր խաղ կանցկացնենք:
-Կարելի՞ է ենթադրել, որ շարունակելու եք վստահել մարզչական շտաբին նաև ընթացիկ առաջնության ավարտից հետո:
-Նույն կերպ շարունակում եմ վստահել: Բայց երբեք մի ասա երբեք, ամեն ինչ էլ հնարավոր է: Հնարավոր է՝ դրսից մասնագետներ հրավիրենք, հնարավոր է՝ չհրավիրենք: Եթե ամեն ինչ նորմալ լինի, ոչ մի փոփոխություն չի լինի, բայց եթե եղան թույլ տեղեր, սխալներ կամ թերացումներ, միանշանակ լինելու են թե՛ մարզիչների, թե՛ ֆուտբոլիստների փոփոխություններ: Մենք շատ ենք տուժել, վնասներ կրել, ոչ ոք չգիտի՝ վաղն ինչ կլինի, բայց քանի դեռ մի փոքր հնարավորություն կա շարունակելու, պայքարելու ենք եվրագավաթներում բարձր տեղ գրավելու համար: Դա է մեր միակ նպատակը:
Բագրատ Նավոյանի հետ ArmSport-ի հարցազրույցն ամբողջությամբ կայքում կլինի շուտով: