Նիկոլայ Պետրոսյանը լիգա ստեղծելու մասին. Պետք է ֆուտբոլի շահերը բարձր դասել սեփականից

16:35 10.07.2018

Հայկական ֆուտբոլի բազմաթիվ ներկայացուցիչներ վերջին շրջանում խոսում էին պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգա ստեղծելու վերաբերյալ:

Օրեր առաջ նման մտահղացմանն աջակցություն հայտնեց նաեւ ՀՖՖ-ն՝ պատրաստակամություն հայտնելով տարեկան 100 մլն ՀՀ դրամ տրամադրել այդ մրցաշարի կազմակերպման համար:

Armsport.am-ը այդ մասին զրուցել է ռուսական «Championat.com» կայքի հիմնադիր, «adidas»-ի PR բաժնի նախկին տնօրեն, ներկայում «bwin Ռուսաստան» կազմակերպության մարքեթինգի բաժնի ղեկավար Նիկոլայ Պետրոսյանի հետ:

- Ի՞նչ է իրենից ներկայացնում պրոֆեսիոնալ լիգան եւ ինչո՞վ է այն տարբերվելու Բարձրագույն խմբի առաջնությունից:

- Պրոֆեսիոնալ լիգայի ստեղծման գաղափարը եկել է Անգլիայից: Ժամանակին ակումբների ղեկավարները հասկացան, որ կոմերցիոն տեսանկյունից շահավետ չէ համագործակցել ֆուտբոլի ֆեդերացիայի հետ եւ որոշեցին առանձին կառույց հիմնել: Սակայն դրանից առաջնությունների կառավարման համակարգը էական փոփոխություն չի կրում: Մրցաշարի կազմակերպման եւ անցկացման պատասխանատուն շարունակում է մնալ ազգային ֆեդերացիան՝ ստանալով չնչին տոկոսներ եկամտից: Այսինքն՝ պրոֆեսիոնալ լիգան զբաղվում է միայն ֆինանսական հարցերով: Առաջնությունը չի կարող լիովին անկախանալ երկրի ֆեդերացիայից, քանի որ ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի անդամ Լիգան չի կարող հանդիսանալ: Ես կարդացի նորությունն այն մասին, որ Հայաստանում ցանկանում են պրոֆեսիոնալ լիգա ստեղծել, բայց իմաստը չկարողացա հասկանալ:

Սա խաղալիք չէ, ոչ էլ ֆենթզի ֆուտբոլ, նման մտահղացման համար լուրջ ծրագրեր են անհրաժեշտ: Լիգայի եկամուտները գալիս են հեռուստահեռարձակման իրավունքների վաճառքից, պաշտոնական հովանավորներից, ստադիոններում տոմսերի վաճառքից: Հայաստանում պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու նախադրյալներ այս պահին չկան: 

- Այնուամենայնիվ, Հայաստանում տվյալ պահին պրոֆեսիոնալ լիգայի ստեղծումը կունենա դրակա՞ն, թե՞ բացասական հետեւանք:

- Ոչ դրական, ոչ բացասական: Դրական հետեւանքների համար պետք է ունենալ մարտավարական ծրագիր: Օրինակ՝ ծրագրվում է 5 տարի հետո լիգայի յուրաքանչյուր խաղին ունենալ նվազագույնը 2500 երկրպագու, կամ հեռարձակմանը, ենթադրենք՝ YouTube-ում, ինչպես հիմա Հայաստանում արվում է, ամեն խաղը կդիտի նվազագույնը 50000 մարդ:

Պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու համար անհրաժեշտ է՝ ա) Լուրջ հետազոտություններ բ) Մարքեթինգային ծրագիր: Եթե երկրորդ կետը կա, ապա լուրջ հարց է առաջանում՝ ինչու՞ թիմերը մինչեւ հիմա մարքեթինգով լրջորեն չեն զբաղվում: Մեծ հաշվով՝ Բարձրագույն խմբի պարագայում նույնպես կարելի էր եթե ոչ ամբողջությամբ, ապա մեծ մասամբ իրագործել: Ես առաջարկում եմ, հորդորում եմ ոլորտի ներկայացուցիչներին բանավիճել. Ես, ինչպես նաեւ այլ մարքեթոլոգներ եւ մասնագետներ, պատրաստ ենք քննարկել եւ բանավիճել Հայաստանում պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու մտահղացման վերաբերյալ:

Հանե՛ք վարդագույն ակնոցներն ու եկե՛ք մտածենք հայկական ֆուտբոլի զարգացման նախադրյալներ ստեղծելու մասին: Այնուամենայնիվ, ուզում եմ ասել, որ Հայաստանում մեծ պոտենցիալ կա նման ծրագրեր իրագործելու համար: Պարզապես պետք է ֆուտբոլի շահերը բարձր դասել սեփականից, եւ, համոզված եմ, որ դրական արդյունք անպայման կլինի:

Share |

Լրահոս