Արամ Ոսկանյան. Ակումբի ղեկավարության կողմից խնդիր է դրված 3 փուլ անցնել

11:54 10.07.2018

Երևանի «Բանանցը» վաղը` հուլիսի 11-ին, կսկսի իր ելույթները Եվրոպա լիգայի խաղարկությունում: Հայաստանի նախորդ առաջնության փոխչեմպիոնի մրցակիցը բոսնիական «Սարաևոն» է:

Այսօր նախախաղային մամուլի ասուլիս է տվել երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը և պատասխանել է լրագրողների հարցերին.

«Ռումյան Հովսեփյանը նախորդ տարի մեծ օգուտ տվեց թիմին, սակայն այս տարի չի կարող մեզ օգնել:

Սա ֆուտբոլ է և նա էլ, ակումբի հետ չկարողանալով համաձայնության գալ, հեռացել է թիմից: Կենտրոնում, որպես թիմի խաղը կազմակերպող լավ համալրում ունեցանք` ի դեմս Սոլոմոն Ուդոյի, ով մեծ օգուտ կտա թիմին:

Լարվածություն, իհարկե, կա, սակայն ցանկանում ենք ֆուտբոլիստներին վստահություն փոխանցել: «Սարաևոն» բավականին լավ թիմ է, ուժեղ ֆուտբոլիստներով:

Մրցակցին լավ ուսումնասիրել ենք: Նրանք սիրում են գնդակով խաղալ, տիրել գնդակին: Առջևի գծում ունեն բարձր որկաի ֆուտբոլիստներ: Թիմի ավագը մասնակցում է գրեթե բոլոր գրոհներին, ոչ միայն կազմակերպում է դրանք, այլ նաև շատ հաճախ եզրափակում: Ունեն բարձրահասակ հարձակվող, որը հանդես է եկել Ռուսաստանի պրեմիեր լիգայում: Նաև կա խաղացող, որի հետ մենք բանակցություններ էինք վարում, որպեսզի տեղափոխվի մեր ակումբ, սակայն ընտրեց «Սարաևոն»:

Նոր հարձակվող շուտով պետք է ունենանք: Մի փոքր խնդիրներ կա և հույս ունենք, որ պատասխան խաղից առաջ կկարողանա միանալ մեզ:

Մինչև վիճակահանությունն էլ ակումբի սեփականատիրոջ կողմից հստակ խնդիր էր դրված` հաղթահարել երեք փուլ: Նույնիսկ չիմանալով, թե ով է մեր մրցակիցը, մենք ունենք նման խնդիր: Կապ չունի, որ հաղթելու դեպքում մենք մրցելու ենք «Ֆիորենտինայի» հետ. երեկ հանդիպման ընթացքում էլ նա ասաց, որ խնդիրը նույնն է»,- ասել Է Ոսկանյանը:

Share |

Լրահոս