ԱԱ-2018. Ֆրանսիա-Բելգիա. Առաջին կիսաեզրափակչին ընդառաջ

10:19 10.07.2018

Աշխարհի 2018 թվականի առաջնությունը դուրս է եկել վճռական փուլ: Պայքարի մեջ են մնացել եվրոպական չորս հավաքականներ, որոնք կպայքարեն բաղձալի գավաթին տիրանալու համար:

Առաջին կիսաեզրափակչի զույգը կազմել են Բելգիայի ու Ֆրանսիայի հավաքականները, որի հաղթողը եզրափակչում կմրցի Խորվաթիա-Անգլիա զույգի հաղթողի հետ:


Բելգիա

Եթե շատերի համար Ֆրանսիայի` կիսաեզրափակչում հայտնվելը մեծ անակնկալ չէր, ապա նույնը չի կարելի ասել Բելգիայի ընտրանու համար:

Ռոբերտո Մարտինեսը Ռուսաստան էր մեկնել իր կազմում ունենալով մի շարք աստղային ֆուտբոլիստներ, որոնք Բելգիայի «ոսկե սերունդն» են և շատերը կարծում էին, որ նրանք հենց այս առաջնության ժամանակ պետք է փայլեին: Բելգիացիները, որոնք թաքնված ֆավորիտի կարգավիճակով էին ժամանել Մունդիալ, երկրպագուների սպասելիքներն արդարացրին: Կիսաեզրափակչին նրանք ավելի հանգիստ կարգավիճակով են մոտենում, քանի որ արդեն պայքարից դուրս են թողել աշխարհի հնգակի չեմպիոններին ու հայրենիքում նրանց ոչ մեկ չի մեղադրի եզրափակիչ դուրս չգալու համար:

Ֆրանսիա

Նույնը չի կարելի ասել Ֆրանսիայի մասին: Դեշամի թիմը, չնայած շատ երիտասարդ լինելուն, աշխարհի առաջնությանը մոտեցել էր ֆավորիտներից մեկի կարգավիճակով: Ֆրանսիայում գիտեն, որ իրենց կազմը բավականին երիտասարդ է ու այս թիմը տիտղոսներ դեռևս կարող է նվաճել, սակայն ինչու սպասել ևս չորս տարի, եթե կարելի է տոնել ընդամենը  երկու հաղթանակ ու հավերժ գրել իրենց անունները ֆրանսիական ֆուտբոլի պատմության մեջ:

Մասնագետներն առաջիկա խաղում ֆավորիտ համարում են Ֆրանսիային, ինչը կարող է մի փոքր բարդացնել Մբապեի ու թիմակիցների գործը, որոնց ավելորդ լարվածություն պետք չէ:


Ճանապարհ դեպի կիսաեզրափակիչ

Երկու հավաքականներն էլ բավականին հեշտությամբ հաղթահարեցին խմբային փուլը: 

Բելգիա

Բելգիայի ընտրանին G խմբում վաստակեց 9 միավոր: Բացի 100 տոկոսանոց արդյունքից, բելգիացիները նաև վառ խաղ ցուցադրեցին` հաղթելով  Անգլիային ու փլեյ-օֆֆ դուրս գալով առաջին հորիզոնականով: 1/8 եզրափակչում սպասվում էր, որ Մարտինեսի ֆուտբոլիստները խնդիրներ չեն ունենա Ճապոնիայի հետ մրցավեճում: Սակայն, այս խաղում այլ մտադրություններ ունեին ճապոնացիները, ովքեր մինչև 69-րդ րոպեին ունեին երկու գնդակի առավելություն: Կարելի է ասել, որ հենց այս խաղում Բելգիան հաստատեց այս առաջնությունում ֆավորիտի իր կարգավիճակը` տանելով փայլուն կամային հաղթանակ ու դուրս գալով քառորդ եզրափակիչ:

Այստեղ նրանց սպասում էր մրցաշարի գլխավոր ֆավորիտը` Բրազիլիան: Շատերի համար անսպասելիորեն առաջին կեսից հետո Բելգիան հաղթում էր 2:0 հաշվով: Տակտիկական ու խաղային առումով Մարտինեսը հիանալի հաղթանակի հասավ Տիտեի նկատմամբ: Երկրորդ կեսում էլ, հուսալի պաշտպանվելով, կարողացան հասնել ցանկալի արդյունքի: Խաղն ավարտվեց 2:1 հաշվով ու համեստ բելգիացիները տուն ճանապարհեցին Նեյմարին ու խաղընկերներին, ովքեր, անկասկած, այլ ծրարգրեր ունեին ԱԱ-2018-ի հետ կապված:

Ֆրանսիա

Ֆրանսիան նույնպես խնդիրներ չունեցավ խմբային փուլում: Երկու հաղթանակ և մեկ ոչ-ոքի, այն էլ Դանիայի հետ ոչինչ չորոշող խաղում: Ֆրանսիացիները ուժեր խնայելով դուրս եկան 1/8 եզրափակիչ, որտեղ նրանց սպասում էր Մեսսին` Արգենտինայի հավաքականի հետ միասին:

Դեշամի թիմը հանդիպումը սկսեց այնպես, ինչպես խաղում էր խմբային փուլում: Ոչ վառ խաղ, քիչ հարվածներ ու գրոհներ, ինչի արդյունքում երկրորդ կեսում նրանք պարտվում էին 1:2 հաշվով: Հենց երկրորդ գոլից հետո կարծես թե Դեմաշը միացրեց իր ֆուտբոլիստներին, որոնք սկսեցին խաղալ այնպես, ինչպես նրանցից սպասում էին: Գլխավոր դերը հաղթանակում ստանձնեց 19-ամյա Մբապեն, ում հետևից այդպես էլ չհասցրին գնալ արգենտինացի պաշտպանները: ՊՍԺ-ի խաղացողը դուբլ գրանցեց իր հաշվին, իսկ «աքլորները» հաղթանակի հասան 4:3 հաշվով:

Քառորդ եզրափակչում էլ Ֆրանսիան առանց մեծ դժվարությունների վստահ հաղթանակ տարավ Ուրուգվայի նկատմամբ: Գրիզմանի ու Վարանի գոլերը եռագույններին դուրս բերեցին Բելգիայի հետ առճակատման:


Հավանական մեկնարկային կազմեր

Ֆրանսիա - Լորիս, Վարան, Ումտիտի, Պավար, Լուկաս, Կանտե, Պոգբա, Մատյուիդի, Գրիզման, Ժիրու, Մբապե

Բելգիա - Կուրտուա, Ալդերվեյրելդ, Կոմպանի, Վերտոնգեն, Կարասկո, Շադլի, Ֆելաինի, Վիտսել, Ազար, Դե Բրույնե, Լուկակու

Հիշեցնենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:00-ին:

Share |

Լրահոս