438/450. Երբ հեռանում ես ճիշտ ժամանակին...

14:13 12.07.2018

2009-2018... 9 տարի և ավարտվում է Ռոնալդուի ռոմանտիկ պատմությունը «Ռեալի» հետ: 9 տարիներ, որտեղ պորտուգալացին արեց անհնարը, արեց այն, ինչը հասու չէ հասարակ ֆուտբոլիստներին.

2009 թվականին, երբ նա եկավ «Ռեալ» ուներ հստակ խնդիր՝ դառնալ մադրիդյան ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստ: Ռոնալդուն Ռոնալդու չէր լինի, եթե չհասներ իր նպատակին. «Ոսկե գնդակներ», «Ոսկե խաղակոշիկներ», Չեմպիոնների լիգայի ու Իսպանիայի առաջնության տիտղոսներ: Եկավ, տվեց խոստում, դարձավ լավագույնը ու հեռացավ ճիշտ այնտեղ, որտեղ պետք էր:

«Յուվենտուս». կարիերայում փոփոխություն անելու ավելի հարմար ակումբ և ավելի հարմար ժամանակ՝  չէր կարող լինել: Անիմաստ է քննարկել, փորձել հասկանալ, թե ինչու հեռացավ, որն էր պատճառը, արդյոք աշխատավարձի խնդիրն էր, թե մոտիվացիայի պակասը: Մեկ բան հստակ է՝ նա և Պերեսը բաժանվում են համերաշխ մթնոլորտում, առանց վրեժ լուծելու ցանկության: Ռոնալդուն «Ռեալի», իսկ «Ռեալը» Ռոնալդուի հանդեպ ոչ մի պարտք այլևս չունի: Այո, նա կարող էր մնալ, շարունակել պարզապես խաղալ ու կարիերան ավարտել Մադրիդում, բայց Ռոնալդուն այլ բնավորություն ունի, նա իր առջև միշտ դնում է ինչ-որ նպատակ ու ամեն գնով հասնում է դրան, իսկ «Ռեալում» բոլորն նպատակներն ու երազանքներն արդեն իրագործված են:

Ինչո՞ւ Թուրին

Պորտուգալացին հեռանում է Մադրիդից հաղթած, իր առաքելությունը կատարած և գնում է այնտեղ, որտեղ նա կշարունակի լինել լավագույնը: Ա Սերիան ունի նրա կարիքը, իսկ նրանից նույն ջանքերը չի պահանջվի լավագույնը լինելու համար, ինչ պահանջվում էր Լա լիգայում:

Անգլիա վերադառնալը դժվար կլիներ: Ռոնալդուն ֆիզկապես ուժեղ է և դա ոչ-ոք չի հերքում, սակայն այս տարիքում գնալ Անգլիա ու պայքարել ամենալավը լինելու համար, մի փոքր դժվար է, նույնիսկ հենց ամենակարող Ռոնալդուի համար:

Ֆրանսիա մեկնելու տարբերակն այս պահին անհնար է: Եթե Ֆրանսիա, ապա միայն ՊՍԺ, իսկ Փարիզում հիմա այլ թագավոր կա: Այնտեղ կա Նեյմար, ով իրեն զգում է այնպես, ինչպես Կիմ Չեն Ընը Հյուսիսային Կորեայում: 

Գերմանիայի տարբերակը նույնպես անհավատալի է: Բունդեսլիգայում նրա ախորժակը կարող է բավարարել միայն «Բավարիան», սակայն մյունխենցիները նույնիսկ չեն մտածել նրա տրանսֆերով հետաքրքրվելու մասին:

MLS-ում կամ Չինաստանում կարիերան շարունակելը դեռևս շուտ է: Շատերն են կարծում, որ պորտուգալացին հենց նման կերպ էլ ավարտելու է կարիերան, սակայն ոչ հիմա:

Պարզ է դառնում, որ «ծեր սինյորան» հիանալի ընտրություն է նրա համար: Այստեղ նույնիսկ Լուկա Տոնին մեկ մրցաշրջանում 33 տարեկանում դառնում է 20 գոլի հեղինակ: Եթե նա որոշել էր հեռանալ, ապա Թուրինը իդեալական տարբերակ է:

Ո՞վ կփոխարինի լեգենդին

Այս հարցն ունի շատ հստակ պատասխան՝ ոչ-մեկ: 438 խաղում 450 գոլ և դուք ցանկանում եք փոխարինո՞ղ փնտրել նրան, ցանկանում եք փոխարինող փնտրել մի խաղացողի, ով 9 տարում դարձավ «Ռեալի» լեգենդ և պատմության լավագույն ռմբարկու: 

«Բեռնաբեուն» «նոր Ռոնալդու» կփնտրի, նոր արքա, սակայն ո՞վ, ով պետք է այնպես անի, որ ստադիոնում իր անունն ավելի բարձր հնչի, քան Ռոնալդուինը:

Թվարկեք մի շարք անուններ՝ Մբապե, Քեյն, Վինիսիուս, Ազար.. տվեք ում անունը, որ կցանկանաք, սակայն նա «երկրորդ Ռոնալդու» չի դառնա:

Այսքան նպատակասլաց, այսքան պայքարող, իր առջև նպատակներ դնող ու դրանք կյանքի գնով իրականացնող ֆուտբոլիստ այս մոլորակում չկա: Շատերի հիշողություններում վառ է այն պահը, երբ 29-ամյա Ռոնալդուն նայում էր, թե ինչպես է Մեսսին ստանում իր հերթական «Ոսկե գնդակը»: Բոլորն էին կարծում, որ Մեսսի-Ռոնալդու պայքարը հենց այդ օրը կավարտի, սակայն ոչ Ռոնալդուն: Հենց սա ամենապարզ օրինակն է, թե ինչպես է նա, առանց իր տարիքը հաշվի առնելու, պայքարում նպատակին հասնելու համար ու ստիպում, որ ամբողջ աշխարհը ոտնկայս ծափահարի իրեն՝ հերթական խելահեղ ցուցանիշը գրանցելու համար:

Մբապեն կարող է գալ ու խփել ավելի շատ գոլեր, քան Ռոնալդուն, Ազարը կարող է ավելի շատ տիտղոսներ նվաճել, քան Ռոնալդուն, իսկ գուցե Ասենսիոն ավելի սիրելի դառնա մադրիդցիների համար, քան նա: Ամբողջովին իրատեսական է այս ամենը, բայց Պերեսը չի գտնի երկրորդին, ով այսքան կնվիրվի դաշտում, որքան Ռոնալդուն, ֆուտբոլը նրա համար պարզապես խաղ չէ, այլ երազանքները իրականություն դարձնելու թատրոն: Ռոնալդուն այս հատկանիշներով առանձնանում է բոլորից, նույնիսկ իր հավերժ մրցակցից՝ Մեսսիից:

Եվ ոչ մեկին չի հետաքրքում, իսկ Մեսսի՞ն

Պատկերացրեք դուք արդեն մոտավորապես 30 տարեկան եք, ֆուտբոլում նվաճել եք բառի բուն իմաստով ամեն ինչ: Նվաճել եք թիմային ու անհատական պայքարում հնարավոր ու անհնարին այն ամենն, ինչ կարող եք: Քո սեփական տիտղոսների թանգարում այլևս տեղ չկա նոր մրցանակների համար, քո հարազատ ակումբում ու քաղաքում քեզ ընդունում են Աստծո պես և միակ բանը, որ քեզ պահում է այս խաղի մեջ դա հավերժ մրցակցի առաջատարի հետ մրցակցելն է:

Եվ, օրերից մի օր նա որոշում է հավաքել ճամպրուկներն ու հեռանալ հեռու... Հենց նման վիճակում է հիմա Լիոնել Մեսսին, ինչպե՞ս կվարվեիք դուք, եթե լինեիք Մեսսիի փոխարեն ու ունենայիք կարիերան շարունակելու մի քանի տարբերակ.

Ա. Ոչինչ չանել, պարզապես մնալ «Բարսելոնայում», շարունակել քայլել դաշտում, նվաճել ևս մի քանի տիտղոս ու ավարտել լեգենդար ֆուտբոլիստի կարիերան:

Բ. Համոզել գործակալին, որ իրականացնի իր տրանսֆերը Թուրինի «Տորինո» և Ռոնալդուի հետ պայքարը տեղափոխել Ա Սերիա

Գ. Նստել և կարոտել Ռոնալդուին


Ինչևէ, Լա լիգայի երկու ամենավառ շողացող աստղերից մեկը հեռանում է, իսկ մյուսը` հեռանալու ճանապարհին է: Շատերն էին բողոքում, որ ամեն Էլ Կլասիկոյից հետո երկրպագուները սկսում են համեմատել ու քննարկել Ռոնալդուին և Մեսսին: Պորտուգալացին ազատեց բոլորին այդ «պարտականությունից», հիմա նրանք ինչ-որ տեղ տխրելու են, կլասիկոներից հետո բուռն քննարկումների ու համեմատությունների առիթ չլինելու համար:

Ռոնալդու-Մեսսի հակամարտությունը Լա լիգայի շրջանակում ավարտվում է. թե ով հաղթեց այդ պայքարում` ամեն մեկն ունի իր տեսակետը... Միայն մեկ բան է հստակ` Իսպանիայի առաջնությունում այլևս երբեք նման դիմակայություն չի լինի: 

 Սուրեն Սուքիասյան

Share |

Լրահոս

Loading...