Գեղամ Հարությունյան. Իմ կյանքում միշտ ձգտել եմ, որ ամեն ինչ հստակ լինի

20:09 27.07.2018

«Armsport.am»-ը հյուրընկալել էր «Գանձասար-Կապանի» հարձակվող Գեղամ Հարությունյանին:

Ֆուտբոլիստի հետ զրուցել ենք կարիերայի ընթացքի, Եվրոպա լիգայում թիմի ելույթների, սպասվող նորությունների և այլ թեմաների մասին.

- Ինչպե՞ս է անցնում առաջնության նախապատրաստական փուլը, ինչպե՞ս կգնահատես մարզավիճակդ:

- Չնայած եղանակային պայմանները հարմար չեն՝ շոգ է, սակայն ամեն օր քրտնաջան աշխատում ենք ու պատրաստվում գալիք մրցաշրջանին: Մարզավիճակս գնահատում եմ բավարար, լավ էի պատրաստվել Եվրոպա լիգայի խաղերին: Կարևորը վնասվածք չունեմ:

- Թիմում երեք կենտրոնական հարձակվողներ կան, մրցակցությունը օգնո՞ւմ է քեզ:

- Իհարկե, մրցակցությունը միշտ կարևոր է ֆուտբոլիստի համար: Մրցակցություն պետք է լինի, որ թիկունքումդ զգաս շունչը, որպեսզի ամեն վայրկյան ու ամեն պահի պատրաստ լինես որակներդ ցույց տալ, թե չէ կհայտնվես պահեստայինների նստարանին:

- «Լեխի» դեմ երկու խաղերում դու և Գևորգ Նռանյանը միասին էիք խաղում մեկնարկային կազմում, ըստ քեզ՝ ստացվե՞ց ձեր համագործակցությունը:

- Կարծում եմ՝ համագործակցությունը լավ էր ստացվում: Մարզիչը հանձնարարել էր Նռանյանին ավելի խորքից գործել և օգնել նաև կիսապաշտպաններին ու պաշտպաններին, և նա բավականին լավ խաղ ցուցադրեց ու ապացուցեց, որ ֆուտբոլիստը անկախ դիրքից պետք է կարողանա խաղալ այնտեղ, որտեղ պահանջում է մարզիչը:

- Թիմի վրա հոգեբանորեն մե՞ծ ազդեցություն է թողել վերջին րոպեին «Լեխից» ընդունած գոլն ու Եվրոպա լիգայի խաղարկությունից դուրս մնալը:

- Իհարկե բոլորս էլ մեծ ափսոսանք ենք ապրում: Ոչ ոք չէր պատկերացնի, որ կկարողանանք «Լեխի» դեմ խաղալ այդպես: «Լեխին» նկարագրում էին, ինչպես ահասարսուռ մրցակից, սակայն տեսանք, որ նրանց շրջանցելը հնարավոր առաջադրանք էր: Ցավոք, ընդամենը մեկ պահը, մեկ սայթաքումը մեզ խանգարեց անցնել հաջորդ փուլ:

- Տուգանային հարվածով հրաշալի գոլի հեղինակ դարձար. մարզումների ժամանակ առանձնահատուկ ուշադրություն դարձրե՞լ ես ստանդարտներին:

- Եղել են դեպքեր, երբ աշխատել եմ տուգանայինների և 11-մետրանոցների վրա: Պարապմունքների վերջում մարզիչն ասում է. «Մնացեք և զարգացրեք այն, ինչ ձեզ պետք է»: Պաշտպաններին մի գործողություն է պետք զարգացնել, հարձակվողներին` մեկ ուրիշ, ես էլ աշխատում եմ ստանդարտների վրա:

- Ասում են՝ ֆուտբոլիստի ինտուիցիա կա, երբ զգում ես, որ կարող ես գոլ խփել, տուգանայինի ժամանակ այդ զգացողությունը կա՞ր:

- Անկեղծ ասած՝ կարծում էի, որ պետք է գոլի հեղինակ դառնամ: Առաջին խաղում ինձ մի փոքր չհերիքեց գոլ խփելու համար: Ցավալի էր, որ չկարողացա գոլ խփել, լավ հնարավորություններ ունեի: Երկրորդ խաղում էլ ամեն ինչ անում էի գոլ խփելու և թիմին օգնելու համար: Ցավոք այդ գոլը չօգնեց թիմին անցնել հաջորդ փուլ:

- Երևանում տեղի ունեցած խաղից հետո «Լեխի» մարզիչը առանձնացրել էր քեզ, Ալեքսին և Մուսոնդային: Անգամ խոսակցություններ կային, թե «Լեխը» ցանկանում է առաջարկել քեզ տեղափոխվել լեհական ակումբ, ի՞նչ կասես այս մասին:

- Ճիշտն ասած՝ ընկերներիցս եմ լսել այդ մասին: Կոնկրետ առաջարկի մասին ոչինչ չգիտեմ, թե ինչ է ասել «Լեխի» մարզիչը, խաղից հետո, դրանից էլ տեղյակ չեմ:

- Իսկ վերջին տարիներին արտասահմանյան ակումբներից առաջարկներ ունեցե՞լ ես:

- Այո, առաջարկներ եղել են, սակայն ոչ մի հստակեցում չի եղել: Ես իմ կյանքում միշտ ձգտել եմ, որ ամեն բան հստակ լինի: Եվ քանի որ հստակ չի եղել, չեմ համաձայնել տեղափոխվել:

- Անցնենք ներքին առաջնությանը. ինչպե՞ս կգնահատես «Գանձասար-Կապանի» շանսերը առաջնությունում, և ըստ քեզ ո՞ր թիմն է չեմպիոնական մրցավազքում ձեր ամենաուժեղ մրցակիցը:

- Թիմի առջև, ինչպես միշտ, բարձր խնդիրներ են դրված: Կարծում եմ այս տարի հետաքրքիր և դիտարժան առաջնություն է լինելու: Տեսանելի է, որ բոլոր թիմերն ուժեղանում են: Թիմեր կան, որ ամբողջապես փոխվել են, թիմեր կան, որոնց դեմ դեռ չենք խաղացել: Ուստի կարծում եմ, բոլորի հետ էլ դժվար է լինելու: Պետք է պայքարել առաջատար դիրքեր զբաղեցնելու համար:

- Վերջերս ևս մեկ անգամ հրավիրվեցիր Հայաստանի ազգային հավաքական, սակայն խաղաժամանակ չստացար, սա ինչ-որ կերպ խանգարո՞ւմ է քեզ, թե՞ ավելի է մոտիվացնում:

- Այս հարցն ինձ միշտ տալիս են և ես միշտ պատասխանում եմ, որ կապ չունի հավաքական կհրավիրվեմ, թե չէ, ես միշտ մոտիվացված եմ մտնում խաղադաշտ: Իսկ նորից կհրավիրվեմ, թե ոչ, կորոշի հավաքականի մարզիչը:

- Մանկության տարիներին եղե՞լ է ֆուտբոլիստ, ում խաղը նայելով ոգեշնչվել ես:

- Իհարկե կա նման ֆուտբոլիստ: Իմ ամենասիրելի ֆուտբոլիստը եղել է Ռոնալդինյոն, չնայած նրան, որ իր խաղաոճը իմինին ընդհանրապես չի համապատասխանում: Նրա կախարդական հնարքներն են տպավորվել, նա ֆուտբոլից ուղղակի հաճույք էր ստանում:

- Իսկ ո՞ր ակումբում ես երազել հանդես գալ:

- Որպես այդպիսին, երազանք չեմ ունեցել, օրինակ հանդես գալ «Բարսելոնայում»: Բայց, երբ մտածում եմ ավելի խորը, հասկանում եմ, որ իմ դիրքն ու խաղաոճը կհամապատասխաներ անգլիական ֆուտբոլին:

- Կա՞ որևէ այլ սպորտաձև, որով զբաղվել կամ հետաքրքրվել ես: 

- Իհարկե կա՝ մեծ թենիսը: Սիրում եմ թենիսը, սակայն ցավոք սրտի չեմ կարողանում շատ ժամանակ տրամադրել դրան: Թենիսիստներից կառանձնացնեմ Նովակ Ջոկովիչին:

Նորայր Հարությունյան

Share |

Լրահոս