Ոչ մի ճանապարհ Մադրիդ չի տանում. Այնտեղ է Լոպետեգիի սիրելին

21:50 30.07.2018

Նոր մրցաշրջանից առաջ «Ռեալում» թեժ մթնոլորտ է։ Մադրիդյան թիմի երկրպագուները հազիվ էին համակերպվել Զինեդին Զիդանի՝ գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու որոշման և Խուլեն Լոպետեգիի՝ այդ պաշտոնում նշանակման հետ, երբ ստացան երկրորդ հարվածը՝ ակումբի պատմության լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվեց «Յուվենտուս»։ Պորտուգալացու տրանսֆերից հետո մի բան պարզ է՝ «Ռեալն» այլևս երբեք առաջվանը չի լինի։

Ռոնալդուին փոխարինել հնարավոր չէ։ «Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակրի՝ խաղադաշտում և խաղադաշտից դուրս (գովազդային պայմանագրեր, մարքեթինգային արշավներ) առավելություններն այնքան շատ են, որ տրանսֆերային շուկայում դժվար գտնվի մեկը, ով կկարողանա լիարժեք փոխարինել նրան, բայց Մադրիդին նոր արքա է հարկավոր։

Շատերը համոզված են, որ «Ռեալը» նոր փուլ կթևակոխի՝ դառնալով տրանսֆերային խոշոր գործարքի հեղինակ։ Այս կապակցությամբ ոմանք շտապեցին Մադրիդ ուղարկել Նեյմարին կամ Կիլիան Մբապեին, սակայն «Ռեալը» երկու դեպքում էլ հանդես եկավ պաշտոնական հերքմամբ։ Մնաց նրա անունը, ով տարիներ շարունակ չի թաքցրել «Ռեալում» խաղալու իր մեծ ցանկությունը և որի տեղափոխության վերաբերյալ դեռ պաշտոնական հերքում չկա։

Հնարավո՞ր է Էդեն Ազարի «Ռեալ» տեղափոխությունը և արդյո՞ք բելգիացին պետք է մադրիդյան ակումբին։

Հարմար պահ փոփոխությունների համար

Էդեն Ազարի անունը շատ անգամներ են կապել «Ռեալի» հետ, և բոլոր դեպքերում բելգիացին զուսպ մեկնաբանություններ է տվել՝ միևնույն ժամանակ չթաքցնելով մադրիդյան ակումբի նկատմամբ համակրանքը։ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դառնալուց հետո Ազարը բարձրաձայնեց՝ փոփոխություններ է ցանկանում․

««Չելսիում» 6 հիանալի մրցաշրջան անցկացնելուց հետո գուցե եկել է փոփոխությունների ժամանակը։ Ես կարող եմ որոշել՝ մնա՞լ, թե՞ հեռանալ, բայց վերջին խոսքը «Չելսիինն» է։ Դուք գիտեք՝ հեռանալու դեպքում որտեղ կցանկանայի խաղալ․․․»

Բելգիացու ակնարկը տեղ հասավ, և այժմ նրա հավանական տեղափոխության մասին տեղեկություններն անպակաս են լրահոսից։ Անգլիայում Ազարը հասել է իր առավելագույնին՝ երկու անգամ դարձել է չեմպիոն, հաղթել է գավաթի խաղարկությունում, 4 անգամ հայտնվել է Պրեմիեր լիգայի տարվա խորհրդանշական հավաքականում, մեկ անգամ դարձել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Նրան հիմա նոր կիրք, նոր մարտահրավեր է հարկավոր, որը կարող են ապահովել «Ռեալն» ու Չեմպիոնների լիգայում հաղթանակը։ Ակումբային և հավաքականի մակարդակով Ազարն անցել է բոլոր փորձությունները կարիերայում բարձր ցատկ կատարելու համար։ Իր ունակություններով Ազարն առաջատար է՝ հիանալի դրիբլինգի է տիրապետում, թիմային խաղը գերադասում է անհատականից, հրաշալի նկատում է փոխանցումների համար ամենահարմար հասցեատերերին և թիմի համար կարևոր շրջաններում կարողանում է հանդես գալ առավելագույն զգոնությամբ։

Աշխարհի առաջնության ժամանակ նա ապացուցեց, որ բավականաչափ ունիվերսալ է տարբեր սխեմաների հարմարվելու համար․ Դրիս Մերտենսի և Ռոմելու Լուկակուի հետ նա 3-4-3 դասավորությամբ խաղում էր հարձակման գծում, իսկ Կևին դե Բրյունեի՝ կեղծ «9» համարի դիրքում խաղալու դեպքում գործում էր խորքից (օրինակ՝ Բրազիլիայի հավաքականի հետ քառորդ եզրափակչում)։ Կարծես, «Ռեալ» տեղափոխվելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները կան, բայց ամեն ինչ այնքան իդեալական չէ, որքան առաջին հայացքից է թվում։

Համեստ հերոս «Ռեալի» համար

«Ռեալի» համար Ազարը չի լինի այնքան կարևոր, որքան «Չելսիի»։ «Ռեալում» հայտնվելու մեծ ցանկությունը գուցե օգնի հարմարվել «Չելսիում» խաղալու համեմատ կարգավիճակի փոփոխությանը, բայց արդյո՞ք «Ռեալն» էլ կհարմարվի Ազարի բնավորությանը։ Եթե իր տեխնիկայով և դրիբլինգով Ազարն առաջատար է «Չելսիում», ապա «Ռեալում» միշտ կան այլընտրանքներ։ Մադրիդում Ազարից՝ որպես առաջատարից, Ռոնալդուի գոլերից չէ, բայց սառնասրտությունից և ինչ-որ տեղ ֆուտբոլային եսասիրությունից պահանջելու են։ Ազարը դրանք չունի, ինչի մասին վկայում են նաև բելգիացու նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեի խոսքերը․

«Երբեմն ինձ թվում է, որ Ազարն ուրախանում է, եթե մեկ գոլից ավելի չի խփում։ Եթե նա արդեն գոլ է խփել և հարմար պահ ունի, գերադասում է փոխանցում կատարել։ Ահա սրանով նա տարբերվում է Ռոնալդուից։ Մեկ գոլ խփելու դեպքում Ռոնալդուն ցանկանում է խփել երկրորդը, հետո երրորդը․․․ Նույնը նաև Մեսսին։ Ազարի դեպքում այդպես չէ»։

Բելգիացու խաղային համեստությունը տեղափոխության համար միակ խնդիրը չէ։ Կա ավելի ուժեղ խոչընդոտ։

Իսկոյի և Խուլեն Լոպետեգեի իդեալական հարաբերությունները

Իսպանիայի հավաքականը գլխավորելու շրջանում Լոպետեգեի սիրելին ու գլխավոր աստղն Իսկոն էր։ Ազարի և Լոպետեգեի նախընտրած Իսկոյի դիրքերն ու ֆունկցիաները գրեթե համընկնում են։ Հավաքականում Լոպետեգին Իսկոյին օգտագործում էր կիսապաշտանության ձախ եզրում։ Բացի այդ, Իսկոն այն ֆուտբոլիստներից չէ, ով սիրում է հանուն թիմակիցների բարօրության հարմարվել կոնկրետ դիրքի։ Մադրիդում Զիդանը որոշակիորեն սահմանափակում էր իսպանացու ազատությունը, սակայն հավաքականում Լոպետեգին նրան արտոնություններ էր տալիս։ Իսկոն քաոսային է տեղաշարժվում և հաճախ խլում է մյուսների դիրքերը։ Եթե հավաքականում Լոպետեգին Իսկոյին էր վստահում գլխավոր դերակատարությունը, ինչո՞ւ պետք է նույնը չանի մադրիդյան թիմում և ինչո՞ւ պետք է շահագրգռված լինի Ազարի տեղափոխությամբ։

Այլ խնդիրներ

Տեղափոխությանը կարող է խոչընդոտել նաև Ազարի տրանսֆերային արժեքը։ Վերջին լուրերի համաձայն, «Չելսին» իր աստղից 200 միլիոն ֆունտ սթերլինգից պակաս գումարի դեպքում չի պատրաստվում բաժանվել։ Վերջին մրցաշրջաններում համեմատաբար համեստ ծախսերով աչքի ընկնող «Ռեալը» մտադիր չէ բավարարել լոնդոնցիների ախորժակը։ Եթե այդուհանդերձ Ֆլորենտինո Պերեսը որոշի ամբողջ աշխարհին հիշեցնել, որ տրանսֆերային շուկայում ժամանակին իր գայթակղիչ առաջարկներն էին մյուս ակումբների ահուսարսափը, առաջ կգա ևս մեկ խոչընդոտ՝ գործարքը կայացնելու ժամկետը։

Եթե «Ռեալն» իսկապես ցանկանում է գնալ որոշակի զոհողությունների և գնել Ազարի տրանսֆերը, պետք է շտապի, քանի որ Անգլիայի Պրեմիեր լիգայում տրանսֆերային պատուհանը մասնակիորեն փակվելու է օգոստոսի 9-ին։ Պրեմիեր լիգայի ակումբներն օգոստոսի 9-ից հետո կարող են վաճառել իրենց ֆուտբոլիստներին, սակայն նորերին չեն կարողանա գնել։ «Չելսիի» մարզչական անձնակազմը և ղեկավարությունը բավականաչափ խելամիտ են հասկանալու համար, որ առաջատարից բաժանվելու դեպքում նրան փոխարինող օգոստոսի 9-ից հետո չեն կարողանա ձեռք բերել, իսկ այդ օրը սարերի հետևում չէ։

Ազարը պատրաստ է գնալ երազանքի հետևից և գուցե հենց հիմա սրտատրոփ սպասում է մադրիդյան և լոնդոնյան ակումբների կողմից հստակ քայլերի։ «Ռեալում» գիտակցում են՝ փոփոխություններն անխուսափելի են, բայց երկմտում են՝ ո՞վ է լինելու նոր ժամանակաշրջանի խորհրդանիշը։ Այժմ կողմերն անցումային փուլում են, մնում է՝ փոփոխությունների ձգտող ֆուտբոլիստի և փոփոխությունների կարիք ունեցող ակումբի ճանապարհները հատվեն, բայց...։

Գայանե Աբասյան

Share |

Լրահոս

Loading...