Լևոն Վահրադյան. Պետք է գործել ի շահ սպորտի զարգացման

14:40 01.08.2018

Մայիսին Լևոն Վահրադյանը նշանակվել է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:

Armsport.am-ը հյուրընկալվել է և զրուցել մոտ 80 օր պաշտոնավարող նախարարի հետ.

 - Պարոն Վահրադյան, դեռ չի լրացել նախարար լինելու ամփոփիչ 100 օրը. ինչպիսի՞ն է այս ժամանակահատվածը:

 - Ըստ ավանդույթի՝ ամփոփում ենք 100-րդ օրվանից հետո:

Շատ փակագծեր չբացենք, նախատեսվում է 100-րդ օրն ամփոփող ելույթը: Մենք ոլորտային փոփոխություններ ենք անում, ինչը շարունակական գործընթաց է:

 - Ինչպիսի՞ն է կառավարության մոտեցումը սպորտին:

 - Ոչ միայն սպորտին այլ նաև մյուս ոլորտներին կառավարության մոտեցումը շատ դրական է: Բոլոր հարցերին կա արագ արձագանքում, օբյեկտիվ վերլուծություն և արագ լուծում:

 - Պաշտոնում Ձեզ նախորդող Հրաչյա Ռոստոմյանի հետ ունենո՞ւմ եք հանդիպումներ, քննարկումներ:

 - Բնականաբար՝ այո: Հրաչյա Ռոստոմյանը ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարն է. կոմիտեն Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ երկար տարիներ մեծածավալ աշխատանք է իրականացնում: Մեր գործը միասնական է՝ երկրում սպորտային լավ քաղաքականություն վարել:

 - Սպորտին հատկացվող բյուջեի հարցն ի՞նչ փուլում է:

 - Բյուջեի հարցը քննարկումների փուլում է, մենք շարունակում ենք մեր տեսլականը ներկայացնել: Հենց այս պահին էլ ամեն ինչ ընթացքի մեջ է, արդյունքը պարզ կլինի ավելի ուշ: 

 - Հանդիպումներ եք ունենում ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ. ի՞նչ իրավիճակ է հենակետային և մյուս ֆեդերացիաների մոտ:

 - Հանդիպումներն ըստ օրացույցի և առաջացած խնդրի է: Ես նշել եմ, որ ոլորտային լավ «ժառանգություն» եմ ստացել: Մենք պարտավորվում ենք ավելացնել: Ֆեդերացիաների հետ աշխատանքները մեծ թափ են ստացել: Հաջորդ տարին մեզ համար նախաօլիմպիական է, և մենք շատ անելիքներ ունենք ծանրաբեռնվածության, ֆինանսական, օգտակար գործակիցը բարձրացնելու և մի շարք այլ հարցերում:

 - Առաջիկայում ի՞նչ միջոցառումներ են սպասվում:

 - Օգոստոսի 12-ին երիտասարդների օրվան նվիրված միջոցառում ունենք, որը նախատեսված է բոլոր մարզերում: Իմ և փոխնախարարների այցեր են նախատեսվում մարզեր: Ըստ գրաֆիկի՝ հանդիպելու ենք ոլորտի ներկայացուցիչների հետ:

 - Հանդիպում եք ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, քննարկվել էր մարզական մի շարք միջոցառումներն Արցախում անցկացնելու հնարավորությունները. ի՞նչ փուլում են այդ աշխատանքները:

 - Արցախի նախագահի հետ քննարկումներն անցան ջերմ և արգասաբեր մթնոլորտում: Արցախի հետ համագործակցությունը պետք է զարգացնենք: Այնտեղ սպորտաձևերը զարգացնելու գործում ունենք ծրագիր, որը գրեթե ավարտի փուլում է: 

 - Հրաչյա Ռոստոմյանը նախարար լինելու ընթացքում հանդիպումներ ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ. Ձեր ծրագրում ՀՖՖ-ի հետ համագործակցություն ներառվա՞ծ է:

 - Ես՝ որպես սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, բաց եմ և ցանկություն ունեմ բոլոր ֆեդերացիաների հետ սերտ համագործակցել: Որևէ ֆեդերացիայի հետ խնդիր չեմ տեսնում: Պետք է գործել ի շահ սպորտի զարգացման:

 - Ձեր պաշտոնավարման մեկնարկը համընկավ բասկետբոլի ֆեդերացիայում առաջացած խնդիրների հետ. ի՞նչ է սպասվում ՀԲՖ-ին:

 - Բասկետբոլի ֆեդերացիան աշխատանքները ծրագրում և իրագործում է ըստ գրաֆիկի: Մենք՝ որպես պետությունում տվյալ ոլորտը կազմակերպող մարմին, հնարավորինս շատ աջակցելու ենք բոլոր ֆեդերացիաներին: Բասկետբոլի հետ կապված ամեն ինչ դեռ վերջնական չէ: Հուսով եմ, որ բասկետբոլը Հայաստանում նոր թափ է հավաքելու: Ա լիգան մեծ օգուտ տվեց երկրում սպորտաձևի զարգացմանը: Այս տարի ևս նախատեսվում է անցկացնել առաջնությունը՝ ավելի հզոր և թիմերի ավելի շատ ընգրկվածությամբ:

 - Նախկին «Միկա» մարզահամալիրը, որը պատկանում է նախարարությանը, չի կարող ընդունել միջազգային հանդիպումներ...:

 - Այդ հարցով աշխատանքներ են տարվում: Ամեն ինչ անելու ենք, որ յուրաքանչյուր մարզաձև, այդ թվում բասկետբոլը, զարգացնենք:

 - Ներկայացրեք մասսայական սպորտի քաղաքականությանն առնչվող անելիքները:

 - Ինչպես գիտեք, հուլիսի 28-ին Ծաղկաձորում կայացավ «Լավագույն մարզական ընտանիք-2018» 15-րդ մրցույթը: Ավանդույթի համաձայն՝ շատ լավ էր կազմակերպվածությունը:

Մենք ունենք 12 համապետական մարզական միջոցառումներ, որոնք ընդգրկում են նախադպրոցականից մինչև տարեցների ներգրավվածությունը: Յուրաքանչյուրս պետք է հասկանա, որ սպորտը և ֆիզկուլտուրան և սպորտը պետք է լինի մեր կյանքի անբաժան մասը: Կարևոր է մատաղ սերնդի մեջ առողջ ապրելակերպը սերմանել: Անցած տարում մոտ 115 հազար մասնակից ունեինք, իսկ այս տարի արդեն 200 հազարն անց. բավականին մեծ թվով մարդիկ զբաղվում են մասսայական սպորտով: Մենք այս թիվը պետք է ավելացնենք. նախարարության աշխատանքներում այս ամենը կարևորում ենք:

Արման Առաքելյան

Share |

Լրահոս