Խնդիրը կատարված է. Ալաշկերտը հաղթահարեց Սուտյեսկայի արգելքը

20:56 02.08.2018

Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի նախորդ մրցաշրջանի չեմպիոն «Ալաշկերտը» մրցեց «Սուտյեսկայի» հետ:

Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր երևանյան ակումբի հաղթանակով՝ 1:0 հաշվով: Միակ գոլը խփել էր Մլադեն Զելկովիչը:

Պատասխան մրցավեճը հիմնականում անցավ «Ալաշկերտի» առավելությամբ: Երկու թիմերն էլ ունեին գոլային հնարավորություններ, սակայն վտանգավոր պահերն այնքան էլ շատ չէին:

Սուքիասյանի թիմից առաջին խաղակեսում հաշիվը կարող էր բացել Ջեֆերսոնը, երկու անգամ էլ գոլային լավ հնարավորություն ունեցավ Նենադովիչը:

Երկրորդ խաղակեսի վերջնամասում էլ Ջեֆերսոնը լավ հնարավորություն ունեցավ հաշիվը բացելու համար, սակայն հարվածը շեղ ընթացավ: Մրցավարի ավելացրած րոպեներին մի քանի անգամ հիանալի խաղաց «Ալաշկերտի» դարպասապահ Օգնեն Չանչարևիչը, ով փրկեց իր թիմին վտանգավոր դրվագներում:

Նշենք, որ վերջնամասում «Ալաշկերտի» միակ հարձակվող Նենադովիչի փոխարեն խաղադաշտ մտավ Էդգար Մանուչարյանը, ով նոր է համալրել ակումբի շարքերը:

Խաղում գոլ այդպես էլ չգրանցվեց՝ 0:0: «Ալաշկերտը» երկու խաղերի արդյունքում հաղթում է 1:0 հաշվով ու դուրս գալիս ԵԼ-ի որակավորման երրորդ փուլ, որտեղ մրցակիցը կլինի ռումինական «Կլուժը»:

«Ալաշկերտը» դառնում է հայկական ֆուտբոլի պատմության մեջ երկրորդ ակումբը, որը նվաճում է եվրագավաթների որակավորման երրորդ փուլի ուղեգիր: Հուլիսի 31-ին նման նվաճման հասել էր Երևանի «Փյունիկը»:

Share |

Լրահոս