ԶԼՄ-ներ. Բոատենգը զանգահարել է Մոուրինյուին և հրաժարվել տեղափոխվել ՄՅՈւ

10:54 08.08.2018

«Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգն անձամբ է զանգահարել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին և հրաժարվել մանկունիացինեի կազմ տեղափոխվելուց:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդվում էր, որ 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ոչ միայն ՄՅՈւ-ն, այլև` ՊՍԺ-ը:

Նշվում էր, որ փարիզեցիները գերմանացի ֆուտբոլիստին ավելի լավ պայմաններով պայմանագիր են առաջարկել, և Բոատենգը մտադիր է կարիերան շարունակել Ֆրանսիայում:

Այսօր, ինչպես հայտնում է «Bild»-ը, «Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը վերջին պահին միջամտել է իրավիճակին և պարտադրել Բոատենգին հետ կանգնել տեղափոխվելու որոշումից:

Ժերոմը մյունխենյան ակումբ է տեղափոխվել «Համբուրգից» 2011 թվականին: Ավարտված մրցաշրջանում նա գերմանական Բունդեսլիգայի 19 հանդիպման է մասնակցել, դարձել է գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս