Դիդիե Կադիոն կարիերան կշարունակի Ֆինլանդիայում. ֆուտբոլիստը մանրամասներ է ներկայացրել

15:23 08.08.2018

28-ամյա կենտրոնական պաշտպան Դիդիե Բորիս Կադիոն, ով հեռացել է «Փյունիկից», կարիերան կշարունակի Ֆինլանդիայում:

Այս մասին «ArmSport.am»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է անձամբ իվուարցի ֆուտբոլիստը:

Ֆուտբոլիստի հավաստմամբ, երևանյան ակումբի հետ իր պայմանագրի ժամկետն ավարտվել է ու Թել-Ավիվի «Մաքքաբիի» հետ երեկ կայացած խաղը վերջինն էր իր համար «Փյունիկում».

«Պայմանագիրս ավարտվել է, և ես ցանկանում եմ այլ մարտահրավեր ընդունել:

Արդյոք չէի՞ ցանկանա մասնակցել «Մաքքաբիի» հետ պատասխան խաղին. իհարկե, կցանկանայի, բայց պայմանագրիս ժամկետն ավարտվել է: Վստահ եմ` «Փյունիկը» պատմություն կկերտի նաև առանց ինձ»,- ասել է ֆուտբոլիստը` չցանկանալով մեկնաբանել, թե ֆիննական որ ակումբում է շարունակելու կարիերան.

«Կշարունակեմ հանդես գալ Ֆինլանդիայում, բայց այս պահին չեմ ցանկանա խոսել ապագա ակումբիս մասին»:

Ըստ մեր տեղեկությունների, Դիդիե Բորիս Կադիոն, ով 2017 թվականի վերջերին էր միացել «Փյունիկին» Կարագանդայի «Շախտյորից», կարիերան կշարունակի Ֆինլանդիայի Բարձրագույն խմբում հանդես եկող SJK («SJK Seinäjoki») ակումբում, որը գլխավորում է երևանյան թիմի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսեյ Երյոմենկոն:

Դիդիե Կադիոն մեզ հետ զրույցում ո՛ չ հերքել և ո՛ չ հաստատել է այս լուրը.

«Հնարավոր է»,- ասել է նա ու ամփոփել երևանյան ակումբում անցկացրած իր կարիերան.

«Հիանալի ճանապարհ անցա այս հիասքանչ թիմի հետ: Ուրախ էի, որ «Փյունիկում» էի և այս քաղաքում: Հուսով եմ` նրանք հպարտ են ինձնով, քանի որ ներդրել եմ իմ ողջ ուժերն ու սիրտը` այս թիմի համար: Լավագույն մաղթանքներս «Փյունիկին»: Հուսով եմ` մի օր կվերադառնամ»,- եզրափակել է իր խոսքը Դիդիե Բորիսը:

 

Share |

Լրահոս