Աննախադեպ մեկնարկ Առաջին խմբում. Յունիոր Սևանը խաղացել է 10 հոգով և հաղթել

17:33 08.08.2018

Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում չսլված դեպք է գրանցվել:

«Յունիոր Սևան» թիմի ֆուտբոլիստների մեծ մասի տրանսֆերները դեռևս պատրաստ չեն եղել, և Առաջին խմբի նորեկը «Շիրակ-2»-ի հետ Գյումրիում կայացած առաջին տուրի խաղում դաշտ է դուրս եկել 10 ֆուտբոլիստով:

Հայտավորվել են միայն հայ ֆուտբոլիստներն ու Յոհան Պելտիերը, ով «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Լեսթեր Պելտիերի եղբայրն է:

Հատկանշական է, որ այդ 10 խաղացողներից մեկը` Արամ Հովսեփյանը, վնասվածք է ունեցել և խաղին մասնակցել է ներարկումներով:

9 ռուս ֆուտբոլիստ դուրս է մնացել հայտացուցակից, և «Յունիոր Սևանի» պահեստայինների նստարանին գտնվել է միայն թիմի գլխավոր մարզիչ, 52-ամյա բելառուս մասնագետ Սերգեյ Գերասիմեցը:

Չնայած ծանր իրավիճակին` թիմը կարողացել է 2:1 հաշվով հաղթանակ տանել: Հանդիպման հաշիվն արդեն 15-րդ րոպեին բացել է վնասվածք ունեցող Արամ Հովսեփյանը, իսկ թիմի առավելությունը կրկնապատկել է Հակոբ Լոռեցյանը` 38-րդ րոպեին մոտ 35 մետրից դիպուկ իրացնելով տուգանային հարվածը:

Երկրորդ կեսի մեկնարկում հաշիվը կրճատվել է, երբ «Յունիոր Սևանի» ֆուտբոլիստը գրավել է սեփական դարպասը: Խաղն այդպես էլ ավարտվել է:

«ArmSport.am»-ի հետ զրույցում «Յունիոր Սևանի» 25-ամյա դարպասապահ Գոռ Մարտիրոսյանը, ով նաև թիմի ավագն է, խոսել է այն մասին, թե ինչպես է իրենց հաջողվել դրական արդյունքի հասնել դժվարին իրավիճակում.

«Հասկացանք իրավիճակն ու նախընտրեցինք խաղալ, քան պարզապես 3 միավոր նվիրել «Շիրակ-2»-ին: Խաղացինք ու արժանիորեն հաղթանակ տարանք: 

Որպես ավագ դժվար էր գտնել բառեր նախ թիմին մոտիվացնելու համար, բայց երբ նայում էի տղաների աչքերի մեջ միանգամից հասկանում էի, որ բոլորն էլ գիտակցում են պահի` չափից դուրս լրջությունը, որ պետք է խաղանք 9,5 ֆուտբոլիստով ու առանց պահեստային նստարանի, սակայն չպարտվելու, հաղթելու ցանկությունն ավելի մեծ էր:

Ու հենց այդ ցանկության, ամեն մի մետր քառակուսում պայքարելու շնորհիվ հաղթեցինք: Մենք ունեինք աջակցություն տրիբունայից, այն տղաները, ովքեր դեռ իրավունք չունեին խաղալու, աջակցում էին տրիբունայից, նաև մեր ղեկավար ու ադմինիստրատիվ կազմը, Սևանի քաղաքապետը և էլի երկրպագուներ Սևանից: Շնորհակալ եմ բոլորից բարձր կամային ու թիմային ոգի ցուցաբերելու համար:

Պետք է նշեմ, որ թղթային հարցերն արդեն լուծվել են և հաջորդ խաղում կկարողանանք ներկայանալ պատշաճ կազմով»,- մեզ հետ զրույցում ասել է Գոռ Մարտիրոսյանը:

Հաղթական խաղից հետո «Յունիորի» ֆուտբոլիստները լուսանկարվել են ակումբի մարզչական շտաբի, Սևանի քաղաքապետի և Սևանից ժամանած երկրպագուների հետ

 

Խոսելով նորաստեղծ ակումբի և թիմի առջև դրված խնդիրների մասին` Գոռ Մարտիրոսյանը մասնավորապես ասել է.

«Նորաստեղծ ու բավականին լավ թիմ է ձևավորվել: Կան և՜ փորձառու ,և՜ երիտասարդ ֆուտբոլիստներ: Մարզչական կազմի ներկայացուցիչները շատ պրոֆեսիոնալ ու մաքսիմալիստ են: Թե՜ խաղերին, թե՜ մարզումներին փորձում են առավելագույնը քաղել քեզնից, ինչը նպաստում է թե՜ անձնական, թե՜ թիմային հաջողությանը:

Խաղադաշտ են դուրս գալիս այն ֆուտբոլիստները, ովքեր իսկապես լավ են աշխատում ու պատրաստ են: Ստեղծել են արդար մրցակցություն ինչն ամենակարևորն է ֆուտբոլում: Ղեկավարներն ամեն ինչ անում են, որպեսզի թիմը պատշաճ կերպով պատրաստվի թե՜ մարզումներին և թե՜ խաղերին, ինչպես նաև խաղից հետո տարվող վերականգնողական գործընթացին:

Ալեքսանդր Սեմենցովի ու Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ` թիմի առջև կա հետևյալ խնդիրը. դուրս գալ խաղադաշտ միայն ու միայն հաղթելու համար, իսկ դա տանում է դեպի չեմպիոնություն»:

«Յունիոր Սևանի» ավագը նաև հայտնել է, որ Սևանում կառուցվում է թիմի տնային մարզադաշտը, որը շատ շուտով արդեն պատրաստ կլինի.

«Եթե ոչ հաջորդ խաղին,ապա շատ մոտ ժամանակներս արդեն պատրաստ կլինենք անցկացնել տնային հանդիպումները Սևանում»:

Նշենք` «Յունիոր Սևանը» ՀՀ Առաջին խմբի առաջնության մեկնարկային տուրի` «Շիրակ-2»-ի հետ խաղում դաշտ է դուրս եկել հետևյալ կազմով.

Գոռ Մարտիրոսյան, Արմեն Դուրունց, Հակոբ Լոռեցյան, Ռևիկ Եղիազարյան, Վահագն Գրիգորյան, Գագիկ Խոջոյան, Ռոբերտ Սանամյան, Էրիկ Ղարիբյան, Արամ Հովսեփյան, Յոհան Պելտիեր:

Share |

Լրահոս