Ռումյան Հովսեփյան. Ֆուտբոլը տղամարդու խաղ է, պետք է անել ամեն ինչ ընկերների բացը լրացնելու համար

01:23 08.08.2018

ԵԼ-ի որակավորման 3-րդ փուլի «Փյունիկ»-«Մաքքաբի» Թ. Ա. խաղում մեր թիմի ավագը Ռումյան Հովսեփյանն էր:

«Փյունիկ» վերադարձած ֆուտբոլիստը խաղից հետո լրագրողների հետ խոսել է մրցավեճի, իր մարզավիճակի և առաջիկայի մասին.

- Արդյո՞ք գոհացնող արդյունք էր:

 - Շատ ծանր խաղ ստացվեց: Դաշտ էինք մտել հաղթելու համար, բայց ամենակարևորը տնային խաղում գոլ բաց չթողնելն էր: Իհարկե, ցավալի էր, որ մեր գոլային պահերը չիրացրինք: Ինձ թվում է՝ դրական արդյունք էր:

 - Թիմի ավագի կարգավիճակով էիր. ի՞նչ կասես այդ մասին:

 - Իրոք մեծ պատասխանատվություն էր: Ինձ համար էական չէ, խաղում եմ նույն կերպ, ինչ առանց թևկապի:

 - Մարզավիճակիդ մասին ի՞նչ կասես, արդեն պատրա՞ստ ես 100 տոկոսով:

 - Չէի ասի, որ լրիվ պատրաստ եմ: Շատ դժվար է երկար չխաղալուց հետո այսպես բարդ խաղերով վերադառնալ: Անում եմ ամեն ինչ, որ շուտ վերադառնամ լավ մարզավիճակի:

 - Երկրպագուները շատանում են. ինչպե՞ս է անդրադառնում թիմի վրա:

 - Շատ ուրախալի է, դրական էմոցիաներ ենք ստանում: Շնորհակալ ենք ջերմ աջակցության համար: Այդ ամենը մեզ ուժ է տալիս, իզուր չէ, որ ասում են երկրպագուն 12-րդ խաղացողն է: Եթե ավելի քիչ մարդիկ լինեին, այլ կերպ կլիներ, բայց ստադիոնը գրեթե լեփ-լեցուն էր:

 - Վնասվածք, փոխարինումներ եղան. որքանո՞վ դա ազդեց խաղի վրա:

 - Պետրոս Ավետիսյանը մեր առանցքային ֆուտբոլիստներից է, Վահագն Հայրապետյանի վնասվածքն էլ ցավալի էր, Սերոբինը՝ նույնպես: Ֆուտբոլը տղամարդու խաղ է, պետք է անենք ամեն ինչ ընկերների բացը լրացնելու համար:

Share |

Լրահոս