Արթուր Սողոմոնյան. Ես երկար ժամանակ նման բան չէի տեսել

00:26 08.08.2018

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում «Փյունիկը» հյուրընկալեց Թել Ավիվի «Մաքքաբիին»՝ խաղն ավարտելով ոչ-ոքի՝ 0:0:

Հանդիպումից հետո երևանյան ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը զրուցել է լրագրողների հետ.

«Ըստ իս՝ շատ լավ հանդիպում էր, ոչ ձանձրալի: Երկրպագուները ուրախացան, ստադիոնը գրեթե լեփ-լեցուն էր:

Ես երկար ժամանակ, նույնիսկ Ռուսաստանում, նման բան չէի տեսել: Մեր երկրպագուները լավագույնն էին, հիանալի մթնոլորտ էր:

Տալալաևն ասուլիսում նշել է, որ լավ թիմ ունենք, այսօր մեր տղաները լավ էին նայվում, յուրաքանչյուր գնդակի համար պայքարում էին, մրցակիցն էլ պահեր ուներ: Մենք ունենք շանսեր, պատրաստվելու ենք պատասխան խաղին, հավատում ենք, որ հաջորդ փուլ դուրս գալու շանսեր ունենք: Ես ուզում եմ տեսնել, որ անցումային խաղ կկայանա այստեղ: 

 - Սովորաբար ակումբի նախագահներն ինչ-որ կերպ մոտիվացնում են թիմին, մարզիչներին. ի՞նչ եք խոստացել տղաներին «Մաքքաբիի» արգելքը հաղթահարելու համար:

 - Մի փոքր ներքին հարց է: Իհարկե, դա ֆուտբոլի մաս է, կան մոտիվացնելու տարբերակներ: Ինձ ուրախացնում է այն, որ մեր տղաները խաղում են ոչ միայն ֆինանսականի համար: Տալալաևը շատ արագ թիմ է ստեղծել, բոլորը միասին են: Հիմնական մոտիվացիան հաղթանակն է:

 - Երբ եկաք «Փյունիկ», ասացիք, որ գլխավոր նպատակը թիմը եվրագավաթների խմբային փուլ հասցնելն է: Ակնկալո՞ւմ էիք, որ այսպիսի իրավիճակ կլինի:

 - Դեռ սկիզբն է, մենք շարունակում ենք կառուցել թիմ: Հանդերձարանում խոսեցինք Տալալաևի հետ, դարձյալ ասացի, որ մենք հեռահար նպատակներ ունենք: 2-3 տարուց պետք է վստահորեն խմբայինում լինենք, դա շատ հավանական է: Մենք լավ սկսել ենք և կշարունակենք: Եթե անցնենք «Մաքքաբիի» արգելքը, կունենանք բնական է՝ ուժեղ մրցակից, բայց ոչ ուժեղ «Մաքքաբիից»: Պետք է հավաքել բոլոր ուժերը: 

 - Համալրումներ սպասվո՞ւմ են:

 - Մինչև ամսվա վերջ տրանսֆերային պատուհանը բաց է: Ուրախ ենք, որ Էրիկը վերադարձել է և մարզվում է թիմի հետ:

Share |

Լրահոս