Վալտեր Պողոսյան. Նպատակ ունենք պայքարել չեմպիոնության համար

21:37 08.08.2018

«Արցախի» ֆուտբոլիստ Վալտեր Պողոսյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է մրցաշրջանի նախապատրաստության, իր մարզավիճակի և սպասելիքների մասին.

- Վալտեր, ինչպե՞ս անցավ ընդհանուր նախապատրաստական փուլը:

- Նախապատրաստական փուլը կարելի է լավ գնահատել: Բոլորս մաքսիմալ նվիրումով ենք մոտեցել և շարունակում ենք նույն ձևով:

- Այս ընթացքում ընկերական խաղեր եղան, ի՞նչ կասես այդ մասին:

- Ընկերական խաղերում տարբեր տակտիկական սխեմաներով հանդես եկանք և տարբեր կազմերով: Վերլուծել ենք այդ խաղերը, հասկացել ենք, թե որտեղ ենք սխալվել և որտեղ ենք ճիշտ: 

- «Արցախը» ինչքանո՞վ է պատրաստ առաջնությանը:

- Թիմը պատրաստ է առաջնությանը: Ունենք վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ, նրանց առողջություն եմ մաղթում և որքան հնարավոր է՝ շուտ վերադարձ խաղադաշտ: Մեր թիմի համար ամեն մի ֆուտբոլիստ մեծ արժեք ունի: Փորձելու ենք առավելագույնս լավ խաղալ և հաղթանակով սկսել առաջնությունը:

- Ի՞նչ մարզավիճակում ես, որքանո՞վ են անհանգստացնում վնասվածքները:

- Չեմ սիրում խոսել մարզավիճակիս մասին, քանի որ կարծում եմ՝ դա պետք է գնահատեն մարզիչները: Վնասվածքից վերականգնվել եմ, անհանգստացնող ցավեր չունեմ: Պատրաստ եմ օգնել թիմին:

- Ի՞նչ նպատակ ունես ինքդ քո առաջ Բարձրագույն խմբի այս առաջնությունում:

- Ինքս իմ առջև նպատակ ունեմ վերականգնել լավագույն խաղս և առավելագույն օգուտ տալ իմ թիմին: «Արցախում» հիմնականում հայ ֆուտբոլիստներ են, ինչը ողջունելի է: Փորձը ցույց է տալիս, որ կարող ես արդյունքի հասնել կարգապահության և աշխատասիրության շնորհիվ: Խաղադաշտ ենք դուրս գալու հաղթանակի համար և նպատակ ունենք պայքարել չեմպիոնության համար,- ասել է ֆուտբոլիստը ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ:

Share |

Լրահոս