Նորից դեպի ստադիոն, առա՛ջ Ալաշկերտ

13:09 09.08.2018

Հայկական ֆուտբոլի համար այսօր դարձյալ նշանակալի ու կարևոր օր է:

Չեմպիոն «Ալաշկերտն» իր պատմության մեջ առաջին անգամ կխաղա Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում` սեփական հարկի տակ ընդունելով Ռումինիայի չեմպիոն «Կլուժին»:

Ասել, թե որքան մեծ է երկրպագուների աջակցության կարևորությունն առաջիկա խաղում, նշանակում է ոչինչ չասել:

Երկու օր առաջ կայացած «Փյունիկ»-«Մաքքաբի» խաղին ներկա բազմահազար երկրպագուներն էին, որ իրենց ֆանտաստիկ աջակցությամբ մինչև վերջին վայրկյանն առաջ էին մղում երևանյան թիմին և ստիպում չհանձնվել, պայքարել և անչափ կարևոր արդյունքի հասնել:

Այսօրվա խաղում նույնպիսի աջակցության կարիք ունի «Ալաշկերտը», ինչի մասին խոսել է նաև երևանյան ակումբի հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանը.

«Ալաշկերտը» շարունակում է հաջող մրցելույթները եվրոպական մրցասպարեզում: Արդեն իսկ պատմություն ենք կերտել` դուրս գալով Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլ, սակայն ինչպես ասում են` «ախորժակն ուտելիս է բացվում». Մեծ ցանկություն կա ևս մեկ անգամ ապացուցելու, որ մենք հիանալի թիմ ունենք:

Հայ երկրպագուն հիանալի աջակցություն ցուցաբերեց «Ալաշկերտին»` «Սուտյեսկայի» հետ երևանյան հանդիպման ընթացքում: Վստահ եմ, որ օգոստոսի 9-ին կայանալիք «Կլուժի» դեմ խաղում էլ ավելի շատ երկրպագուներ կաջակցեն մեզ: Բոլորին հրավիրում եմ «Հանրապետական» մարզադաշտ` հայկական ակումբային ֆուտբոլի հաղթական ուղին շարունակելու համար»,- ասել է Բագրատ Նավոյանը:

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հայտնել է, որ այսօրվա խաղում կլինեն որոշակի փոփոխություններ.

«Կազմի 99 տոկոսը պատրաստ է խաղին: Փոփոխությունները վաղը կտեսնեք: Բոլորդ էլ գիտեք, թե ինչպիսի թիմ է «Կլուժը»: Ուժեղ, լավ պատրաստված թիմ է»,- ասել է մասնագետը երեկ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ալաշկերտի» առաջիկա մրցակիցն ավելի քան 100-ամյա պատմություն ունեցող, տպավորիչ արդյունքների հասած ռումինական «Կլուժն» է, որն, այդուհանդերձ, անհաղթահարելի մրցակից չէ, միայն թե չլինի ուշադրության ու կենտրոնացման պակաս, լինի անմնացորդ նվիրում, կազմակերպված խաղ և մինչև վերջ պայքար: Թիմը նշանակալի նվաճումների է հասել վերջին 15 տարինեի ընթացքում: Այս ընթացքում ռումինական թիմը 4 անգամ դարձել է երկրի չեմպիոն, 4 անգամ` գավաթակիր, 3 անգամ` սուպերգավաթակիր:

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում ռումինական ակումբը երկու խաղի արդյունքում պարտվել է շվեդական «Մալմյոյին»: Սեփական հարկի տակ անցկացրած առաջին խաղում «Կլուժը» նվազագույն հաշվով պարտություն է կրել, իսկ մրցակցի հարկի տակ հանդիպումն ավարտել է ոչ-ոքի` 1:1 հաշվով` 77-րդ րոպեից խաղալով 10 հոգով:

Ռումինական թիմի գլխավոր մարզիչ Անտոնիու Կոնսեյսաուն էլ, չնայած Երևանում նախախաղային ասուլիս չի անցկացրել, բայց հայրենիքում զրուցել է լրագրողների հետ ու նշել,  որ «Ալաշկերտի» կազմում կան բարձրակարգ ֆուտբոլիստներ.

«Ալաշկերտն» ուժեղ թիմ է: Ես առանձնացրել եմ երկու ֆուտբոլիստի, ովքեր կարող են փոխել խաղի ընթացքը: Հասկանում ենք, որ դիմակայության ելքը որոշվելու է երկու խաղերի արդյունքում, սակայն մենք պետք է կենտրոնանանք վաղվա հանդիպման վրա և լավ արդյունքի հասնենք»,- ասել է պորտուգալացի մասնագետը:

Հավելենք` «Ալաշկերտ»-«Կլուժ» հանդիպումը կկայանա օգոստոսի 9-ին «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:00-ին: Մուտքն ազատ է:

 

Share |

Լրահոս