Ալեքսանդր Կարապետյանը Մաքգրեգորին նմանության, իր բիզնեսների և ԵԼ-ում հաջողությունների մասին

14:29 09.08.2018

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանը Լյուքսեմբուրգը ներկայացնող «Պրոգրես Նիդերկորն» ակումբի հետ դուրս է եկել Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլ, որտեղ կմրցի ռուսական «Ուֆայի» հետ:

Այս առիթով «Чемпионат.com»-ը զրուցել է Ալեքսանդր Կարապետյանի հետ, ով ծնվել է Թբիլիսիում, 11 տարեկանում տեղափոխվել է Գերմանիա, որտեղ էլ ստացել է գերմանական անձնագիր և սկսել ֆուտբոլային կարիերան:

Աղբյուրի փոխանցմամբ, 30-ամյա ֆուտբոլիստն այժմ իր թիմի, ինչպես նաև առհասարակ լիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է.

«Մի քանի պատճառ կա, թե ինչու Գերմանիայից տեղափոխվեցի Լյուքսեմբուրգ: Նախ այստեղ ես հիմնեցի ծրագրավորման իմ առաջին ընկերությունը: Հետո ես ստացել էի լավ առաջարկ և վաղուց ցանկանում էի խաղալ արտասահմանում:

Արդյոք այդ բիզնեսս միա՞կն է. ոչ, Դուբայում ևս մեկ ընկերություն ունեմ, որը զբաղվում է մրգային քաղցրավենիքների առաքմամբ, իսկ Լյուքսեմբուրգում ունեմ սեփական կալյան-բարը, որտեղ յուրաքանչյուր հաղթանակից հետո հավաքվում ենք թիմակիցներով և երկրպագուներով ու նշում: Առհասարակ, Լյուքսեմբուրգի առաջնությունում ֆուտբոլիստներն այլ գործերով էլ են զբաղվում: Մեր թիմում կան ուսուցիչներ, հաշվապահ, շատերն էլ ուսանող են:

Մենք մեր բոլոր երկրպագուներին անձամբ ճանաչում ենք, չնայած` երկրում բոլորից շատ երկրպագուները մենք ունենք: Գուցե տարօրինակ թվա, բայց Լյուքսեմբուրգի համար մարզադաշտ հաճախող 1500 երկրպագուն լավ թիվ է»,- ասել է հայ ֆուտբոլիստը:

Ալեքսանդր Կարապետյանը խոսել է նաև MMA-ի իռլանդացի մարտիկ Կոնոր Մաքգրեգորի հետ իր նմանության և «հայկական Մաքգրեգոր» մականունը ստանալու մասին.

«Շատ են ասում այդ մասին: Կարծում եմ` հարցն արտաքին նմանության մեջ Է: Շոտլանդիայում ամեն երկրորդն ինձ այդ մասին էր ասում: Թերթերից մեկում նույնիսկ հոդված տպվեց «Մակկարապետյան» վերնագրով: Ինչ վերաբերում է խաղային նմանություններին, պետք է ասեմ, որ ես էլ եմ սիրում ագրեսիվ գործել»:

Խոսելով Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում գրանցած հաջողությունների և որակավորման երրորդ փուլի` «Ուֆայի» հետ կայանալիք խաղի մասին` Կարապետյանը մասնավորապես նշել է.

«Երբ իմացանք, որ խաղալու ենք «Ուֆայի» հետ, ուրախացանք, քանի որ պետք է ճամփորդեինք Ռուսաստան, որը գեղեցիկ երկիր է: Իսկ թիմի մասին դեռևս շատ բան չգիտենք: Պետք է, որ ուժեղ թիմ ունենան: 

Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ Լյուքսեմբուրգում կարողանում են լավ ֆուտբոլ խաղալ: Մեր լիգան ոչ մեկը լուրջ չէր ընդունում, բայց նայեք Եվրոպայում գրանցած մեր վերջին արդյունքներին և կհասկանաք, թե ես ինչի մասին եմ խոսում»,- եզրափակել է իր խոսքը Ալեքսանդր Կարապետյանը:

Հիշեցնենք` Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Պրոգրեսը» սենսացիոն կերպով պայքարից դուրս է թողել ադրբեջանական «Գաբալային». հյուրընկալվելիս թիմը 2:0 հաշվով հաղթանակ է տարել, իսկ սեփական հարկի տակ պարտվել նվազագույն հաշվով: ԵԼ-ի որակավորման 2-րդ փուլում «Պրոգրեսը» մրցել է հունգարական «Հոնվեդ» թիմի հետ. Կարապետյանի թիմը հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտություն է կրել, իսկ սեփական հարկի տակ հաղթել 2:0 հաշվով և իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկել որակավորման երրորդ փուլ:

Նշենք` Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի` «Ուֆա»-«Պրոգրես Նիդերկորն» առաջին հանդիպումը կկայանա այսօր` օգոստոսի 9-ին, Ռուսաստանում: Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 18:00-ին է:

Share |

Լրահոս