Կարեն Բարսեղյանը հայտնեց, թե ինչու է բացակայում Սուքիասյանը և խոսեց խաղի մասին

22:34 09.08.2018

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի «Ալաշկերտ»-«Կլուժ» (0:2) հանդիպումից հետո մամուլի ասուլիսին ներկայացավ Վարուժան Սուքիասյանի օգնական Կարեն Բարսեղյանը, ով մանրամասնեց, թե ինչում է բացակայում Սուքիասյանը:

«Նախ, ներողություն եմ խնդրում: Այսօր՝ օրվա ընթացքում, Վարուժան Սուքիասյանը կանգնել է առողջական լուրջ խնդրի առաջ, անգամ շտապօգնություն է եկել, սիստեմա են միացրել»: Ինչպես հայտնի դարձավ, Սուքիասյանը թունավորվել է:

«Շնորհակալ եմ նախ երկրպագուներին: Մենք հետևություններ կանենք մեր սխալներից:

Նման թիմերի դեմ խաղերում անընդունելի է նման խաղը պաշտպանությունում: Պետք է առաջ շարժվել: Հարվածները շատ էին, հարձակման գծում, այո, ունենք խնդիրներ, պետք է լրացնենք այդ բացը: Ուրախալի է, որ Մանուչարյանն աստիճանաբար մարզավիճակ է հավաքում»,- ասաց Բարսեղյանը:

 - Տպավորություն է, որ երբ թիմը պարտվում է, Դուք եք գալիս ասուլիսի, երբ հաղթում է, Վարուժան Սուքիասյանը. ամբողջ խաղի ընթացքում նա ոտքի վրա էր, արդյո՞ք չէր կարող ասուլիսի գալ:

 - Հավատացնում եմ, որ նա խաղից առաջ է դուրս գրվել հիվանդանոցից, իրոք ի զորու չէր և մի կերպ է կարողացել խաղին ներկա լինել: Պետք չէ ինտրիգներ փնտրել: Ես ասուլիսի գալով՝ կրում եմ ամբողջ պատասխանատվությունը:

 - Նշեցիք,որ խաղից հետո գնահատելու եք իրավիճակը և առաջ շարժվել: Առաջ շարժվելը հույսեր ունենա՞լն է:

 - Քանի դեռ կա նույնիսկ 1 տոկոս հնարավորություն, շարժվելու ենք մինչև վերջ: Չենք գնալու այնտեղ ժամանակ անցկացնելու: Իհարկե, շատ բարդ է, ծայրահեղ աստիճանի դժվար: Գնալու ենք իրավիճակը շտկելու:

 - Մրցակցի խաղում անակնկալ կա՞ր:

 - Հավատացեք, մենք մրցակցի խաղը շատ լուրջ ուսումնասիրել ենք: Այսօր անակնկալ էր սուր, «ծակող» փոխանցումները մեր պաշտպանների մեջքի հետևից: «Կլուժից» բացակայում էին 3 ֆուտբոլիստներ, եթե նրանք լինեին, գուցե թիմը այլ կերպ խաղար: Կարծում եմ՝ մենք վերահսկում էինք խաղը. շուտ գոլ խփելու հետևանքով մրցակիցը գնդակը տվել էր մեզ: Հարձակման գծում մենք բավարար ագրեսիվ չէին:

 - «Ալաշկերտի» հաջողությունը 3-րդ փուլում համարո՞ւմ եք պատմական:

 - Խաղացել ենք թիմի դեմ, որի բյուջեն 100 միլիոն է...: Մենք պատմություն ենք կերտել: Եկեք խոսենք լավ բաներից: «Սելթիկը» մեզնից որակապես շատ բարձր էր: Ես հպարտ եմ, որ այս թիմի մի մասնիկն եմ:

 - Այս խաղին Դաշյանը ևս չմասնակցեց. դեռ չի՞ վերականգնվել: Նաև բացակայում էր Զելկովիչը:

 - Վերջինս դուրս է մնացել հայտացուցակից: Դաշյանի հարցում կա ռիսկի գործոն: Առջևում ունենք լուրջ խաղեր:

Share |

Լրահոս