13-ամյա Աստղիկ Հակոբյանը՝ Հայաստանի կանանց 74-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարի հաղթող

10:51 09.08.2018

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվել է Հայաստանի կանանց 74-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարը, որին մասնակցում էին 34 շախմատիստուհի, գրում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մասնակիցների թվում էին 2 կանանց միջազգային վարպետ և 1 վարպետության թեկնածու: Մրցաշարում 1-3-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստուհիները իրավունք էին նվաճելու մասնակցելու Հայաստանի կանանց առաջնության բարձրագույն խմբի մրցաշարին:

Մրցաշարին մասնակցած կոչումով շախմատիստուհիներից ոչ մեկին չի հաջողվել նվաճել բարձրագույն խմբի ուղեգիր: Մրցաշարի հաղթող է դարձել Էջմիածինը ներկայացնող 13-ամյա Աստղիկ Հակոբյանը, ով 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր, մեկ միավորով առաջ է անցել մոտակա մրցակիցներից և 103 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը:

Մրցաշարում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է 6.5 միավոր վաստակած 17-ամյա Արփինե Գրիգորյանը, իսկ 16-ամյա Աննա Խաչատրյանը եզրափակել է լավագույն եռյակը:

Ավելացնենք նաև, որ այս երեք շախմատիստուհիները կմասնակցեն նաև օգոստոսի 19-ին Ռիգայում մեկնարկող Եվրոպայի պատանիների և աղջիկների անհատական առաջնությանը: 

Share |

Լրահոս