Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ. Հույս ունենք` այս մեդալից հետո մեր երկրում որոշակի ուշադրության կարժանանանք

13:48 10.08.2018

Գլազգոյում ընթացող ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնության ջրացատկի 10 մետր սինքրոն աշտարակացատկ մրցաձևում Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան զույգը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:

Հայ մարզիկներն առաջնության պաշտոնական կայքին տված հարցազրույցում պատմել են, որ դժվարությամբ են պատրաստվել մրցաշարին, քանի որ Հայաստանում համապատասխան պայմաններ չկան.

«Երևանում ոչ շատ մեծ լողավազան ունենք, բայց այնտեղ միասին չենք կարող մարզվել:

Դրա համար միասին մարզումներ անցկացնում ենք մրցումների ընթացքում»,- ասել է Հարությունյանը:

«Դժվարությամբ ենք պատրաստվել առաջնությանը: Մեր մարզասրահում համապատասխան սարքավորումներ գրեթե չկան: Ցատկահարթակ ունենք, որից մենք` մեծահասակներս, չենք կարող օգտվել, քանի որ կկոտրենք այն: Կա նաև բատուտ, որը ևս չենք կարող օգտագործել, քանի որ մարզասրահի առաստաղը ցածր է:

Այս պայմանները մի կողմից ուժեղ են դարձնում քեզ, բայց մյուս կողմից տեսնում ես, որ մրցակիցներդ ունեն իրենց անհրաժեշտ ամեն ինչ, ունեն ֆինանսավորում, աշխատավարձ, կարողանում են մրցումների մեկնել… Եվ մենք նույնպես պետք է հասնենք այնպիսի բարձր արդյունքների, ինչպես իրենք:

Շատ ես աշխատում, լավ արդյունքների ես հասնում, բայց ոչինչ չես ստանում: Հույս ունենք, որ այս մեդալից հետո մեր երկրում կֆինանսավորեն մեր մարզաձևը, և մենք որոշակի ուշադրության կարժանաանք»,- ասել է Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Հարությունյան-Սարգսյան զույգի նվաճած բրոնզե մեդալն անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջինն է ջրային մարզաձևերի մեծահասակների Եվրոպայի առաջնություններում:

Share |

Լրահոս