Տորոնտո. Նադալը և Խաչանովը քառորդ եզրափակչում են, Ջոկովիչը դուրս է մնացել պայքարից

10:27 10.08.2018

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերս 1000» շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլ: Երրորդ շրջանում Նադալը 7:5, 7:6 (7:4) հաշվով պարտության է մատնել շվեյցարացի Ստեն Վավրինկային: Սա թենիսիստների 20-րդ հանդիպումն էր, 17 հաղթանակ տոնել է Նադալը:

Կիսաեզրափակչի ուղեգրի համար Նադալը պայքարելու է խորվաթ Մարին Չիլիչի հետ, ով իր հերթին 6;3, 6;2 հաշվով պարտության է մատնել արգենտինացի Դիեգո Շվարցմանին:

Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը ևս շարունակում է պայքարը: Երրորդ շրջանում Խաչանովը 7:6 (7:5), 7:6 (7:1) հաշվով առավելության է հասել ամերիկացի Ջոն Իսների նկատմամբ: 1 ժամ 32 րոպե տևած հանդիպման ընթացքում Խաչանովը սեփական մատուցման ժամանակ թույլ է տվել 5 սխալ և 4 հնարավոր բրեյք-փոյնթերից ոչ մեկը իրացրել: Իսների ակտիվում գրանցվել է 19 էյս, 4 կրկնակի սխալ: Քառորդ եզրափակչում Խաչանովը մրցելու է հոլանդացի Ռոբին Հասեի հետ, ով 7:5, 6:2 հաշվով հաղթել է Կանադայի ներկայացուցիչ Դենիս Շապովալովին:

Անակնկալ պարտություն է կրել սերբ Նովակ Ջոկովիչը: Հույն Ստեֆանոս Ցիցիպասը 6:3, 6:7 (5:7), 6:3 հաշվով հաղթել է աշխարհի նախկին առաջին ռակետին: 2 ժամ 17 րոպե տևած հանդիպման ընթացքում 19-ամյա Ցիցիպասը, ով զբաղեցնում է ATP վարկանիշային աղյուսակի 27-րդ հորիզոնականը, թույլ է տվել 2 կրկնակի սխալ, Նովակի մատուցման ժամանակ հաղթել է 2 գեյմ: Ցիցիպասի հաջորդ մրցակիցն Ալեքսանդր Զվերևն է, ով 6:3, 6:2 հաշվով հաղթել է Դանիիլ Մեդվեդևին:

Share |

Լրահոս