Պարմայի բողոքը մասնակիորեն բավարարվել է

11:36 10.08.2018

Իտալիայի վերաքննիչ դատարանը մասնակիորեն բավարարել է «Պարմայի» բողոքարկումը:

«Պարման» և թիմի հարձակվող Էմանուելե Կալայոն մեղադրվում էին Ա Սերիա դուրս գալու համար պայմանավորված խաղ կազմակերպելու մեջ: Իտալիայի դաշնային դատարանի որոշմամբ, թիմն առաջնությունը սկսելու էր -5 միավորով, իսկ Կալայոն որակազրկվելու էր 2 տարով:

Վերաքննիչ դատարանի որոշմամբ, «Պարման» առաջնությունը կսկսի առանց միավորների կորստի, սակայն կվճարի 20 հազար եվրո տուգանք: Կալայոյի որակազրկումն էլ կրճատվել է` ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս գալու իրավունք չի ունենա մինչև այս տարվա դեկտեմբեր:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի ավարտին՝ «Սպեցիայի» հետ հանդիպումից առաջ Կալայոն մրցակցի կազմում հանդես եկող իր ընկերոջը կասկածելի հաղորդագրություններ էր ուղարկել, որոնք էլ դարձել էին հետաքննության առիթ: Այդ խաղում «Պարման» հաղթել է 2:0 հաշվով և Ա Սերիայում հանդես գալու իրավունք ստացել:

Share |

Լրահոս