Արթուր Գևորգյան. Ո՛չ սպորտի նախարարությունը և ո՛չ ՀՕԱԿ-ն իրավունք չունեն միջամտելու ՀԲՖ-ի գործերին

20:49 18.08.2018

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ՀԱՕԿ-ի և սպորտի նախարարության հնչեցրած մեղադրանքներին` կապված ՀԲՖ նախագահի վերջին ընտրություններին:

Այս երկու կառույցներն անօրինական են համարում օգոստոսի 2-ին անկացված ընտրությունները` համարելով, որ դրանք անցել են մի շարք խախտումներով:

«Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի Ֆեդերացիան ունի գործունեության սկզբունքներ, որոնցից հարկ եմ համարում մատնանշել անդամների շահերի ընդհանրության, ինքնակառավարման և բարեխղճության սկզբունքները:

Մեր ֆեդերացիայում առկա է շահերի ընդհանրություն, բոլորի կարծիքների հետ հաշվի ենք նստում: Տեսնում եմ լուրջ ապօրինի արտաքին միջամտություն՝ ուղղված ինքնակառավարման սկզբունքի խախտմանը: Քվեարկությունը եղել է թափանցիկ, որը նախընտրել են պատվիրակները:

Այս ընտրությունները լուսաբանվել են տարբեր լրատվամիջոցներով և համաժողովի բոլոր անդամները, բացառությամբ մեկի ընտրել են ինձ՝ որպես ֆեդերացիայի նախագահ, այսինքն չեմ հասկանում ինչ անհիմն մտահոգություններ կան կամ ինչն է բնականոն վիճակից դուրս եկել:

Ընդ որում ընտրություններին մասնակցել են համաժողովի անդամ 72 հոգուց 59-ը, որոնցից 58-ը կողմ է քվեարկել: Այսինքն այստեղ խոսել ընտրությունների առարկայական խախտումների մասին, ուղղակի անհեթեթություն է:

Ավելին, եթե նորից նայենք տեսանյութերը, ապա առավել քան ակնհայտ է, որ համաժողովի նիստը վարողը դեմ լինելու վերաբերյալ հարց է տալիս և այդ հարցն անարձագանք է մնում:

Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, որ ընտրության մասին տեղեկացված չեն եղել, ապա դրա մասին և՛ ուղարկվել են ծանուցումներ, և՛ ակտիվորեն տարածվել են սոցիալական ցանցերով: Այսինքն ողջամիտ տպավորություն է, որ որևէ ծանրակշիռ հիմք չկա, ուղղակի որոշ մարդկանց անտեղյակության մեղավոր փնտրում են ֆեդերացիայի ղեկավարության մեջ:

Ընդ որում ցանկանում եմ ընդգծել, որ դժգոհ անդամները մի քանիսն են, իսկ դա կարծում եմ խոսում է նրա մասին, որ մենք գործ ունենք նորմալ առողջ կառույցի հետ, որտեղ կա այլակարծություն, թե չէ հակառակ պատկերը, երբ հակադիր տեսակետ և արտահայտվելու ազատություն չկա, կհանգեցներ կառույցի լճացմանը:

Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ համաձայն՝ կազմակերպությունը, սույն օրենքին համապատասխան, ինքնուրույն է որոշում իր կազմակերպական կառուցվածքը, գործունեության առարկան, նպատակները և ձևերը: Մեր ֆեդերացիան հանդիսանում է հասարակական կազմակերպություն: Այսինքն օրենքը սահմանում է որ հասարակական կազմակերպությունները հանդիսանում են ինքնուրույն սուբյեկտներ և միայն հասարակական կազմակերպությունը կարող է իր ներքին հարցերով զբաղվել:

Հայտարարություններ հնչեցին, որ «մենք կմիջամտենք և կլուծենք այդ հարցերը»: Ցանկանում եմ հայտարարել, որ բացի ֆեդերացիայի անդամներից, որևէ մեկը իրավունք չունի և չի կարող միջամտել մեր գործերին, ո՛չ սպորտի նախարարությունը, ո՛չ ՀՕԱԿ-ը: Ինչ վերաբերում է ոմանց՝ ֆեդերացիայի անդամությունից զրկելու հանգամանքին, ապա պետք է նշեմ, որ ֆեդերացիայի կանոնադրության 3.7 կետի ուժով ֆեդերացիայի անդամի կողմից 6 ամիս անընդմեջ անդամավճար չմուծելը հանդիսանում է կոպիտ խախտում և գործադիր մարմնի որոշմամբ զրկվում է անդամությունից:

Ընտրությունների ընթացակարգի հետ կապված՝ ֆեդերացիայի կանոնադրության 12.1 կետի համաձայն՝ 12.1. Ընտրությունների և նշանակումների ընթացքը հաստատվում է ֆեդերացիայի կողմից՝ խուսափելով արտաքին միջամտություններից: Իսկ 12.2. կետի համաձայն՝ ընտրությունների ընթացակարգը պետք է հաստատվի ԱԻԲԱ-ի կողմից: Այս ընտրությունների թե՛ ընթացակարգը, թե՛ արդյունքները ճանաչվել և հաստատվել են ԱԻԲԱ-ի կողմից և ստացել եմ շնորհավորանքներ:

Նույն կանոնադրության 13 րդ կետի համաձայն՝ Նախագահի և Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին՝ Ընտրությունների անցկացումը կատարվում է ԱԻԲԱ-ի էթիկայի կանոնադրության համաձայն: 13.2. Ընտրությունների արդյունքները, ինչպես նաև ֆեդերացիայի կառուցվածքը ներկայացվում է ԱԻԲԱ-ի վերջնական հաստատմանը և ճանաչմանը: Այսինքն այստեղ որևէ խնդիր որևէ խախտում չի եղել, եթե լիներ, ապա ԱԻԲԱ-ն չէր հաստատի ընտրությունների արդյունքները»,- իր խոսքում մասնավորապես նշեց Արթուր Գևորգյանը:

Share |

Լրահոս

Loading...