Արմենիա հեռուստաընկերությունն աննախադեպ պայմանագիր է կնքել ՈւԵՖԱ-ի հետ. մանրամասնում է Ռուբեն Մխիթարյանը

14:18 04.09.2018

«Արմենիա» հեռուստաընկերությունը 4 տարվա համագործակցության պայմանագիր է կնքել ՈւԵՖԱ-ի հետ:

Այս մասին հայտնել է հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, ով նաև մանրամասնել է, որ ՈւԵՖԱ-ի հետ նման ծավալի պայմանագիր հայկական հեռուստաընկերությունների պատմության մեջ դեռ չէր եղել.

«Աննախադեպ պայմանագիր ենք կնքել ՈւԵՖԱ-ի հետ: Աննախադեպ, քանի որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ ոչ մի հեռուստաընկերություն երբևիցե նման ծավալի ու բովանդակության պայմանագիր չի կնքել ՈւԵՖԱ-ի հետ:

4 տարվա ընթացքում «Արմենիա» հեռուստաընկերությունը ցուցադրելու է 7 մրցաշար. դրանք են 2018 և 2020 թվականների Ազգերի լիգայի խաղարկությունը, Ազգերի լիգայի` 2019 և 2021 թվականների եզրափակիչ խաղարկությունները, որին մշտապես մասնակցելու են եվրոպական 4 ուժեղագույն հավաքականները, Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլի հանդիպումները, ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի հանդիպումները, և, իհարկե, բացառիկ իրավունքով, «Արմենիա» հեռուստաընկերությանն է այսուհետ պատկանելու ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների ցուցադրության իրավունքը:

Հայաստանի հավաքականի մասնակցությամբ այդ 4 տարիների ընթացքում ընդհանուր առմամբ 40 հանդիպում ենք ցուցադրելու` ներառյալ արտագնա խաղերը: Այսինքն, յուրաքանչյուր տարի մոտ 10 հանդիպում: Նման ծավալ դեռևս ոչ մի հեռուստաընկերություն չի ապահովել,»,- նշել է Ռուբեն Մխիթարյանն ու ընդգծել հեռուստաընկերության` հայկական ֆուտբոլի զարգացմանն ու մասսայականացմանը նպաստելու միտումը.

«Եթե հաշվի առնենք, որ «Արմենիա» հեռուստաընկերությանը բացառիկ կարգով պատկանում են նաև Չեմպիոնների լիգայի, ինչպես նաև ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղերի ցուցադրության իրավունքները, ապա կարելի է ասել, որ «Արմենիան» Հայաստանում գործող այն բացառիկ հեռուստաալիքն է, որը տիրապետում է այնպիսի քանակությամբ որակյալ ֆուտբոլային կոնտենտի, որը, գուցե, կերազեր եվրոպական ցանկացած` հենց սպորտային հեռուստաընկերություն:

Այսօր մենք պատրաստ ենք մեր հեռուստադիտողների համար ապահովել այդ որակյալ հանդիպումների ցուցադրությունը, և, իհարկե, մեր ուժերի ներածին չափով անում ենք ամեն հնարավոր բան, որպեսզի գովազդենք ու հեռուստատեսային հարթակում զարգացնենք հայկական ֆուտբոլը` ձգտելով հասնել դրա առավել մասսայականացմանը»:

Ռուբեն Մխիթարյանի խոսքով սեպտեմբերի 6-ից սկսած հայ հեռուստադիտողը հնարավորություն կունենա հետևելու Ազգերի լիգայի խաղարկությանը: Այդ օրը, հիշեցնենք, մեր ընտրանին Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում իր առաջին հանդիպումն է անցկացնելու այս մրցաշարի շրջանակում` հյուրընկալելով Լիխտենշեյնի հավաքականին:

«Սեպտեմբերից մինչև նոյեմբեր` ամիսը երկու խաղով, մենք ցուցադրելու ենք Հայաստանի հավաքականի հանդիպումներն ու երկրպագելու ենք մեր ընտրանուն` հուսալով, որ կունենանք հաջող ելույթներ ու կկարողանանք խմբում առաջին տեղը զբաղեցնել` ճանապարհ հարթելով դեպի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլեր: Հուսանք` ամեն ինչ հենց այդպես էլ կլինի, բայց մինչ այդ պետք է երկրպագենք մեր ընտրանուն այն 6 հանդիպումներում, որոնք «Արմենիա» հեռուստաընկերությունը ցուցադրելու է սեպտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում»:

Հիշեցնենք` սեպտեմբերին Հայաստանի հավաքականը ևս մեկ հանդիպում կանցկացնի ամսի 9-ին` արտագնա խաղում մրցելով ՆՀՀ Մակեդոնիայի հետ:

Share |

Լրահոս