Գագիկ Սիմոնյան. Գումարները լափեցին, ինձ էլ ուղարկեցին բանտ... ո՞վ է պատասխան տալու

15:10 05.09.2018

«Ուլիսի» նախկին գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ով 2015 թվականի դեկտեմբերի 24-ին 6 ամսով կալանավորվել է պայմանավորված խաղերի գործով, «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում հանդիպել է լրագրողների հետ և որոշ բացահայատումներ արել:

47-ամյա մասնագետի խոսքով ինքը գնալու է մինչև վերջ, որպեսզի ապացուցի իր անմեղությունն ու օգնի բացահայտել իրական մեղավորներին:

Սիմոնյանը ստորագրությամբ ազատ է արձակվել, դատական գործընթացները դեռևս ավարտված չեն.

«2015 թվականի նոյեմբերի վերջին ինձ կանչեցին ԱԱԾ և ասացին, որ կատարվել են խաղադրույքներ, խաղ է ծախվել: Բնական է` ես չհասկացա, թե ինչի մասին է խոսքը, ասում եմ` ինչո՞ւ եք ինձ կանչել այստեղ: Քննիչները բազում հարցեր տվեցին, հետո տարան մի մարդու մոտ, ում սենյակի դռան վրա տեսա փակցված «պետ» գրությունը: Ինձ տեսնելով ասաց` «էս ինչ եք արել, էս ինչ թվերի մասին է խոսքը, էս ինչ եք դարձրել հայկական ֆուտբոլը»: Ասացի` չեմ հասկանում, թե ինչ մասին եք խոսում: Մոտ 15 րոպե խոսեցինք, հետո բաց թողեցին: Եվս մեկ անգամ կանչեցին արդեն դեկտեմբերի 24-ին, այնուհետև` մեղադրանք ներկայացրին ու կալանավորեցին:

Մեղադրանք ներկայացվեց, որ «Ուլիս-2» ակումբի ադմինիստրատոր Արա Ղազարյանը բուքմեյքեր Էդգար Պետրոսյանի մոտ խաղադրույքներ է կատարել ու այդ գումարը` 1000-3000 դոլար կիսել է իմ և ևս երկու հոգու միջև:

Քննիչը` Ս. Ստեփանյանը, նայում է դեմքիս, ասում եմ` «Արա՞ն է նման ցուցմունք տվել», քմծիծաղ տալով պատասխանում է` «նաև Արան»:

Փաստաբանս 10 հոգու ցուցմունք ներկայացրեց, որոնցից ոչ մեկում իմ անունը հիշատակված չէր: Նույն Արա Ղազարյանին հարցնում են Գագիկ Սիմոնյանին գումար տվե՞լ ես ,ասում է` «ոչինչ չեմ տվել Գագիկ Սիմոնյանին: Նրան մի խառնեք այս գործի մեջ»:

Մի խոսքով, ձերբակալում են ու 6 ամսվա ընթացքում ոչ մի առերեսում: Ընդամենը մեկ անգամ բերում են ԱԱԾ, ցուցմունք են վերցնում, ու 6 ամիս չեմ իմանում` ինչի համար եմ այդտեղ գտնվում, ինչ հիմքով: Այդ ընթացքում քննիչ Ստեփանյանին փոխարինեց Գարեգին Մելիքջանյանը: Նա ինքն էլ գիտի, որ ես բացարձակ ոչ մի բանի հետ կապ չունեմ: Գործը «կարում է» ինձ վրա, ավելին` ներկայացնում երկու հոգու խոսակցության ձայնագրություն և ասում ` «տես, թե ով է քո գլխին սարքել, և ում պատճառով ես դու այստեղ»: Միթե՞ ԱԱԾ քննիչը բացեիբաց իրավունք ունի նման բան անել»,- պատմել է Գագիկ Սիմոնյանն ու մանրամասնել, թե ինչ ձայնագրության մասին է խոսքը.

«Երկու հոգի իրար հետ էին խոսում, գումարի թեմա էր, ընդամենը 10 վայրկյան եմ լսել ու ոչինչ չեմ հասկացել»:

ԱԱԾ պետն ինձ ասում էր` խաղում ենք ֆուտբոլի հեղինակության հետ: Հիմա ես այստեղ եմ, որ պահեմ այդ հեղինակությունն ու վերականգնեմ իմ համբավը: Կյանքս խորտակեցին: Երկու քննիչներն էլ նշեցին այդ մեծ գումարների մասին, որի մասին խոսում էր պետը: Խոսքը ոչ թե 2-3 հազար դոլարի, այլ մոտ 2-3 մլն դոլարի մասին է: Փաստաբանս` Լևոն Բաղդասարյանը գործին ծանոթանալուց հետո հաստատեց` ահռելի գումարների մասին է խոսքը: Ես պահանջում եմ ՈւԵՖԱ-ի ուղարկած թուղթը, որն ինձ այդպես էլ ցույց չտվեցին, վստահ եմ` ՈւԵՖԱ-ից 2-3 հազար դոլարի համար թուղթ չէին ուղարկի: 

Կալանավայրում նստած էի` իմացա, որ բոլոր հեռուստաընկերությունները, կայքերը իմ մասին են գրում: Տղաս` Նարեկը ,այդ ժամանակ 10 տարեկան էր ու զբաղվում էր ֆուտբոլով, պատկերացնո՞ւմ եք նրա հոգեվիճակը: Ո՞վ է պատասխան տալու նրա ապրումների համար, երբ հորը դավաճան են անվանում: 6 ամիս կալանավորված եմ եղել, աղջիկս չի կարողացել հետս զրուցել: Երբ զանգել եմ, լաց է եղել, մտածում էր` նրանց թողել հեռացել եմ: Իմ ընտանիքի ապրումների համար ո՞վ է պատասխան տալու:

Գումարները լափեցին, ինձ էլ ուղարկեցին բանտ: Ես ինչու՞մ էի մեղավոր: Ինձ հետ ի՞նչ գործ ունեին: Իմ դեմ չկա ոչ մի ապացույց, գնալու եմ մինչև վերջ և հասնելու եմ արդարության վերականգնմանը: Հույս ունեմ ԱԱԾ-ն ուշադրությունը կսևեռի այս գործին և կբացահայտի, թե իրականում ովքեր են մեղավոր»:

Share |

Լրահոս

Loading...