Վարդան Մինասյան. Մեր միտքը ճկուն է, միայն մի բան է պակասում

18:04 05.09.2018

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է պատրաստվել Ազգերի լիգայի խաղարկությանը։ Սեպտեմբերի 6-ին մեր ընտրանին խմբային փուլի առաջին հանդիպումը կանցկացնի Լիխտենշտեյնի հետ․

Այսօր նախախաղային մամուլի ասուլիս է տվել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։

«Բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են։ Միայն Հրայր Մկոյանը չի լինի երկու խաղերին, կարող է վիրահատության ենթարկվել։ Ինձ թվում է ամենակարևորը հոգեբանությունն է։ Մարզումներին տղաները լավ տեսք ունեն ու կարևորը դա է։ 

Ցանկանում եմ էմոցիա տեսնել, կրակ։ Այս երկու օրը տեսել եմ դա ու հույս ունեմ, որ այդ ամենը կտեղափոխվի խաղադաշտ։

Օպտիմալ կազմ ենք ընտրել։ Բնական է, որ որոշ մարդիկ կարող են համաձայն չլինել։ Մեծ ցանկություն կար, որ Մովսիսյանը միանար, սակայն ինչ ունենք դա ամենաօպտիմալն է։ Ասել եմ Մովսիսյանին, որ պետք է միանա մեզ, քանի որ իմ թիմին շատ է պետք։ Վնասվածքից արագ է ապաքինվում ու հույս ունեմ, որ հոկտեմբերի խաղերին կմիանա մեզ։

Գագիկ Դաղբաշյանի մասին հարցին կարճ պատասխանեմ՝ նրան չեմ տեսնում հավաքականում։

Ուսումնասիրել ենք մրցակցին։ Ժողով ենք ունեցել ու ասել ենք, որ չկան ուժեղ կամ թույլ թիմեր։ Բոլորն էլ հավասար են։ Մենք այդպես ենք վերաբերվում բոլոր հավաքականներին։ Ունենալու ենք 6 փոքր եզրափակիչ։ Յուրաքանչյուր միավորի կորուստ կարող է բացասական անդրադառնալ։ Կարճ ժամանակ կա պատրաստվելու համար, սակայն միմյանց լավ ենք ճանաչում ու դա օգնում է մեզ։ 

Բոլոր ֆուտբոլիստների և հայկական ակումբների խաղերը երեք-չորս անգամ դիտել եմ։ Չկա այդպիսի ֆուտբոլիստ, որ մեր տեսադաշտում չլինի։ Ինչ վերաբերվում է Վահագն Այվազյանին, ապա նրան լավ եմ ճանաչում։ Եթե պետք է տուգանային իրացնելու համար վերցնենք հավաքական, ապա մենք շատ ունենք նման խաղացողներ։ Այժմ նա խաղում է պաշտպանությունում, սակայն եզրային կիսապաշտպան է, պարզապես «Բանանցում» նրան այդ դիրքում են օգտագործում։

Պետք է ինքներս մեր վրա հույս դնենք։ Մեր միտքն է ճկուն, մի բան է պակասում, որ այդ միքտը ճիշտ ուղով տանենք։

Չեմ կարող ասել, թե ինչ կլինի ֆեդերացիայի նոր նախագահի ընտրությունից հետո։ Իմ բոլոր մտքերը կապված են առաջիկա խաղերի հետ։

Տեղյակ եմ, որ Անդոնյանը «Սանդերլենդում» է, սակայն եթե մեկ-երկու հանդիպում անցկացներ, ապա կմիանար մեզ։ Ասել եմ նրան, որ մեծ պոտենցիալով ֆուտբոլիստ է ու Ֆրանսիայի 3-րդ 4-րդ լիգաներում խաղալով չի կարող հավաքական հրավիրել։ Նույնիսկ առաջարկել եմ, որ խաղա Հայաստանի Բարձրագույն խմբում, սակայն ընտրեց Եվրոպայում մնալը։

Տեսնում եմ ֆուտբոլիստներ երիտասարդական հավաքականից, որ կարող են միանալ ազգային ընտրանուն։ Կարծում եմ, որ եթե պետք է հրավիրվեն ազգային ընտրանի ու խաղան 15 րոպե, ապա ավելի լավա է խաղան երիտասարդականում։

Երկու ճանապարհ կա լեգիոներների սահմանափակման հարցում։ Մեկը՝ ֆեդերացիան որոշի ու նոր կանոններ մտցնի, իսկ մյուսը՝ թողնել ակումբների հայացողության տակ ու նրանք որոշեն, թե ովքեր պետք է խաղան թիմում։ Լիմիտի հարցը մանրակրկիտ ուսումնասիրության հարց է։ Դա չի կարող լինել այս կամ մյուս մրցաշրջանում, քանի որ կան մի շարք լեգիոներներ, որոնց հետ ակումբներն ունեն երկարաժամկետ պայմանագրեր։

Ցանկալի է հաղթել խոշոր հաշվով, սակայն կարևոր 3 միավոր վաստակելն է»,- եզրափակեց Մինասյանը։

Share |

Լրահոս