Մխիթարյան. Այսօր իմ օրը չէր

00:34 07.09.2018

Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումից հետո լրագրողները երկար սպասեցին Հենրիխ Մխիթարյանին: 

Մեր ազգային թիմի ավագը հայտնեց, որ դոպինգ-թեստ հանձնելու պատճառով է երկար մնացել ստադիոնում: 

Խոսելով հանդիպման մասին՝ Հենրիխն ասաց. «Գոլ խփելուց հետո երևի կենտրոնցվածությունը կորցրինք և գոլ բաց թողեցինք: Խաղը դժվարացավ. չնայած՝ մինչև գոլ խփելն էլ բարդ էր: Կարելի է ասել՝ այսօր իմ օրը չէր. հնարավորություններ բաց թողեցի, բայց ֆուտբոլ է՝ ամեն ինչ պատահում է: Լավ է, որ հաղթեցինք, 3 միավոր վաստակեցինք»:

 - Առանց հարձակվողի խաղացինք. ի՞նչ կասեք այդ մասին:

 - Երևի մարզիչը գտել էր, որ ամենաճիշտը դա էր. ինչ-որ տեղ ստացվեց, ինչ-որ տեղ՝ ոչ: Փորձեցինք, կարևորը՝ մինչև վերջ պայքարեցինք, հասանք ցանկալի արդյունքի:

 - Խաղի ամենաբարդ հատվածը ո՞րն էր:

 - Երևի թե իմ չիրացրած 11 մետրանոցից հետո: Ճիշտ է՝ գոլ խփեցինք, սակայն բարդ էր, մինչև գոլ խփելն էլ պահ ունեինք: Ֆուտբոլ է. չեն սխալվում նրանք, ովքեր ոչինչ չեն անում: Կարևորը փորձեցի, բայց իմ օրը չէր, բախտը երես էր թեքել:

 - Մակեդոնիա ինչի՞ հետևից եք գնալու:

 - Ինչի՞ հետևից ենք գնալու... հաղթանակի:

 - Այսօրվա խաղից հետո...:

 - Եթե Դուք նեգատիվ եք մտածում, կարող եք ընդհանրապես ստադիոն չգալ: Եթե մի մարդ չի գնալու Մակեդոնիա հաղթանակի համար, ապա կարող է չգնալ: Եթե պիտի գաք մարզադաշտ, որպեսզի տեսնեք, թե ինչպես է պարտվում հավաքականը, ապա մի եկեք:

 - Կարծիք կա, որ Մակեդիոնիայի դեմ սպասվող հանդիպումն ամենաբարդն է լինելու. այդպե՞ս է:

 - Մեզ համար յուրաքանչյուր խաղ շատ դժվար է: Դուք էլ տեսաք, որ այդ խաղը բարդ ստացվեց: Բարդ խաղ է լինելու, կպատրաստվենք ամենայլ լրջությամբ:

  - Ի՞նչ նոր բան է իր հետ բերել Մինասյանը:

 - Իրենից պետք է հարցնեք: Ես կարող եմ ասել, որ միայն դրական փոփոխություններ են: Նա պահպանել է իր փիլիսոփայությունը, ավելի շատ փորձ է ձեռք բերել, ավելի մանրակրկիտ է հասկանում ֆուտբոլը:

 - Խփած գոլից հետո արագ գոլ ընդունեցինք և լավ վիճակում չէինք: Ընդմիջմանը ինչպե՞ս մոտիվացրիք ֆուտբոլիստներին:

 - Մոտիվացնելու կարիք չկար, բոլորը հասկանում էին, որ պետք էր հաղթել: Պետք չէ սպասել, թե երբ է Հենոն իրենց մոտիվացնի: Յուրաքանչյուրը իրեն պետք է մոտիվացնի, կարողանա թիմին առաջ տանի, դրական արդյունք գրանցի:

 - Իսկ անձամբ ինչ-որ բան ասացի՞ք:

 - Միշտ էլ ասում եմ, որ պետք է գլուխներս բարձր խաղանք, իսկ թե ինչ կլինի հետո, հարցական է:

Share |

Լրահոս