Վայդենֆելերը երկու գոլ է խփել և երկու 11-մետրանոց հետ մղել իր հրաժեշտի խաղում

10:33 08.09.2018

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին դարպասապահ Ռոման Վայդենֆելերը, ով անցած մրցաշրջանի վերջում ավարտել է կարիերան, անցկացրել է իր հրաժեշտի հանդիպումը:

Խաղը կայացել է «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում: «Բորուսիայի աստղերը» 4:1 հաշվով հաղթել են «Ռոման և ընկերները» թիմին:

Հրաժեշտի խաղին մասնակցել են Յուրգեն Կլոպը, Միխայիլ Բալակը, Պեր Մերտեզակերը, Լուկաս Պոդոլսկին, Յան Կոլերը և ևս 50 խաղացող:

Հանդիպման գլխավոր հերոսը դարձել է անձամբ Վայդենֆելերը, ով երկու 11-մետրանոց է հետ մղել և երկու գոլ խփել` մեկը 11-մետրանոցից: Նշենք` յուրաքանչյուր թիմում նա մեկ խաղակես է անցկացրել:

38-ամյա դարպասապահը 16 մրցաշրջանի ընթացքում 349 հանդիպման է մասնակցել գերմանական ակումբի կազմում: Դարձել է Գերմանիայի կրկնակի չեմպիոն, հաղթել է երկրի Գավաթի և Սուպերգավաթի խաղարկություններում: 2014 թվականին Վայդենֆելերը նաև աշխարհի չեմպիոն է դարձել:

Share |

Լրահոս