Մակեդոնացիների հետ Մակեդոնացու ոճով. հաղթել է պետք

13:55 09.09.2018

Ազգերի լիգայի խաղարկության մասին շատ է խոսվել: Երկրպագուներն արդեն հինգ մատի պես գիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում այս մրցաշարը, ովքեր են մեր հիմնական մրցակիցները և ինչ է պետք անել հաղթելու ու Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար: Առավել մանրամասն մեր մրցակիցների մասին կարող եք ծանոթանալ այստեղ:

Թող մեծամտորեն չհնչի, սակայն եթե ցանկանում ենք լուրջ հաջողությունների հասնել, ապա պետք է խնդիրներ չունենանք Լիխտենշտեյնի ու Ջիբրալթարի հետ խաղերում: Այլ հարց է Մակեդոնիայի հավաքականը:

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, անչափ կարևոր օր է հայկական ֆուտբոլի համար: Եվրոպայի առաջնություն տանող մեծ ճանապարհի առաջին ու կարևոր քայլը պետք է կատարվի այսօր: Խմբում մեր հիմնական մրցակցին իր հարկի տակ հաղթելը ոչ միայն մեզ կբերի 3 միավոր, այլ նաև թույլ կտա հանգիստ ու առանց ավելորդ խնդիրների պատրաստվել հաջորդ խաղերին: Կարելի է ասել, որ խմբից դուրս գալը որոշվելու է այս երկու հավաքականների միջև հանդիպումների ժամանակ:

Ավելորդ անգամ վերլուծել մեր խաղը, փորձել հասկանալ, թե ինչ մարտավարությամբ ենք խաղալու, քննադատել կամ աջակցել Մինասյանին հավաքական հրավիրված ֆուտբոլիստների համար՝ հիմա դրա ժամանակը չէ. Մինասյանն արել է իր ընտրությունը, նա արդեն որոշել է թիմի կազմն ու մարտավարությունը: Մեզ մնում է միայն երկրպագել այն տղաներին, ովքեր այսօր դուրս կգան դաշտ Հայաստանի ազգային հավաքականի համար:

Վերլուծություններն ու քննարկումները կարելի է ու պետք է անել խաղից հետո: Մարզչի որոշումներն ու փոփոխությունները պետք է հասկանանք, քննադատենք կամ նրա կողմնակիցը լինենք 90 րոպեից հետո: Մինչև այդ մեկ մարդու պես պետք է հավաքվենք, հուզվենք և ուրախանանք այն ֆուտբոլիստների գործողություններից, որոնք այսօր իրենց «կաշվից դուրս են գալու» Հայաստանի պատիվը բարձր պահելու համար:

Նախկին հարավսլավական հանրապետություն Մակեդոնիան ոչ մի կապ չունի երբեմնի խոշորագույն զորավար Ալեքսանդր Մակեդոնացու հետ, սակայն յուրաքանչյուրս էլ, երբ լսում ենք Մակեդոնիայի անունը միանգամից հիշում և պատկերացնում ենք Ալեքսանդր Մեծին: Այսօր էլ Մխիթարյանն ու թիմակիցները պետք է հիշեն Մակեդոնացուն՝ լինեն նրա պես անվախ, պայքարեն ու ջախջախեն մրցակցին, չէ որ Ալեքսանդրն էլ միշտ առճակատվել է քանակապես գերազանցող թշնամու դեմ ու հաղթել բոլոր ճակատամարտերում։ 

Դե ինչ`

Ժամը՝ 20:00

Վայրը՝ «Ֆիլիպ II» ստադիոն

Նպատակը՝ Միայն հաղթանակ

ԱՌԱՋ, ՏՂԱՆԵ՛Ր

Share |

Լրահոս