ITF-ը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել Ուիլյամսի և մրցավար Ռամոսի կոնֆլիկտի վերաբերյալ

10:37 11.09.2018

Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF) մամուլի քարտուղարությունը հայտարարությամբ է հանդես եկել սկանդալային միջադեպի վերաբերյալ, որը տեղի է ունեցել US Open-ի կանանց եզրափակչի` ամերիկուհի Սերենա Ուիլյամսի և ճապոնուհի Նաոմի Օսակայի միջև խաղի ժամանակ:

Օսական երկու սեթում 6:2, 6:4 հաշիվներով հաղթանակ է տարել:

Սերենա Ուիլյամսը նախ նկատողություն է ստացել տրիբունայից մարզիչ Պատրիկ Մուրատօղլուից հուշում ստանալու համար, ապա երկրորդ սեթի հինգերորդ գեյմում պարտվելուց հետո տուգանվել է միավորով ռակետը կորտում կոտրելու համար:

4:3 հաշվի ժամանակ էլ Սերենա Ուիլյամսը վիրավորել է մրցավար Կառլոս Ռամոսին, ինչի արդյունքում զրկվել է գեյմից: Դրանից հետո Ուիլյամսը կորտ է հրավիրել մրցաշարի գլխավոր մրցավարին և փորձել բողոքարկել պատիժը, սակայն ապարդյուն: Ուշագրավ է, որ մրցավար Կառլոս Ռամոսը հանդիպման ավարտից հետո հեռացել է կորտից և չի մասնակցել պարգևատրման պաշտոնական արարողությանը:

«Կառլոս Ռամոսը ամենափորձառու և հարգարժան մրցավարներից մեկն է թենիսում: Նրա որոշումը միանգամայն համապատասխանել է գործող կանոններին: US Open-ը հաստատել է Սերենա Ուիլյամսի համար 3 զգուշացումով պայմանավորված պատիժը:

Անկասկած այդ աղմկահարույց և ցավալի միջադեպը պետք է քննարկումների տեղիք տա: Սակայն կարևոր է հասկանալ, որ Ռամոսը կատարել է իր պարտականությունները` կանոններին համապատասխան: Նա միշտ ցուցաբերել է պրոֆեսիոնալիզմ և բարեխղճություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Share |

Լրահոս