Լա Լիգան Ժիրոնա-Բարսելոնա հանդիպումը Մայամիում անցկացնելու դիմում է ներկայացրել RFEF

17:00 11.09.2018

Լա Լիգայի ղեկավարությունը պաշտոնական դիմում է ներկայացրել Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիա (RFEF), որպեսզի վերջինս թույլ տա Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի՝ «Ժիրոնա»-«Բարսելոնա» հանդիպումն անցկացնել Մայամիում:

Լա Լիգայի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Բարսելոնան», «Ժիրոնան» և Լա Լիգան ցանկանում են հունվարի 26-ին նախանշված հանդիպումն անցկացնել Մայամիի «Հարդ Ռոք» մարզադաշտում:

Կողմերի՝ RFEF-ին ուղղված դիմումը ստորագրել են «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն, «Ժիրոնայի» նախագահ Դելֆի Գելին և Լա Լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը: Դիմումը RFEF է ուղարկվել երկուշաբթի երեկոյան:

Հիշեցնենք, որ այս ամռանը Լա Լիգայի ղեկավարությունն առանց Իսպանիայի ակումբների և ֆուտբոլիստների արհմիության հետ խորհրդակցելու 15-ամյա պայմանագիր է կնքել «Relevant» ընկերության հետ, որի համաձայն՝ Իսպանիայի առաջնության որոշ հանդիպումներ կանցկացվեն ԱՄՆ-ում և Կանադայում: Լա Լիգայի 20 ակումբների ավագներն այս առիթով հայտարարել էին իրենց դժգոհությունը, սակայն ապարդյուն:

Նախօրեին իսպանական մամուլում տեղեկատվություն էր շրջանառվում, որ Խավիեր Տեբասը հանդիպել է վերոհիշյալ արհմիության ղեկավար Դավիդ Ագանսոյի հետ, սակայն կողմերը չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ:

Share |

Լրահոս