Սան Պաոլոն ահավոր մարզադաշտ է. Նապոլիի նախագահը ցանկանում է հեռանալ Նեապոլից

18:29 11.09.2018

«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտարարել է, որ թիմը Չեմպիոնների լիգայի տնային հանդիպումները կարող է անցկացնել Նեապոլից դուրս՝ «Սան Պաոլո» մարզադաշտի հետ կապված խնդիրների պատճառով.

««Սան Պաոլոն» ահավոր մարզադաշտ է: Սա բացասական երևույթ է, որը խոչընդոտում է եվրոպական մակարդակով մեր առաջընթացին:

Ես այլևս չեմ հանդուրժի և պարզապես կկառուցեմ իմ սեփական մարզադաշտը: Դրա համար երկու տարի կպահանջվի, սակայն ոչ ոք ոչինչ չի ասի, եթե ես սեփական գումարս ներդնեմ և համապատասխան տարածք գտնեմ:

ՈւԵՖԱ-ի թույլատվություն եմ խնդրել Չեմպիոնների լիգայի հանդիպումները Բարիի «Սան Նիկոլա» մարզադաշտում անցկացնելու համար: Ես գումար կծախսեմ հազարավոր ավտոբուսներ վարձելու և երկրպագուների տեղափոխությունն ապահովելու համար»,- Դե Լաուրենտիսի խոսքը մեջբերել է «Corriere dello Sport» պարբերականը:

Նեապոլի քաղաքապետ Լուիջի Դե Մաջիստրիսն արձագանքել է «Նապոլիի» նախագահի հայտարարությանը և բացառել է վերջինս առաջարկած տարբերակը.

«Չեմ ցանկանում քննարկել Դե Լաուրենտիսին: Անմտություն է կարծել, թե «Նապոլին» «Սան Պաոլոյից» դուրս խաղ կանցկացնի: Նման բան տեղ չի ունենա»,- ասել է քաղաքապետը:

Հավելենք, որ Աուրելիո Դե Լաուրենտիսը նաև «Բարիի» սեփականատերն է: Այդ ակումբի «Սան Նիկոլա» մարզադաշտը տեղավորում է 58 248 հանդիսական:

Share |

Լրահոս