Ջոկովիչն էմոցիոնալ կոչով դիմել է երկրպագուներին

10:59 14.09.2018

US Open-ի նորընծա չեմպիոն Նովակ Ջոկովիչը «Instagram»-ի իր պաշտոնական էջում կատարած գրառմամբ շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար.

«Նախքան իմ ամենախորը մտքերով կիսվելը, ցանկանում եմ ասել ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ձեր աջակցության և սիրո համար, որ ստանում եմ վատ և լավ ժամանակներում: Ինձ համար դա շատ կարևոր նշանակություն ունի:

Հասկանում եմ, որ ձեզ համար էլ հեշտ չէր, երբ իմ կարիերայում ամեն ինչ անորոշ էր: Շնորհակալ եմ:

Սովորաբար «անհավանական» բառով բնութագրում են մեծ հաջողությունները, սակայն ինձ համար այն այլ կարևոր նշանակություն ունի՝ հավատ: Հենց ձեր հավատն ինձ օգնեց առաջ շարժվել, երբ կոտրված էի և ցավ էի զգում: Եղավ մի պահ, երբ ես մնացել էի նույն կետում և չէի կարողանում անհրաժեշտ արդյունքի հասնել: Այդ ժամանակ ինձ շատ խորհուրդներ էին տալիս, փորձում էին օգնել: Ես հետևում էի դրանց: Երբեմն շատ դժվար էր, ես ինձ մոլորված էի զգում, սակայն իմ ուժերի, տաղանդի նկատմամբ հավատն օգնեց առաջ շարժվել:

Հավատը հենց այն է, ինչն ինձ օգնեց հաջողության հասնել: Վերջին ամիսներին ես կարևոր դաս եմ սովորել՝ անհնարին ոչինչ չկա: Չկան սահմաններ: Եթե դուք հստակ տեսնում եք ձեր կյանքի նպատակը, կհասնենք դրան... Ընկերնե՛ր, վստահեք հավատի ուժին: Այն կօգնի հասնել ամեն ինչի»,- գրել է Ջոկովիչը:

Share |

Լրահոս