Մբապե. Ռոնալդուի հետ Յուվենտուսը կարող է հաջողության հասնել Չեմպիոնների լիգայում

13:11 14.09.2018

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն «La Gazzetta dello Sport»-ին տված հարցազրույցում խոսել է Չեմպիոնների լիգայից ունեցած սպասելիքների մասին և անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Յուվենտուս» տեղափոխությանը.

«Մեր խումբը շատ բարդ է, բայց հենց դժվարություններով է գրավիչ Չեմպիոնների լիգան: «Նապոլիի» հետ հաստատ բարդ հանդիպումներ են լինելու:

Կարլո Անչելոտիի թիմերին հստակ փիլիսոփայություն է բնորոշ: Բացի այդ, նրանք հրաշալի երկրպագուներ ունեն:

Ռոնալդուի` «Յուվենտուս» տեղափոխությունն Ա Սերիան նոր մակարդակի բարձրացրեց: Իտալիան միշտ ուժեղ առաջնություն է ունեցել, սակայն վերջին տարիներին կորցրել է իր հեղինակությունը: Ռոնալդուի տեղափոխության շնորհիվ երկրպագուները կրկին ուշադրություն կդարձնեն այս լիգային: Վաղուց եմ հետևում Ա Սերիային, սակայն այժմ այն ինձ համար ավելի հետաքրքիր է դարձել:

Ռոնալդուն մեծություն է հաղորդել «Յուվենտուսին»: Սա նաև հիանալի հնարավորություն է անձամբ Կրիշտիանուի համար: Երկու կողմի համար շահավետ գործարք էր, և այժմ նրանք կարող են հաջողության հասնել Չեմպիոնների լիգայում: Հիանալի կլիներ, եթե եզրափակչում խաղային ՊՍԺ-ն և «Յուվենտուսը»»,- ասել է Մբապեն:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում ՊՍԺ-ի մրցակիցներն են «Լիվերպուլը», «Նապոլին» և «Ցրվենա Զվեզդան»:

Share |

Լրահոս