Սաուլը հրաժարվել է տեղափոխվել Բարսելոնա

12:20 14.09.2018

Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նյիգեսը հրաժարվել է տեղափոխվել «Բարսելոնա»: Այս մասին հաղորդում է կատալոնական «Mundo Deportivo» պարբերականը:

«Բարսելոնան» Սաուլի տրանսֆերը գնելու առաջնային իրավունք ունի: 2013 թվականին Դավիդ Վիլյայի՝ «Բարսելոնայից» «Աթլետիկո» տեղափոխության գործարքում կատալոնացիները կետ են ներառել, որի համաձայն՝ եթե մադրիդյան ակումբը վաճառի Սաուլի տրանսֆերը, առաջնային գնորդը լինելու է «Բարսելոնան»:

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կատալոնական ակումբը փորձել է օգտվել այդ գործարքից, սակայն 23-ամյա ֆուտբոլիստը մերժմամբ է պատասխանել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անտուան Գրիզմանն էր հրաժարվել տեղափոխվել «Բարսելոնա», որը ֆուտբոլիստի հրաժարագինը վճարելու պատրաստակամություն էր հայտնել:

Հավելենք, որ Սաուլն «Աթլետիկոյի» հետ մինչև 2026 թվականը գործող պայմանագիր ունի, որով նրա հրաժարագինը կազմում է 150 միլիոն եվրո: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Սաուլը մասնակցել է 4 հանդիպման և դարձել է 1 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս