ESPN. Հենրիխ Մխիթարյանը որոշել է չմեկնել Բաքու

14:12 01.10.2018

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցելու Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ ադրբեջանական «Ղարաբաղի» հետ արտագնա խաղին:

ESPN-ի լրագրող Մատիաս Կարենը հաղորդում է, որ հաշվի առնելով հայ-ադրբեջանական կոնֆլիկտը՝ նման որոշում կայացրել է անձամբ հայ ֆուտբոլիստը:

Ավելի վաղ «զինագործների» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հույս էր հայտնել, որ անկախ քաղաքական իրավիճակից՝ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ կմեկնի Ադրբեջան, սակայն ֆուտբոլիստն ու իր ընտանիքն այս հարցի վերաբերյալ այլ դիրքորոշում են ունեցել. լոնդոնյան ակումբի ղեկավարությունը որոշել է հարգել Մխիթարյանի ցանկությունը:

Հիշեցնենք, որ 2015 թվականին, երբ Հենրիխ Մխիթարյանը հանդես էր գալիս Դորտմունդի «Բորուսիայի» կազմում, գերմանական թիմը կրկին Եվրոպա լիգայի շրջանակում մրցեց ադրբեջանական «Գաբալայի» հետ, իսկ Հայաստանի ազգային հավաքականի առաջատարն այդ ժամանակ ևս չմասնակցեց արտագնա խաղին:

Հավելենք, որ «Ղարաբաղ»-«Արսենալ» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 4-ին: Այս խաղից առաջ «Արսենալը» 3 միավորով գլխավորում է E խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ «Ղարաբաղը» միավոր չունի:

Share |

Լրահոս

Loading...