Խաշմանյանը պատասխանել է Տալալաևին

15:37 01.10.2018

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը «Գանձասար-Կապանի» հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում անդրադարձել է «Արարատի» նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի` որոշ ժամանակ առաջ տված հարցազրույցին:

Armsport.am-ը Խաշմանյանից կարծիք է հարցրել ռուս մասնագետի պնդումների և որակումների մասին.

«Ես նայել եմ ասուլիսի տեսագրությունն, ու այդ ամենն ինձ համար անակնկալ էր:

 

Նախ, խորհուրդ կտամ այդ մարզչին, որ պրոֆեսիոնալ թարգմանիչ վարձի կամ մի փոքր հայերեն սովորի, որպեսզի նման տագնապի մեջ չընկնի:

Ես այդ ասուլիսի ժամանակ իր կողմից տեսա ոչ կոռեկտություն ու անհարգալից վերաբերմունք իմ հանդեպ: Հենց դրա համար էլ եկա անակնկալի: Իմ բոլոր հարցազրույցների ժամանակ նշել եմ, որ «Փյունիկը» շատ կազմակերպված թիմ է, լավ ֆուտբոլ է խաղում և չեմպիոնության առաջին թեկնածուն է: 

Խաղից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նա խոսել է իմ մասին՝ նշելով «այդ մասնագետը», չտալով իմ անուն ազգանունը, որը նա լավ գիտի: Գիտի, թե ես ով եմ և ինչ եմ ինձնից ներկայացնում, դա ևս անհարգալից վերաբերմունք է, քանզի ես միշտ իմ ամեն հարցազրույցի ժամանակ տվել եմ անուն ազգանուններ:

Նա իր ասածների մեջ օգտագործում էր ոչ կոռեկտ արտահայտություններ, իբրև թե ես նսեմացնում եմ «Փյունիկի» հաղթանակները և ակումբի գործունեությունը. դա բացահայտ սուտ է, այսուհետ այդ մարզիչը կարժանանա նույն վերաբերմունքին իմ կողմից, որը ցուցաբերել է:

Ես տվել եմ մեծ հարցազրույց` անդրադառնալով մեր ամբողջական ֆուտբոլին, դրա մեջ մտել են տարիքային հավաքականները և ակումբները այսօրվա դրությամբ, խոսել ենք նաև այսօրվա առաջնության մակարդակի մասին: Այդ մարզիչը ասել է իբրև թե, ես նշել եմ, որ «Փյունիկը» բախտի բերմամբ է հասել երրորդ փուլ, ասում եմ, որ դա չի համապատասխանում իրականությանը և դա սուտ է: Եղել է երկխոսություն, լրագրողը ասել է, որ բախտի գործոնը արդյոք մեծ չէ՞ ֆուտբոլում՝ նշելով «Շիրակի» հրաժարվելուց հետ ԵԼ-ին «Փյունիկի» մասնակցության գործոնը: Ես նշել եմ, որ «Փյունիկը» 5-րդ հորիզոնականն էր զբաղեցրել և չպետք է մասնակցեր ԵԼ-ին, անգամ «Շիրակի»՝ հրաժարվելուց հետո տատանվում էին. բախտի մասին խոսքը վերաբերել է դրան, թող ուսումնասիրեն իմ հարցազրույցը»:

Խոսելով Տալալաևի այն մտքի մասին, որ «Վարդարը» «Տոբոլը» և «Մաքքաբին» բարձր մակարդակի վրա են, Խաշմանյանն ասել է.

«Ես մնում եմ իմ կարծիքին, որ «Վարդարը» ամենաթույլ եվրոպական ակումբն էր, որ տեսանք Հայաստանում. անատամ ու անկազմակերպ խաղ և այդ հանդիպումից հետո մարզչի հեռացում: Հիմա, որ «Վարդարը» առաջին տեղում է այլ բան է և հարաբերական:

Անցնենք «Տոբոլին». նա նշում է, թե իբր ես ասել եմ, որ այն թույլ թիմ է: Բացահայտ սուտ: Ես նշել եմ, որ «Տոբոլը» շատ կազմակերպված թիմ է, որին «Փյունիկը» հաղթեց: Կապված «Մաքքաբիի» հետ` նշել եմ, որ լավ և ուժեղ թիմ է, և «Փյունիկը» արժանիորեն պայքարեց և դուրս մնաց պատվով:

Դրանից հետո ինձ հարցրել են մարզչի գործոնի մասին, ես տվել եմ լավ գնահատական: Ես եղել եմ հայկական ֆուտբոլի այն մարդկանց խմբում, ովքեր շատ են ուրախացել ԵԼ-ում «Փյունիկի» հաջողությամբ, քանի որ հայկական թիմ է և նաև իմն է»:

Ռուս մասնագետը մեկնաբանել էր Խաշմանյանի խոսքը, որը վերաբերում է Բարձրագույն խմբի ներկայիս մակարդակին. այդ մեկնաբանությանը Խաշմանյանը տվել է իր պատասխանը.

«Նա  նշում է, թե ես ասել եմ առաջնության խաղամակարդակը նույնն է, թիմեր են ավելացել: Այո, ասել եմ, ու կկրկնեմ, առաջնության մակարդակը նույնն է, ավելացել է մի քանի թիմ: Նա, եթե կարծում է, թե «Փյունիկի» ու «Լոռիի» առաջադիմությամբ մակարդակը բարձրացել է, ապա չարաչար սխալվում է, որովհետև իջել է մյուս թիմերի մակարդակը, որոնք վերջին տարիներին տոն տվողներն էին. կոնկրետ «Շիրակը» «Ալաշկերտը», «Գանձասար-Կապանը». ցավում եմ, որ չի հանդիպել այս թիմերին իրենց լավ ժամանակաշրջանում:

Եթե անգամ այդ թիմերն էլ լինեին իրենց լավ մակարդակի վրա, գուցե կարելի էր ասել, որ առաջնության մակարդակը բարձրացել է: Աշխատելով մի քանի ամիս այստեղ՝ չի կարող ասել, թե մակարդակը բարձրացել է: Առաջնության մակարդակի մասին գնահատական կարող եմ տալ ես և այն մարդիկ, ովքեր տասնյակ տարիներից ավելի գլխավորում են տարբեր ակումբներ և միշտ եղել են գործընթացի մեջ:

Նա գուցե նայել է անցած և նախանցած տարիների խաղերը, որը թեորիա է, իսկ լինել գործընթացի և պրակտիկայի մեջ, լրիվ այլ բան է: Հայաստանի առաջնության խաղամակարդակը կբարձրանա այն ժամանակ, երբ կլինեն ավելի մեծ ներդրումներ և ակումբների բյուջեները 3-4 անգամ կավելանան: Չեն լինի 3-4-րդ կարգի «պարկով բերված» լեգիոներներ, այլ կլինեն բավականին լավ մակարդալի ֆուտբոլիստներ, ովքեր կարող են խաղամակարդակ բարձրացնել: Եթե նա մտածում է, թե ամեն ինչ գիտի հայկական ֆուտբոլի մասին, ապա սխալվում է, եթե մտածում է ամենամեծ ամբիցիաներն ունի, այստեղ էլ է սխալվում, իրենից շատ ամբիցիոզներ էլ կան:

Ես մեծ հարգանք ունեմ «Փյունիկ» ակումբի նկատմամբ, այն էլ այսօրվա, քանզի շատ լավ ճանաչում եմ բոլոր աշխատակիցներին, շատ լավ իրենք էլ  ինձ են ճանաչում, ունեմ ընկերներ այդ ակումում, ունեմ անգամ հարազատներ: Եվ ամենակարևորը, մեծ հարգանք ունեմ նախագահի և հովանավոր Արթուր Սողոմոնյանի նկատմամբ, առաջին հերթին նրա մարդ տեսակի համար»,- ասել է Խաշմանյանը:

Share |

Լրահոս

Loading...