Տոտենհեմ-Բարսելոնա, Նապոլի-Լիվերպուլ. կրակոտ խաղերին ընդառաջ

14:41 03.10.2018

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլը շարունակում է զարմացնել և հիացնել: Այսօր երկրորդ տուրի շրջանակում կայանալու են A, B, C, D խմբերի հանդիպումները:

A խումբ

Մրցաշարային աղյուսակն առաջին տուրից հետո

1. «Բորուսիա Դորտմունդ» - 3 միավոր
2. «Աթլետիկո» - 3
3. «Մոնակո» - 0
4. «Բրյուգե» - 0

Այսօր կայանալու են «Աթլետիկո»-«Բրյուգե», «Բորուսիա»-«Մոնակո» հանդիպումները, որոնց մեկնարկը նախանշված է 23;00-ին:

«Բորուսիան» և «Աթլետիկոն» հաղթանակի հասնելու լավ հնարավորություններ ունեն: Դորտմունդյան թիմի գլխավոր մարզիչ Լուսյեն Ֆավրը ժամանակին գլխավորել է «Նիսը» և հիանալի ծանոթ է ֆրանսիական ֆուտբոլին: Թիմերը խաղին մոտենում են հոգեբանական տարբեր վիճակներով. «Բորուսիան» ոգևորված է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորելու փաստով, իսկ «Մոնակոն» այժմ Լիգա 1-ի հետնապահների թվում է:

Բացի այդ, «Մոնակոյի» կազմում վնասվածքների պատճառով խաղը բաց կթողնեն Պելեգրին, Յովետիչը, Լոպեշը, հարցականի տակ է Սուբաշիչի մասնակցությունը: Դորտմունդում կայանալիք խաղում դաշտի տերերը կլինեն ֆավորիտի կարգավիճակում, սակայն հաշվի առնելով Լիգա 1-ի վերջին խաղերում «Մոնակոյի» «փորձնական» կազմերը՝ Լեոնարդու Ժարդիմը մրցակցին կարող է զարմացնել:

Եթե այս խաղում որոշակի հարցեր կան, ապա «Աթլետիկո»-«Բրյուգե» խաղում բացահայտ ֆավորիտը Դիեգո Սիմեոնեի թիմն է, որը սեփական հարկի տակ միավորների կորուստ թույլ չի տա:

B խումբ

Մրցաշարային աղյուսակն առաջին տուրց հետո

1. «Բարսելոնա» - 3 միավոր
2. «Ինտեր» - 3
3. ՊՍՎ - 0
4. «Տոտենհեմ» - 0

Երևանի ժամանակով 23:00-ին մեկնարկելու են «Տոտենհեմ»-«Բարսելոնա» և ՊՍՎ-«Ինտեր» հանդիպումները:

Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում իսկական ֆուտբոլային տոն է սպասվում: Մաուրիսիո Պոչետինոյի համար այս խաղը յուրահատուկ նշանակություն ունի. «Էսպանյոլի» նախկին ֆուտբոլիստի և մարզչի թիմը մրցելու է սկզբունքային հակառակորդի հետ: Պոչետինոն խաղից առաջ ևս մեկ անգամ ընդգծեց, որ երբեք չի մարզի «Բարսելոնան»:

Պոչետինոն ընդդեմ «Բարսելոնայի», իսկ Քեյնն ընդդեմ Մեսսիի: Հաշվի առնելով կատալոնական թիմի պաշտպանների՝ ընթացիկ մրցաշրջանում ցուցադրած անվստահ խաղը, Ումտիտիի բացակայությունը և Սերժի Ռոբերտոյի ազդրի մկանային վնասվածքը՝ Քեյնի՝ գոլ խփելու հնարավորություններն այսօր մեծ են լինելու:

Սակայն «Տոտենհեմի» կորուստներն էլ քիչ չեն. լոնդոնյան թիմի հիմնական կազմի միանգամից 5 ֆուտբոլիստի տարբեր աստիճանի վնասվածքների պատճառով բաց է թողնելու հանդիպումը: Չնայած դրան՝ «Տոտենհեմը» երկրորդ տուրն անընդմեջ չի կարող միավորների կորուստ թույլ տալ:

ՊՍՎ-ն չափազանց անհաջող մեկնարկեց Չեմպիոնների լիգայում՝ առաջին տուրում 0:4 հաշվով պարտվելով «Բարսելոնային»: «Ինտերն» առաջին տուրի՝ «Տոտենհեմի» դեմ խաղում աչքի ընկավ կամային որակներով: Լուչանո Սպալետիի թիմն ընթացիկ մրցաշրջանում սովորաբար խաղակեսերից մեկը մյուսի համեմատ ավելի ուժեղ է անցկացնում: Թե որ խաղակեսն այս անգամ կընտրի Սպալետին, հայտնի չէ: ՊՍՎ-ն հակառակը՝ ուժերը հավասարաչափ է բաշխում: Թիմերի տարբեր մոտեցումերն ավելի են մեծացնում հանդիպումից ունեցած սպասելիքները:

C խումբ

Մրցաշարային աղյուսակն առաջին տուրից հետո

1. «Լիվերպուլ» - 3
2. «Ցրվենա Զվեզդա» - 1
3. «Նապոլի» - 1
4. «Պարի Սեն Ժերմեն» - 0

20:55-ին մեկնարկելու է «Պարի Սեն Ժերմեն»-«Ցրվենա Զվեզդա» հանդիպումը, իսկ ավելի ուշ՝ 23:00-ին՝ «Նապոլի»-«Լիվերպուլ» խաղը:

Ամենահետաքրքիր խմբերից մեկն առաջին տուրում չհիասթափեցրեց. «Էնֆիլդում» հիանալի դիմակայության ականտես եղանք, իսկ «Նապոլին» անսպասելիորեն միավորներ կորցրեց: Այսօր սերբերը կփորձեն դիմակայել փարիզյան թիմի հարձակմանը, իսկ «Նապոլին» կփորձի խուսափել միավորների կորուստից:

«Նապոլիի» օգտին խոսում է վիճակագրությունը. Կառլո Անչելոտիի թիմերը եվրագավաթների շրջանակում երբեք չեն պարտվել «Լիվերպուլին»: «Միլանը» և «Ռեալը» գլխավորելիս Անչելոտին 4 հանդիպում է անցկացրել «Լիվերպուլի» դեմ՝ տոնելով 3 հաղթանակ, մեկ անգամ էլ ոչ-ոքի խաղալով: Սակայն այսօրվա հանդիպումն այլ պատմություն է, իսկ «Նապոլին» անգամ սեփական հարկի տակ ընդգծված ֆավորիտ չէ:

D խումբ

Մրցաշարային աղյուսակն առաջին տուրից հետո

1. «Գալաթասարայ» - 3 միավոր
2. «Պորտու» - 1
3. «Շալկե-04» - 1
4. «Լոկոմոտիվ» - 0

20:55-ին մեկնարկելու է «Լոկոմոտիվ»-«Շալկե-04» հանդիպումը, 23:00-ին էլ՝ «Պորտու»-«Գալաթասարայ» խաղը:

Այսօրվա խաղից առաջ «Պորտուն» լուրջ խնդիրներ ունի հարձակման գծում՝ Աբուբակարը ծնկի կապանների վնասվածք է ստացել, իսկ Տիկինյու Սոարեշը նախապես հայտավորված չի եղել Չեմպիոնների լիգայում: Սերժիու Կասեյսաուն կարող է հույսեր կապել միայն Մարեգայի հետ: «Գալաթասարայը» նույնպես զերծ չի մնացել խնդիրներից. հարացականի տակ է Դերդյուկի մասնակցությունը, որը տպավորիչ խաղ ցուցադրեց առաջին տուրում:

Ստամբուլում կրած պարտությունից հետո «Լոկոմոտիվը» կփորձի ուշքի գալ տնային խաղում, սակայն «Շալկեն» ամենահեժտ մրցակիցներից չէ: Այնպես որ՝ անգամ մեկ միավորը վաստակելը շատ բարդ կլինի:

Share |

Լրահոս

Loading...