Դարի վերադարձերից մեկը. Կասորլայի շատ հուզիչ և մոտիվացնող պատմությունը (լուսանկարներ)

11:07 04.10.2018

Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Սպարտակի» դեմ խաղալու է մի ֆուտբոլիստ, ում վերադարձին ոչ ոք չէր հավատում։ Անտանելի ցավերով, վիրահատություններով և տարակուսանքներով լի շուրջ երկու տարի, և նա կրկին խաղադաշտում է։

33-ամյա Սանտի Կասորլային հավատաց և խաղադաշտ վերադառնալու հնարավորություն տվեց «Վիլյառեալը», որտեղ 15 տարի առաջ նա սկսել էր իր պրոֆեսիոնալ ուղին։ Կասորլան ներկայացրել է իր՝ հավատի և համբերության մասին զարմանալի պատմությունը։

Վնասվածքը

«Ամեն ինչ սկսվեց աքիլեսյան գարշապարհի մոտ գտնվող ջլի վնասվածքից։ Կորտիկոստոիդ ներարկումների մեծ քանակի պատճառով մաշկիս հետ կապված խնդիրներ առաջացան։ Ինձ ասացին, որ անհրաժեշտ է լուծել առաջին վիրահատությունից հետո առաջացած խնդիրները։ Նախ պետք է հասկանայինք՝ մաշկս վերականգնվո՞ւմ է, թե՞ ոչ, իսկ հետո տեսնեինք, թե մաշկս ինչ ռեակցիա ցույց կտա կարերին։ Վիրահատությունը նորմալ անցավ, բայց հետո առաջացան խնդիրները․․․ Մաշկս չէր վերականգնվում, վերքերս չէին լավանում»:

Բակտերիաներ

«Բժիշկներն ասացին, որ ինձ մաշկի փոխպատվաստում է անհրաժեշտ։ Ինչպես գիտեք, փոխպատվաստումը պետք է կատարվեր ձեռքիս մաշկից։ Այստեղ առաջացավ երկրորդ բարդությունը՝ վիրաբույժների անփութության արդյունքում օրգանիզմումս ինֆեկցիա առաջացավ։ Չգիտեմ՝ նրանք իսկապես չէի՞ն նկատել բակտերիաները, թե՞ դրանք ոչ կարևոր էին համարել։

Ամեն ամիս ինձ վիրահատության էին ենթարկում, բայց վերքերս չէին լավանում, ինչի արդյունքում անընդհատ նոր կարերի անհրաժեշտություն էր առաջանում։ Այդ ժամանակ հասկացա, որ նման բուժումն օգուտ չի տալիս և անհրաժեշտ է այլ բան փորձել։ Մեկնեցի Վիտորիա՝ բժիշկ Միկել Սանչեսի մոտ։ Այդ ընթացքում բակտերիան արդեն «կերել էր» աքիլեսյան գարշապարիս մաշկից 10 սմ։ Հենց այսպես սկսվեց իմ տանջալի պատմությունը, որը բոլորովին վերջերս ավարտվեց»:

Մոտիվացիա

«Այդ ընթացքում բոլորն ինձ սփոփելու համար ասում էին, որ երկար կարիերա եմ ունեցել, որ արդեն մեծ տարիքում եմ վնասվածք ստացել, որ տեսել եմ ֆուտբոլի հմայքը․․․ Բայց ինձ համար դա հպարտության հարց էր։ Ինձ շարքից դուրս էին համարում, իսկ ես տենչում էի ապացուցել, որ նրանք սխալվում են։ Ինձ համար միայն վերադարձը քիչ էր․ ցանկանում էի կրկին բարձր մակարդակով խաղալ, հակառակ դեպքում, հավանաբար, կավարտեի կարիերաս։ Ինձ մոտիվացնում էր այն, որ ինձ վրա խաչ էին քաշել»:

Դժվարությունների մասին

«Ապաքինմանս տարբեր փուլերում քայլելիս ցավ էի զգում։ Առավոտյան արթնանում էի և չէի կարողանում վեր կենալ․․․ Չէի կարողանում խաղալ տղայիս հետ։ Երկու տարվա ընթացքում շատ դժվարություններ եղան։ Երբեմն իսկապես ցանկանում էի սպիտակ դրոշակ ցույց տալ։ Ինքս ինձ հարցնում էի՝ իմաստ ունի՞ շարունակել, եթե որևէ առաջընթաց չկա։

Ժամանակ առ ժամանակ նման մտքեր էի ունենում։ Գիշերները մտածում էի՝ արդյո՞ք իմ ջանքներն արդյունք կտան, իսկ առավոտյան արթանանում էի այլ տրամադրվածությամբ և մոռանում էի, որ ցանկացել եմ ամեն ինչ թողնել»:

Կարևորի մասին

«Երբ անցնում ես այն ամենի միջով, ինչը ես եմ ապրել, սկսում ես ավելի շատ գնահատել կյանքը։ Նախկինում շատ մանրուքների պատճառով էի ինձ վատ զգում, իսկ հիմա հասկանում եմ, որ դրանք արժանի չեն իմ ուշադրությանը։ Սկսում ես հասկանալ, թե իրականում կյանքում ինչը նշանակություն ունի»:

Օրինակ լինելու մասին

«Երբ ինձ ասում են, որ կարող եմ օրինակ ծառայել մյուսների համար, ես միշտ պատասխանում եմ, որ դա բոլորովին այդպես չէ։ Շատերն ավելի ցավալի ժամանակներ են ապրել։ Այո՛, իմ կարիերան կարող էր ավարտել, բայց շատերն առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունեն, իսկ առողջությունն ամենակարևոր բանն է։ Պարզապես ես պայքարում եմ այս կյանքում իմ տեղի համար»:

Դաջվածքը․․․

«Ես չեմ մտածում մաշկիս փոխպատվաստված հատվածի մասին։ Դա պարզապես իմ մարմնի մի մասն է։ Ովքեր առաջին անգամ են տեսնում ձեռքս, ապշում են, իսկ ինձ ավելի շատ հուզում է այն, որ աղջկաս անվան մի մասն է ջնջվել․․․ Նոր դաջվածք կանեմ։ Աղջիկս ամեն անգամ հարցնում է, թե որտեղ է նրա անվան մի մասը, խեղճ աղջիկս․․․ Նա դեռ փոքր է և չի հասկանում, թե ինչ է կատարվել։

Հիմա ես առողջ եմ, ֆուտբոլ եմ խաղում, ապրում եմ նորմալ կյանքով։ Պայքարս վերածվում է պատմության և այլևս կարևոր չի թվում»

Ինչպես 18 տարեկանում

«Ֆուտբոլը սկսել է ավելի շատ ուրախացնել ինձ, չէ՞ որ կար մի պահ, երբ մտածում էի՝ այլևս չեմ կարող խաղալ։ Նախքան վնասվածքն էլ էի հաճույք ստանում ֆուտբոլից, բայց մտածում էի՝ ամեն շաբաթ խաղադաշտ եմ դուրս գալու և ինձ հետ ոչինչ տեղի չի ունենալու։

Ես գիտակցում եմ՝ քանի տարեկան եմ և հասկանում եմ, որ աստիճանաբար կարիերայիս ավարտը մոտենում է։ Ցանկանում եմ վայելել ամեն պահը ոչ միայն խաղալիս, այլևս մարզումների, թիմային հավաքների, հանդերձարանում շփման ժամանակ։ Ամեն ինչի վերաբերվում եմ այնպես, ասես կրկին 18 տարեկան եմ․․․»:  

Աղբյուր` uefa.com
Share |

Լրահոս