Էմերի․ Հարգում եմ Մխիթարյանի դիրքորոշումը

00:22 04.10.2018

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ ադրբեջանական «Ղարաբաղի» հետ արտագնա խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Հենրիխ Մխիթարյանի բացակայության մասին։

Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանն անձամբ է որոշել չմեկնել Բաքու, իսկ լոնդոնյան ակումբի ղեկավարությունն ընդառաջել է նրան։

«Մխիթարյանը չէր կարող գալ Ադրբեջան։ Իմ աշխատանքը ֆուտբոլն է, ոչ թե քաղաքականությունը։ Ես հարգում եմ յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուր մշակույթ և երկիր, բայց տեղյակ չեմ բոլոր երկրներում տիրող իրավիճակներից։

Ինձ համար Մխիթարյանը վաղը պարզապես չի կարող խաղալ։ Ես հարգում եմ Մխիթարյանի դիրքորոշումը և հարգում եմ ձեզ։ Մենք այստեղ ենք ժամանել լավ ֆուտբոլ ցուցադրելու մտադրությամբ»,- Էմերիի խոսքը մեջբերել է «Daily Mail»-ը։

Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչը կայանալու է Բաքվում։ Հարցին՝ եթե «Արսենալը» հասնի եզրափակիչ, արդյո՞ք Մխիթարյանը կմասնակցի այդ հանդիպմանը, Էմերին տվել է հետևյալ պատասխանը․

«Մինչև եզրափակիչ շատ երկար ճանապարհ կա։ Մենք մտածում ենք միայն վաղվա խաղի մասին»։

Ավելի վաղ «Ղարաբաղի» գլխավոր մարզիչ Գուրբան Գուրբանովը ևս խոսել էր «Արսենալի» հայտացուցակից Հենրիխ Մխիթարյանի բացակայության մասին։

Հավելենք, որ «Ղարաբաղ»-«Արսենալ» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 4-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:55-ին։ 

Share |

Լրահոս

Loading...