Ոսկե գնդակ. Հայտնի են բոլոր հավակնորդների անունները

21:44 08.10.2018

«France Football» պարբերականն այսօր հրապարակել է «Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդների անունները:

«France Football»-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնելու է 30 ֆուտբոլիստ: «Armsport.am»-ը անընդհատ թարմացումներով ներկայացրեց բոլոր հավակնորդներին: 

Մադրիդի «Ռեալից» ներկայացված է 8 ֆուտբոլիստ, «Լիվերպուլից»` 4, «Աթլետիկոյից» և «Բարսելոնայից»` 3, «Չելսիից», «Յուվենտուսից», «Մանչեսթեր Սիթիից», «Տոտենհեմիից»` 2, «Մանչեսթեր Յունայթեդից»`1:

21:35 Հայտնի դարձան բոլոր հավակնորդների անունները: Վերջին 5 թեկնածուներն են` Իվան Ռակիտիչ «Բարսելոնա», Սերխիո Ռամոս «Ռեալ Մադրիդ», Մոհամեդ Սալահ «Լիվերպուլ», Լուիս Սուարես «Բարսելոնա», Ռաֆայել Վարան «Ռեալ Մադրիդ»

21:00 25 թեկնածու արդեն հայտնի է: «Ոսկե գնդակի» համար պայքարելու են նաև «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, «Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Պոլ Պոգբան:

20:30 Եվս 5 ֆուտբոլիստի անուն է հայտնի: Մրցանակի համար կպայքարեն նաև «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն, «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Մարիո Մանջուկիչը, ՊՍԺ-ի երիտասարդ խաղացող Կիլիան Մբապեն, «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը և «Ռեալի» պաշտպան Մարսելոն

16:00-ին հրապարակվեց ևս 5 ֆուտբոլիստի անուն: «Ոսկե գնդակի» համար կպայքարեն նաև Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը, «Չելսիի» առաջատարներից Էդեն Ազարն ու Նգոլո Կանտեն, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն և «Տոտենհեմից» Հարի Քեյնը:

14:00 - Երկրորդ հնգյակում տեղ են գտել Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան, ով «Չելսիից» մադրիդյան ակումբ է տեղափոխվել այս ամռանը, գործող մրցանակակիր Կրիշտիանու Ռոնալդուն, ով ամռանը «Ռեալից» տեղափոխվեց «Յուվենտուս», Բելգիայի հավաքականի ու «Մանչեսթեր Սիթիի» առաջատարներից Կևին դե Բրույնեն, «Լիվերպուլից» Ռոբերտո Ֆիրմինոն և «Աթլետիկոյից» Դիեգո Գոդինը:

12:00 - Այսպիսով, առաջին հնգյակում հայտնվել են «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն, «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերը, Մադրիդի «Ռեալի» հարձակվողներ Կարիմ Բենզեման և Գարեթ Բեյլը, ինչպես նաև «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Էդինսոն Կավանին:

Հավելենք, որ հաղթողի անունը հայտնի է դառնալու դեկտեմբերի 3-ին, Փարիզում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:

Պատմական ակնարկ

«Ոսկե գնդակ» ամենամյա մրցանակը 1956-ից սկսած տրվում էր այն ֆուտբոլիստին, ով տվյալ օրացուցային տարում լավագույնն էր ճանաչվում Եվրոպայում: Մրցանակը սահմանել է «France Football»-ի գլխավոր խմբագիր Գաբրիել Անոն, ով 1956-ին իր գործընկերներին խնդրել է քվեարկել Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ընտրելու համար:

Մրցանակի առաջին տերը «Բլեկպուլի» ֆուտբոլիստ Սթենլի Մեթյուն էր: Սկզբում լրագրողները կարող էին քվեարկել միայն եվրոպական ակումբների եվրոպացի ֆուտբոլիստների օգտին (օրինակ՝ Պելեն ու Մարադոնան այդ մրցանակը ստանալ չէին կարող): 1995-ից կանոնները փոխվեցին. այդ տարվանից մրցանակին կարող էր արժանանալ ցանկացած ազգի ներկայացուցիչ, ով խաղում է Եվրոպայում: Ոչ եվրոպացի առաջին մրցանակակիրը «Միլանի» ֆուտբոլիստ Ջորջ Վեան էր:

2007-ին կանոնների մեջ կրկին փոփոխություններ եղան, ու այդ տարվանից մինչ օրս «Ոսկե գնդակը» կարող է ստանալ ցանկացած ազգի ու աշխարհի ցանկացած ակումբում ելույթ ունեցող ֆուտբոլիստ: Սրա հետ կապված մեծացավ նաև քվեարկող լրագրողների թիվը: Նախկինում եվրոպական լրատվամիջոցների 52 լրագրող էր քվեարկում, հիմա` աշխարհի 96 լրագրող:

2009 թվականին ՖԻՖԱ-ն միացավ ընտրությանը, և քվեարկությանը սկսեցին մասնակցել նաև ՖԻՖԱ-ի անդամ հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները, սակայն 2016 թվականից «France Football» հեղինակավոր պարբերականը կրկին ինքնուրույն է անցկացնում քվեարկությունը:

Share |

Լրահոս