Արարատ-Արմենիայի պաշտպան. Դիեգո Սիմեոնեն ինձ շատ է օգնել

19:56 09.10.2018

Արարատ-Արմենիա ակումբի մամուլի քարտուղարությունը զրույց է ունեցել թիմի պաշտպան Սերխի Գոնսալեսի հետ`

Գոնսալեսն ավելի վաղ ակումբի հարցման արդյունքում ճանարվել էր «Արարատի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

- Շնորհավորում ենք Ձեզ «Արարատ»-ի հետ խաղում լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու կապակցությամբ:

Այս խաղով Դուք տոնեցիք Ձեր նորամուտը Հայաստանի առաջնությունում, կիսվեք ձեր տպավորություններով ընդհանուր խաղի մասին:

- Նախ և առաջ, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին, իմ օգտին քվեարկելու համար: Խաղը մինչև վերջին պահը շատ լարված էր անցնում, բայց կարծում եմ, որ մենք արժանի էինք հաղթանակի, որովհետև ավելի շատ վտանգավոր պահեր էինք ստեղծել մրցակցի դարպասի մոտ, քան իրենք մեր: Շատ լավ զգացողություններ ունեի ողջ խաղի ընթացքում, ինձ շատ հարմար էի զգում դաշտում:

 - Դուք մի քանի խաղեր եք բաց թողել, և նախորդ մարզչի խոսքերով, պատճառը ոչ օպտիմալ ֆիզիկական վիճակն էր: Ինչպե՞ս եք հիմա գնահատում ձեր մարզավիճակը:

- Նախորդ մարզիչն արդեն ուներ կազմավորված թիմ: Ես ուշ միացա թիմին և կարծում եմ, որ շատ վստահություն չէի վայելում, բայց նոր մարզչի օրոք շատ բան փոխվեց: Ինձ շատ ավելի լավ եմ զգում, ֆիզիկապես լավ պատրաստված եմ և շատ մարտական եմ տրամադրված մյուս հանդիպումներին:

 - Արդեն հարմարվե՞լ եք նոր մարզչական շտաբի պահանջներին:

 - Հիմա մարզչի հետ ճանաչման փուլում ենք՝ նա մեզ է փորձում ճանաչել, մենք իրեն: Կարծում եմ, որ մեր համագործակցությունը դրական կանդրադառնա թիմի խաղի վրա: Դեռ շատ կարճ ժամանակ է, որ մարզվել ենք միասին, բայց կարծում եմ ամեն ինչ լավ կստացվի:

 - Թիմակիցների հետ ամբողջովին հաջողվո՞ւմ է հաղորդակցվել:

- Մի փոքր դժվար է հաղորդակցությունը թիմի հետ, բայց շատերի հետ կարողանում եմ լավ շփվել: Բոլորն էլ լավ խաղընկերներ են, և սա պետք է որ տեսանելի լինի խաղերի ժամանակ և տա իր արդյունքը:

 - Ի՞նչ գիտեիք Հայաստանի մասին, մինչև «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը:

 - Եթե անկեղծ լինեմ, շատ քիչ բան գիտեի Հայաստանի մասին, բայց երբ եկա, հաճելիորեն զարմացա: Հիմա արդեն մի փոքր ճանաչում եմ քաղաքը և ինձ շատ երջանիկ եմ զգում այստեղ:

 - Ինչպե՞ս կգնահատեք տեղական ֆուտբոլի մակարդակը, մասնավորապես Հայաստանի առաջնության:

- Հայաստանի առաջնության մակարդակը զիջում է Իսպանիային, բայց այստեղ նույնպես կան ուժեղ խաղացողներ: Ֆուտբոլում պետք է միշտ հարգես մրցակցին, և մենք այդպես էլ անում ենք: Պետք է անցած խաղի նման տրամադրվենք և նույն ձևով խաղանք, որպեսզի շարունակենք հաղթել:

 - Ճակատագրի բերումով, Դուք անցկացրեցիք երկու խաղ մեր երիտասարդական կազմում՝ «Արարատ-Արմենիա-2»-ում, ինչպե՞ս եք գնահատում նրանց պոտենցիալը:

- Երիտասարդ ֆուտբոլիստները լավ մակարդակի են, որոշները մարզվում են մեր հետ, ինչը շատ գովելի է: Ապագայում տեղն իրենցն է լինելու, պետք է շարունակեն ակտիվ մարզվել, որպեսզի պատրաստ լինեն իրենց ընձեռնված հնարավորությունը օգտագործել:

 - Հասցրե՞լ եք արդեն հարմարվել Երևանին՝ կլիմային, հայկական խոհանոցին:

- Երևանը շատ լավ քաղաք է, կլիման էլ նման է Իսպանիային: Արագ եմ հարմարվում այս երկրին և ինձ երջանիկ եմ զգում այստեղ գտնվելով: Ցավոք սրտի դեռ չի հաջողվել փորձել տեղական խոհանոցը, բայց մի օր անպայման կփորձեմ:

 - Ի՞նչ նմանություններ և տարբերություններ եք նկատել հայերի և իսպանացիների միջև:

- Կարծում եմ, որ իսպանացիներս ավելի համբերատար ենք, քան հայերը: Այստեղ շտապում են ամեն ինչում և ակնկալում են ամեն ինչ շատ արագ ստանալ: Սա է հիմնական տարբերությունը, որ նկատել եմ (ժպտում է):

 -  Երկա՞ր մտածեցիք Մադրիդի «Ատլետիկոյից» «Արարատ-Արմենիա» տեղափոխվելու մասին, և ի՞նչը Ձեզ դրդեց այդ քայլին գնալ:

- Ինձ զանգահարեցին այս թիմից և առաջարկ արեցին, ինչն ինձ շատ հետաքրքրեց: Ցանկանում էի անցնել այս փորձությունը և լինել այն երկրում, որը չէի ճանաչում, վստահաբար կարող եմ ասել, որ չեմ փոշմանում որոշմանս համար:

 - «Աթլետիկոյից» ու՞մ հետ եք կապ պահպանում:

- Կապ եմ պահում «Աթլետիկոյի» բոլոր խաղընկերներիս հետ, նրանք շատ ուրախացան, երբ ես եկա այս թիմ և ինձ աջակցեցին: Դեռ չեմ հասցրել նրանց հետ քննարկել Հայաստանի առաջնությունը և պատմել Երևան քաղաքի մասին, բայց առաջիկայում անպայման կկիսվեմ տպավորություններովս :

 - Կարո՞ղ եք հիշել որևէ հետաքրքիր դրվագ կամ պատմություն, որը եղել է «Ատլետիկոյի» կազմում հանդես գալու ժամանակ:

- Ատլետիկոյի կազմում ամենահիշարժան պահը, որ ապրել եմ, եղել է, երբ Եվրոպայի Լիգայում տոնած հաղթանակից հետո, շրջում էինք քաղաքում բաց ավտոբուսով և երկրպագուներին ցույց էինք տալիս մեր գավաթը: Այդ օրը կհիշեմ ողջ կյանքիս ընթացքում:

 - Ինչպե՞ս է Ձեր խաղի վրա ազդել համագործակցությունը այնպիսի բարձր մասնագետի հետ, ինչպիսին է Դիեգո Սիմեոնեն, կարո՞ղ եք նկարագրել նրա աշխատաոճը:

- Դիեգո Սիմեոնեն ինձ շատ է օգնել: Տարբեր խաղային դրվագներում իր ճիշտ հուշումներով օգնել է զարգանալ, և ես նրան միշտ շնորհակալ կլինեմ: Բայց նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ մարզիչ Օսկար Ֆերնանդեզին, ով «Ատլետիկոյի» մարզիչն էր և ինձ շատ աջակցել է:

 - Ֆուտբոլային աշխարհում ոչ այդքան դրական կարծիք է ստեղծվել Ձեր նախորդ խաղընկեր Դիեգո Կոստայի մասին, իր բուռն և բռնկվող պահվածքի պատճառով: Դուք երկար ժամանակ ճանաչել եք նրան, իրական կյանքում էլ է՞ այնպիսին, ինչպիսին ֆուտբոլային դաշտում ենք տեսնում նրան:

- Դիեգո Կոստան հիանալի անձնավորություն է: Միշտ կատակներ է անում, և հանդերձարանում ուրախ մթնոլորտ է ստեղծում: Նա միշտ ուրախացնում է մարդկանց, սակայն երբ գալիս է պահը և նա հագնում է խաղակոշիկերը, նա կերպարանափոխվում է: Նա ունի հաղթողի բնավորություն, դաշտում միշտ ցանկանում է լինել լավագույնը և հաղթել: Նա այնպիսին չէ, ինչպիսին ներկայացնում են նրան՝ գերազանց անձնավորություն է:

 - Վերջում, ի՞նչ կմաղթեք «Արարատ-Արմենիա» թիմի երկրպագուներին:

- Մեր երկրպագուներին ցանկանում եմ մաղթել համբերություն: Մենք շատ քրտնաջան ենք աշխատում և վստահ եմ, որ այսպես շարունակելու դեպքում բազում ուրախություններ ենք պարգևելու մեր երկրպագուներին և հասնելու ենք այն նպատակին, որը դրել է մեր առջև ակումբը:

Share |

Լրահոս