Ջոկովիչ. Ուրախ եմ, որ կրկին պայքարում եմ առաջին ռակետի կոչման համար

16:29 09.10.2018

Աշխարհի երրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը խոսել է ATP (Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիա) վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականի համար պայքարի մասին.

«Ուրախ եմ, որ կրկին պայքարում եմ առաջին ռակետի կոչման համար: Գուցե 4-5 ամիս առաջ դա շատ անհասանելի նպատակ էր թվում, բայց վերջին արդյունքների շնորհիվ բավականին լավ դիրքում եմ և մրցաշրջանի արդյունքներով կարող եմ լինել առաջինը:

Կարծում եմ՝ յուրաքանչյուր թենիսիստի համար սա կարևոր նպատակներից մեկն է»,- սերբ թենիսիստի խոսքը մեջբերել է ATP պաշտոնական կայքը:

Ջոկովիչը նաև խոսել է Շանհայի մրցաշարի երկրորդ շրջանում իր մրցակցի՝ ֆրանսիացի Ժերեմի Շարդիի մասին.

«Ժերեմին հիանալի տղա է: Մենք լավ հարաբերություններ ունենք: Կարծում եմ՝ մեր վերջին հանդիպումների ժամանակ ինձ հաջողվել է չեզոքացնել նրա առաջին մատուցումը, իսկ երկրորդի ժամանակ առավելություն ստանալ:

Շարդիի հետ խաղերում փորձում եմ նրան ստիպել հնարավորինս շատ տեղաշարժվել կորտում, քանի որ այդ տեսանկյունից նա այնքան էլ ուժեղ չէ: Առաջիկա խաղում կփորձեմ լավ հանդես գալ մարտավարության տեսանկյունից»,- ասել է Ջոկովիչը:

Share |

Լրահոս